Հազարավոր ցուցարարներ Ստամբուլի և Թուրքիայի այլ քաղաքների փողոցներ են դուրս եկել՝ բոյկոտելու հանրաքվեի արդյունքները, որոնց համաձայն՝ նախագահ Ռեջեփ Էրդողանը միանձնյա կառավարման հզոր հնարավորություն է ստանում:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 13 ցուցարար ձերբակալվել է Անթալիայում:
«Գո՛ղ, մարդասպա՛ն Էրդողան» բացականչություններով Ստամբուլի Քադիքյոյ թաղամասում ցուցարարները անցել են Գերագույն ընտրական մարմնի շենքի կողքով: Նրանց բարկացրել է այն հանգամանքը, որ վերջին րոպեներին փոխվել են քվեարկության կանոնները, և ավելի քան մեկ միլիոն առանց դրոշմանիշի քվեաթերթիկ վավեր է ճանաչվել:
Այդ անկանոնությունների մասին բարձրաձայնել են նաև եվրոպական դիտորդներն ու Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը, սակայն Թուրքիայի իշխանությունները պնդում են, թե հանրաքվեն մաքուր է անցել: