«Մենք 100 տոկոսով Ճապոնիայի հետ ենք»
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի հետ զրույցում հայտարարել է, թե Վաշինգտոնը միանշանակորեն սատարում է Տոկիոյին: «Մենք 100 տոկոսով Ճապոնիայի հետ ենք»,- հավաստիացրել է Փենսը:
Աբեն, իր հերթին, ասել է, որ տարածաշրջանում Հյուսիսային Կորեայի սադրիչ քայլերը սրել են իրավիճակը: Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ճապոնիան վերահաստատել են համատեղ պաշտպանության ռազմավարական հայեցակարգը և Հյուսիսային Կորեայի ագրեսիվ գործողություններին դիմագրավելու վճռականությունը:
«Երկխոսությունը հանուն երկխոսության անիմաստ է»
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը և փոխվարչապետ Տարո Ասոն այս մասին հայտնել են համատեղ ասուլիսում: «Հարկ է գտնել խնդրի դիվանագիտական և խաղաղ լուծում, բայց երկխոսությունը հանուն երկխոսության անիմաստ է, պետք է նաև ուժ ցուցադրել»,- անդրադառնալով հյուսիսկորեական խնդրին, ասել է փոխվարչապետը: Ավելի վաղ երկու պաշտոնյաները քննարկել էին տարածաշրջանում ստեղծված ճգնաժամը:
«Բոլոր տարբերակները սեղանի վրա են և կմնան ուժի մեջ: Բայց նախագահ Դոնալդ Թրամփը, ես և մեր վարչակազմը համոզված ենք, որ միայն մեկ ընտանիք հանդիսացող երկրների համատեղ ջանքերով է հնարավոր Հյուսիային Կորեային մեկուսացնել ու ստիպել առհավետ հրաժարվել միջուկային զենքի և միջմայրացամաքային հրթիռների ծրագրերից»,- ասել է փոխնախագահ Փենսը:
«Շատ կարևոր է Հարավչինական ծովի, Կորեական թերակղզու և Ճապոնական ծովի տարածաշրջաններին սպառնացող վտանգների հարցում տեղեկատվության փոխանակումը»,- իր հերթին ասել է փոխվարչապետ Ասոն:
Մայք Փենսը իր տիկնոջ՝ Քարենի և երկու դստրերի՝ Շարլոթի ու Օդրիի հետ է ուղևորվել Ասիայի տարածաշրջան: Փենսը Տոկիոյում այցելել է նաև Սոնսե-Ջի բուդդայական վանք: Նա Ճապոնիա է ժամանել Հարավային Կորեայից, որտեղ այցելել էր Հյուսիսային և Հարավային Կորեայի սահմանագիծ: Փենսը հայտարարել է, որ ամերիկա-ճապոնական դաշինքն այդ տարածաշրջանի անվտանգության անկյունաքարն է:
Մինչդեռ Հյուսիսային Կորեան զորահանդեսներով նշել է կոմունիստական պետության հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 105-ամյակը: Զորահանդեսն ընդունել է նրա թոռը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը:
«Ջախջախիչ հակահարված բոլոր կապիտալիստներին»
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ «ջախջախիչ հակահարված կտա Ամերիկային և աշխարհի բոլոր կապիտալիստներին»:
«Եթե Միացյալ Նահանգները համարձակվի դիմել ռազմական գործողության, Հյուսիային Կորեան կպատասխանի ամբողջ ուժով: Այսօրվա մտահոգիչ կացությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ ռազմական կարողությունը հզորացնելու և ինքնապաշտպանության համար կանխարգելիչ միջուկային գրոհ նախաձեռնելու՝ Հյուսիսային Կորեայի դիրքորոշումը միանշանակ արդարացի է»,- ասել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպան Կիմ Ին Ռյոնգը:
«Ռազմավարական համբերատարության ժամանակն անցել է»
ՄԱԿ-ը Հյուսիսային Կորեային կոչ է արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողություններն իրավիճակը կայունացնելու և ապամիջուկանացման հարցով երկխոսությունը վերականգնելու համար:
Երեկ Փենսն ասել է, որ Հյուսիսային Կորեան պարտավոր է ամենայն լրջությամբ վերլուծել Վաշինգթոնի և միջազգային համայնքի հորդորները և հրաժարվել ագրեսիվ գործողություններից: «Հյուսիսային Կորեային առնչվող հարցերում «ռազմավարական համբերատարության» ժամանակն այլևս անցել է»,- ասել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը: