Մատչելիության հղումներ

Մշակույթի նախարարը վերահաստատում է օպերայում ռեստորան բացելու իր մտադրությունը


Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր վերահաստատեց Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում ռեստորան բացելու մտադրությունը: Այդ մասին նախարարի հայտարարությունը, հիշեցնենք, բավական թեժ քննարկում էր հարուցել մամուլում ու սոցիալական ցանցերում:

«Որևէ կերպ մեր մտադրությունները չի կարող փոխվել: Ես պարզապես պետք է կոչ անեմ, որպեսզի մեր հասարակությունը իր մտայնությունը փոխի, թե ինչպես կարելի է վերաբերել և՛ ռեստորանին, և՛ այն ենթակառուցվածքներին, որոնք մենք նախաձեռնում ենք ստեղծել և կառուցել օպերային թատրոնում», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտարարեց Մշակույթի նախարարը: - «Պետք է վերատեսության ենթարկել ռեստորան հասկացությունը մեր մտայնության մեջ: Չի կարելի անպայման կապել այն ուտեստների հետ, ինչը բարձրաձայնում են սոցիալական ցանցերում: Ես հասկանում եմ, որ մարդիկ ինչ տեսել են, նա են երևակայում: Բայց մենք ուզում ենք նոր մշակույթ բերել նաև, այն մշակույթը, որը մեր իրականության մեջ դեռևս չկա, բայց մեր ժողովրդին, մեր հասարակությանը շատ կարևոր է և պետք է»:

Նշելով, որ նման ռեստորաններ կան, օրինակ, Սիդնեյի օպերայում, Փարիզի «Գրանդ- օպերայում», Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում՝ Ամիրյանը հարց հնչեցրեց․ - «Մեր հասարակությունն արժանի չէ՞ նման միջավայր ունենալուն»:

Գաղտնիք չէ, որ օպերային թատրոն պահելը թանկ հաճույք է, և օրերս «Ազատության» հետ զրույցում այս խնդրին անդրադառնալով՝ Երևանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը համոզմունք էր հայտնել, որ օպերային թատրոնում բարձրակարգ ռեստորան կամ սրճարան բացելու մտադրությունը կապված է թատրոնների պետական սուբսիդավորման նվազեցման հետ:

Պատասխանելով «Ազատության» հարցին` նախարարն այսօր հերքեց, թե այս տարի թատրոնների համար կրճատումներ են նախատեսված, և հավելեց․ - «Նման ծրագրերը ոչ թե միտված են, որպեսզի մենք ռեստորանով կամ այլ հարակից կառույցներով կարողանանք դրամ վաստակել, այլ ստեղծենք այն մթնոլորտը, որ հանդիսատեսը գնա ներկայացում դիտելու: Մենք պետք է ներկայացումներով կարողանանք դրամ վաստակել»:

Արձագանքելով Ռուբեն Բաբայանի առաջարկությանը, թե կարելի է, հետևելով աշխարհի բազմաթիվ այլ քաղաքների օրինակին, օպերային թատրոնի մոտակայքում գնտվող կայանատեղիից, սրճարաններից ու ռեստորաններից գանձվող հարկերը փոխանցել թատրոնին՝ Արմեն Ամիրյանն ասաց․ - «Վատ առաջարկ չէ: Բայց խոսքը չի վերաբերում նրան, որ մենք թերֆինանսավորում ունենք թատերական օջախներում: Բոլոր թատերական և համերգային կոլեկտիվները ֆինանսավորվում են այնպես, ֆինանսավորվել են, շատերը՝ է՛լ ավելիով»:

Օպերային թատրոնում այս տարի ոչ միայն նոր ներկայացումներ են բեմադրվելու, այլև, նախարարի փոխանցմամբ, թատրոնը կունենա նոր՝ ժամանակակից սարքավորումներով ապահովվող դեկորացիաներ․ - «Օպերային թատրոնը այս տարվա ընթացքում արդեն վիրտուալ իրականության դեկորացիաներով է հանդես գալու: Սա շատ լուրջ ձեռքբերում է․ ծանր, մեծ, թանկարժեք դեկորացիաների փոխարեն մենք ունենալու ենք վիրտուալ դեկորացիաներ: Հավատացեք, աշխարհի շատ առաջատար օպերային թատրոններում չկա նման հնարավորություն»:

Նախարարն այսօր անդրադարձավ նաև մեկ այլ ուշագրավ խնդրի՝ Արենիի քարանձավները մասնավոր անձանց կամ կազմակերպություններին օգտագործման հանձնելու հարցին, որը խիստ մտահոգել է քարանձավագետներին:

Մի քանի օր առաջ Քարանձավագիտության ասոցիացիայի նախագահ Սամվել Շահինյանը մտահոգություն էր հայտնել, որ այն մեծահարուստները, ովքեր կհաղթեն նախարարության հայտարարած մրցույթի արդյունքում, ավելի շատ կզբաղվեն քարանձավների շրջակա տարածքներում ռեստորաններ կառուցելով, քան քարանձավների պահպանությամբ, իսկ իրենք՝ գիտնականները, չեն կարող մասնակցել հայտարարված մրցույթին, որովհետև մրցույթին մասնակցելու համար վերջին 3 տարում առնվազն 3 մլն դոլար պիտի ունենալ բանկային հաշվեկշռում:

Այս առնչությամբ Արմեն Ամիրյանն ասաց․ - «Այսօր մեր քարանձավներում, որոնք բարձիթողի վիճակում են, մենք արձանագրել ենք տուրիզմի դեպքեր, որ գումար են մարդիկ վերցնում, որպեսզի զբոսարջիկները ներս մտնեն: Ո՞վ է վերահսկում դա: Ոչ մեկը, չկա վերահսկողություն: Ունենալով ճիշտ պայմանագրեր, հստակ պայմանավորվածություններ՝ մենք կկարողանանք և՛ վերահսկել, և՛ ապահովել հետագա պեղումների գիտական աշխատանքը այդ քարանձավներում, և՛ այդ քարանձավների նշանակությունը բավարար հանրահռչակել աշխարհով մեկ: Որոշ մարդիկ, չեմ ուզում հիմա անուններ բարձրաձայնել, դրամ են վաստակում դրա վրա, տոմս են վաճառում, ուղղակի ապօրինի տոմս են վաճառում: Եվ ո՞ւր են գնում այդ գումարները․․․ այդ քարանձավները սպասարկելո՞ւ համար, այդ քարանձավները պահպանելո՞ւ համար: Ո՛չ: Խոսքը գնում է նրա մասին, որ մենք պետք է կանոնակարգենք այս դաշտը: Այսօր կան քարանձավներ, կա զբոսաշրջություն, կա դրամաշրջանառություն, թողնենք ապօրինի դրամաշրջանառությո՞ւն լինի: Կարծում եմ, որ ոչ: Պետք է դա կանոնակարգել, և մրցույթը միտված է հենց դրան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG