Մատչելիության հղումներ

Թերեզա Մեյն առաջարկում է արտահերթ ընտրություններ


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ անհրաժեշտ է անցկացնել արտահերթ ընտրություններ: Լոնդոն, 18 ապրիլի, 2017թ.
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ անհրաժեշտ է անցկացնել արտահերթ ընտրություններ: Լոնդոն, 18 ապրիլի, 2017թ.

Վերլուծաբանների համոզմամբ, վարչապետը օգտվում է ընդդիմության ներկայիս թուլությունից:

«Քաղաքական կուսակցությունները խաղեր են խաղում»

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը այսօր հանդես է եկել շատերի համար անսպասելի հայտարարությամբ՝ ասելով, որ անհրաժեշտ է հունիսի 8-ին անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Նրա խոսքով՝ «Բրեքզիթից» հետո երկիրն ունի կայունության և հստակության կարիք:

Մեծ Բրիտանիայի հիմնական ընդդիմադիր կուսակցությունը՝ լեյբորիստները, ողջունել են նախաձեռնությունը: Թերեզա Մեյն ասել է, թե «քաղաքական կուսակցությունները խաղեր են խաղում, ինչը խոչընդոտում է Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համակարգված և բնականոն գործընթացը․ - «Ես տակավին վերջերս և մեծ վերապահումներով եմ հանգել այս եզրակացությանը: Ստանձնելով վարչապետի պաշտոնը, ես ինքս եմ ասել, որ մինչև 2020 թվականին նախատեսված հերթական ընտրությունները, պետք չէ անցկացնել արտահերթ ընտրություններ»:

«Բայց հիմա գիտակցում եմ, որ առաջիկա տարիներին կայունության միակ երաշխիքը կլինի արտահերթ ընտրությունը: Ձեզ կոչ եմ անում աջակցել ինձ: Ուստի վաղը ես օրինագիծը կուղարկեմ (խորհրդարանի ստորին պալատ) Համանյքների պալատ՝ առաջարկելով արտահերթ ընտրություններն անցկացնել հունիսի 8-ին», - պարզաբանել է վարչապետը:

Առաջարկն օրենքի ուժ կստանա, եթե խորհրդարանում արտահերթ ընտրությունների գաղափարին կողմ լինի պատգամավորների երկու երրորդը: Հաշվի առնելով լեյբորիստների դիրքորոշումը՝ կարելի է ենթադրել, որ վաղը վարչապետի նախաձեռնությունը հավանություն կստանա, և առաջարկը կընդունվի:

«Այս պահին խորհրդարանին անհրաժեշտ է միասնություն»

Մեյի փոխանցմամբ, այս պահին խորհրդարանին անհրաժեշտ է միասնություն, մինչդեռ առկա է պառակտում․ - «Երկիրը միասնական է, իսկ Վեստմինստերը [խորհրդարանը]՝ ոչ»:

«Լեյբորիստները սպառնում են մերժել Եվրամիության հետ Բրիտանիայի վերջնական համաձայնությունը, լիբերալ-դեմոկրատները սպառնում են կաթվածահար անել կառավարության աշխատանքը: Շոտլանդիայի ազգային կուսակցությունը ասում է, թե դեմ է Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալուն, իսկ Լորդերի պալատի [խորհրդարանի վերին պալատի] չընտրված անդամները սպառնում են ամեն պահին պայքարել մեր դեմ», - ասել է Մեյը:

Նրա համոզմամբ, ստեղծված պայմաններում լավագույն ելքը արհահերթ ընտրությունն է:

Վերլուծաբանները համոզված են, որ Մեյի նպատակն է հաղթել և ավելի հզոր մանդատով ստանձնել վարչապետի պաշտոնն ու առաջ տանել Եվրամիության կազմից երկրի դուրս գալու գործընթացը:

Մեյը ենթադրում է, որ արտահետթ ընտրությունների արդյունքում իր ղեկավարած պահպանողական կուսակցությունից ավելի մեծ թվով պատգամավորներ կանցնեն խորհրդարան:

Ընդդիմադիր լեյբորիստների ղեկավար Ջերեմի Քորբինն այսօր ասել է, որ արտահերթ ընտրությունները կընձեռեն «մեծամասնության կարծիքն արտահայտող կառավարություն կազմելու հնարավորություն»:

Նոր ընտրությունները կվճռեն Շոտլանդիայի ապագան

Լոնդոնի առջև ծառացած մեկ այլ լուրջ խնդիր է Շոտլանդիայի դիրքորոշումը: Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթարգենի առաջնորդած Շոտլանդական ազգային կուսակցությունը առաջարկել է անցկացնել անկախության երկրորդ հանրաքվեն այն բանից հետո, երբ բրիտանացիները քվեարկությամբ որոշեցին լքել Եվրամիությունը:

Շոտլանդացի ընտրողների գերիշխող մեծամասնությունը Եվրամիության կազմում մնալու կողմնակիցներ էին:

«Արտահերթ ընտրությունները պետք է վճռեն Շոտլանդիայի ապագան»,- ասել է առաջին նախարար Նիկոլա Սթարջենը:

Խելամիտ քայլ է, բայց արդյո՞ք կլուծի երկրի հարցերը

Այսօր Լոնդոնում YouGov հետազոտական կենտրոնն անցկացրել է կայծակնային հարցում, որի արդյունքների համաձայն, լոնդոնցիները Մեյի անսպասելի առաջարկը որակել են «բավական խելամիտ և խորաթափանց», բայց համոզված չեն, որ դա կօգնի լուծել երկրի առջև ծառացած բոլոր հարցերը:

Մեջբերեմ լոնդոնցիների երկու իրարամերժ կարծիք:

«Իհարկե, խելացի քայլ է, չէ՞ որ հիմա Թերեզա Մեյն ավելի բարձր վարկանիշ ունի: Ինչպե՞ս չօտգվել այդ հանգամանքից», - ասել է հարցվածներից մեկը:

«Շատ տգեղ որոշում է, նա [Մեյը] գիտի, որ հիմա ընդդիմությունը թույլ է, սա երկրի համար լավ չէ», - ասել է մեկ ուրիշ լոնդոնցի:

Ենթադրվում է, որ այսօրվա դրությամբ Մեյին կաջակցի ընտրողների մոտ 50 տոկոսը, մինչդեռ, լեյբորիստների լիդեր Քորբինը կստանա քվեների ընդամենը 14 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG