Մատչելիության հղումներ

Թրամփի նկատմամբ ռուսաստանցիների վերաբերմունքը փոխվում է․ հարցում


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Ռուսաստանցիները փոխում են իրենց վերաբերմունքը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ այն բանից հետո, երբ Պենտագոնը հրթիռակոծեց Ռուսաստանի աջակցությունը վայելող սիրիական կառավարության ռազմաբազան։

Վերջին մեկ ամսվա ընթացքում Սպիտակ տան ղեկավարի հասցեին բացասական արտահայտվող ռուսաստանցիների թիվը 7 տոկոսից հասել է 39-ի, իսկ դրական կարծիքը 38 տոկոսից նվազել է մինչև 13 տոկոս։ Այս մասին են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի կողմից ապրիլի 11-12-ը 1200 ռուսաստանցու շրջանում անցկացված հարցման արդյունքները։

Թրամփի հաղթանակին մեծ ոգևորությամբ արձագանքած Ռուսաստանում այժմ 31 տոկոսն է վստահում ամերիկացի առաջնորդին, 19 տոկոսը հիասթափված է, իսկ 29 տոկոսը՝ անտարբեր։

Ռուսաստանի քաղաքացիների կարծիքով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում ռուս - ամերիկյան հարաբերությունները վատթարացել են։ Հարցվածների մեծամասնությունը բացասական գնահատականներ է տվել, 42 տոկոսը երկու երկրների հարաբերությունները լարված է համարում, 28 տոկոսը՝ սառը, 12 տոկոսը՝ թշնամական։

Զինված բախումներ Ռուսաստանի և ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի հետ մեծամասնությունը՝ 63 տոկոսը, առաջվա պես անհնար է համարում կամ շատ քիչ հավանական, սակայն այն մարդկանց թիվը, ովքեր կարծում են որ պատերազմը հնարավոր է կամ արդեն ընթանում է, հասել է 30 տոկոսի։

Մինչդեռ ընդամենը մի քանի ամիս առաջ Դոնալդ Թրամփը Ռուսաստանում աննախադեպ ժողովրդականություն էր վայելում։ Ինչպես նկատում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի մեկնաբան Լև Շլոսբերգը, Ռուսաստանում «թրամփամանիան» այնքան մեծ մասշտաբների հասավ, որ ռուսաստանյան քարոզչական արդյունաբերության առաջնորդները հրապարակայնորեն մրցում էին իրար հետ Թրամփին սիրո խոստովանություն անելու մեջ։ Ռուսաստանյան անկախ մամուլը սկսեց օգտագործել «թրամփապրեսա» տերմինը։ Ռուսաստանցի փորձագետների ուսումնասիրության համաձայն՝ Թրամփի անունը միայն 2017 թվականի հունվարին ռուսական մամուլում հիշատակվել է ավելի քան 202 հազար անգամ, այն դեպքում, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը՝ ընդամենը 147.7 հազար անգամ։

Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածուի հաղթանակից ոգևորված ռուսաստանցիները, սակայն, հուսախաբ եղան հատկապես այն բանից հետո, երբ Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը հայտարարեց, որ նախագահ Թրամփն ակնկալում է Ղրիմի վերադարձը Ուկրաինայի կազմ և այդ երկրի արևելքում իրավիճակի հանդարտեցում, և որ մինչև այդ ամենը տեղի չունենա, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն չեղարկվի։

Միացյալ Նահանգների կողմից սիրիական «Շայրաթ» ավիաբազան հրթիռակոծելուց հետո ռուսաստանյան լրատվամիջոցների, մասնավորապես պետական հեռուստաընկերությունների տոնայնությունը կտրուկ փոխվեց։ Ռուսական մեդիան սկսեց սուր քննադատել Սպիտակ տան ղեկավարին։

«Թրամփը շնչելուն հավասար ստում է: Թրամփը վերածվում է Օբամայի, նրա բարեփոխումները դոփում են տեղում, իսկ վարկանիշը սրընթաց գահավիժում է», - պնդում են ռուսաստանյան լրատվամիջոցները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG