Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով Ռուսաստանին դադարեցնել սադրիչ գործելաոճը և հարգել ինքնիշխան պետության տարածքային ամբողջականությունը:
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի դիվանագիտական գերատեսչության հայտարարությունում մասնավորապես ասված է․ - «Վրաստանի պետական սահմանի խախտմամբ Ռուսաստանի արտգործնախարարի ժամանումը Աբխազական շրջան ու Սուխումիում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության ապօրինի բացումը կոպտորեն խախտում է Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի սկզբունքը: Նման քայլերը Վրաստանի դեմ Մոսկվայի սադրիչ քաղաքականության շարունակությունն են: Այդպիսի ապօրինի քայլերով Ռուսաստանը փորձում է լեգիտիմացնել բռնազավթիչ ռեժիմը»:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 18-19-ը պլանավորում է աշխատանքային այց կատարել Աբխազիա՝ տեղի իշխանությունների հետ քննարկելու երկկողմ հարաբերությունները և «Աբխազիայի միջազգային դիրքերի ամրապնդումը»: