Վրաստանի արտգործնախարարության հայտարարությունում նշված է. «Վրաստանի պետական սահմանների խախտմամբ Ռուսաստանի արտգործնախարարի ժամանումը Աբխազիայի շրջան և Սուխումիում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության նոր շենքի անօրինական բացումը խախտում է Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում: Խախտվում են նաև միջազգային իրավունքի այլ հիմնարար նորմերը հարգելու սկզբունքները»:
Վրաստանի արտգործնախարարությունը նշում է, որ նման գործողությունը հանդիսանում է Վրաստանի դեմ Մոսկվայի «սադրիչ» քաղաքականության շարունակությունը և նպատակ է հետապնդում օրինականացնել ինքիշխան պետության սահմաններն ուժով վերաձևելը: «Նման անօրինական գործողություններով Ռուսաստանն անարդյուք փորձում է լեգիտիմացնել օկուպացիոն ռեժիմը»,- հայտարարում է Վրաստանի արտգործնախարարությունը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին իր հերթին հայտարարել է՝արտասահմանյան երկրի ներկայացուցչի այցը Վրաստան և երկրի տարծքում ցանկացած ներկայացուցչության գործունեությունը հնարավոր է միայն Վրաստանի իշխանության համաձայնության պարագայում, «հակառակ դեպքում նման գործողությունը Վրաստանի օրենսդրության և միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»: Մարգվելաշվիլին միջազգային հանրությանը կոչ է արել խստորեն դատապարտել Ռուսաստանի «այսպես կոչված արտոնյալ շահերի քաղաքականությունը» և «Վրաստանի ինքիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ հերթական ոտնձգությունը»:
Վրաստանի նախագահը, միաժամանակ, կառուցողական երկխոսության կոչ է արել, հայտնելով Թբիլիսիի պատրաստակամությունը՝ դիվանագիտական հարթությունում Ռուսաստանի հետ քննարկելու բոլոր հարցերը: Մարգվելաշվիլին ընդգծել է՝ ծայրահեղ մտահոգիչ է, որ «իրավիճակի կայունացմանն ուղղված՝ Թբիլիսիի քայլերին Ռուսաստանը պատասխանում է Վրաստանի ինքիշխանության և տարածքային ամբողջականության դեմ հերթական գործողությամբ, ինչն էլ ավելի է լարում առկա իրավիճակը»:
Լավրովի այցի նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե տարածաշրջանի բարդ իրվիճակը հրատապ է դարձնում համագործակցությունն անվտանգության ոլորտում: «Վրաստանը շարունակում է հավակնություն ցուցաբերել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքների հանդեպ, հրաժարվում է նրանց հետ համաձայնեցնել ուժի չկիրառման հարցերը և համառորեն ձգտում է դեպի ՆԱՏՕ»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը, նշելով, որ երկկողմ համաձայնագրերին համապատասխան՝ Աբխազիայի տարածքում ռուսական ռազմակայան է տեղակայվել, իսկ ռուս սահմանապահներն օժանդակում են Վրաստանի հետ Աբխազիայի սահմանի պաշտպանությանը:
Ռուսաստանի հետ բանակցություններում վրացական կողմի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն լրագրողների հետ զրույցում այսօր հիշեցրել է, որ Լավրովը նման այցեր է կատարել Աբխազիա նաև 2008, 2009 և 2011 թվականներին: «Վերջին շրջանում Ռուսաստանը ապակառուցողական այլ քայլեր էլ է կատարել Վրաստանի նկատմամբ, այդ ամենը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»,- ասել է վրաց բանագնացը, իր հերթին ընդգծելով որ Լավրովի այցն Աբխազիա «կոպիտ ոտնձգություն է Վրաստանի ինքիշխանության դեմ»:
Ռուս-վրացական 2008 թվականի կարճատև պատերազմից հետո Մոսկվան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Միջազգային հանրությունը և Վրաստանը մերժում են այդ ճանաչումը՝ նշված շրջանները համարելով Վրաստանի տարածքի անբաժան մաս: