Մատչելիության հղումներ

Արագածի մանկապարտեզի փակման պատճառը «ընտրությունների հետ կապ չունի»


Արագած գյուղի մանկապարտեզը

Արմավիրի մարզի Արագած գյուղում խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո փակվել է մանկապարտեզը, անջատվել գյուղի լուսավորությունը։ Գյուղապետ Աշոտ Կամավոսյանը հերքում է մամուլի հրապարակումների այն պնդումները, թե այդ ամենի պատճառը գործող պատգամավոր, հանրապետական Հրանտ Գրիգորյանի չվերընտրվելն է։ Ասում է՝ գյուղացիները հարկերը ժամանակին չեն վճարել։

«Մենք ունենք գույքի պարտք մանկապարտեզի, սննդի պարտք, հոսանքի պարտք, գազօջախի պարտք: Մի խոսքով՝ մարտի 15-ից արդեն բնակչությունը գիտեր, որ մանկապարտեզը չի աշխատում, քանի որ բյուջեն շատ վատ վիճակում ա, չի կատարվել, 18 տոկոս ա եղել: Գումարի պատճառով անջատվել ա: Իսկ ինչ վերաբերում ա հոսանքին, 120 լամպի փոխարեն վառվում էր 11-ը, չունենք, լամպերը վառվել էին, քանի որ 3 տարի ա չէին փոխվել: Հանրապետական կուսակցությանն եմ պաշտպանել, Հանրապետական կուսակցությունն էլ հաղթել ա, ես ինչի՞ համար պետք ա փակեի մանկապարտեզը, Հրանտ Գրիգորյանն ի՞նչ կապ ունի էս մանկապարտեզի հետ կամ լուսերի հետ»,- տարակուսեց գյուղապետը:

Նա հիշեցրեց՝ երբ մանկապարտեզը 2000 թվականի հրդեհվել էր, միայն առաջին տարում 30 միլիոն դրամի վերականգնման աշխատանքներ են կատարվել, և դրա համար «միջնորդել էր» պատգամավոր Հրանտ Գրիգորյանը: Գումարն էլ հատկացվել էր պետբյուջեից:

Կամավոսյանի խոսքով, գյուղացիների պարտքերը կուտակվել են դեռ նախորդ տարվա հուլիսին տեղացած կարկուտի հետևանքով, երբ, ինչպես իրենք են ասում, «բերքը 100 տոկոսով ավերվել էր»։ Կարկուտից տուժած գյուղացիները մինչ այսօր իրենց կրած վնասի փոխհատուցում չեն ստացել։ Գյուղապետի խոսքով՝ Արմավիրի մարզպետարանից իրենց խոստացել էին 7 միլիոն դրամի փոխատուցում, որին դեռ սպասում են՝ «Ոչ մի կոպեկի, հողի հարկն էլ ոնց կա, տենց մնացել ա, չեն տվել»:

Արագածցիները ստիպված սկսել են մարել կուտակված պարտքերը։ Եվ, ինչպես Աշոտ Կամավոսյանն է վստահեցնում, մայիսի 1-ից էլ և՛ մանկապարտեզը կսկի գործել, և՛ լուսավորությունը կվերականգնվի։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ տուժած բնակիչներին, կառավարության որոշմամբ, աջակցություն է տրամադրվել, որպեսզի մարեն ջրի պարտքը: Այլ աջակցություն, ըստ նախարարության տարածքային կառավարման վարչության պետ Արթուր Սողոմոնյանի, առայժմ չի նախատեսվում: «Այդ համայնքից աջակցություն է ստացել 453 հողօգտագործող, ընդհանուր առմամբ 27 մլն 592 հազար դրամի չափով: Այլ որոշում կառավորությունը չի ընդունել»,- ասաց պաշտոնյան:

Հիմնականում հողագործության և արտագնա աշխատանքի հաշվին ապրող այս գյուղի բնակիչները ևս մանկապարտեզի փակումն ընտրությունների հետ չեն կապում։ Ասում են՝ այժմ ամեն ինչ անում են, որ շուտ մարեն պարտքերն ու ապահովեն մանկապարտեզի աշխատանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG