Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ զորավարժություններին մասնակցում են 30 հազար զինծառայող, 250 տանկ և զրահամեքենա, հրթիռա-հրետանային 200 համակարգ, մարտական 25 ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր: Կիրակի օրը մեկնարկած զորավարժությունները շարունակվելու են հինգ օր և ավարտվելու են ապրիլի 21-ին:
Զորավարժություններն անցկացվում են բարդ ռելիեֆային պայմաններում մարտ մղելու սցենարով: Հրթիռային և հրետանային համակարգերը դուրս են բերվել կրակային դիրքեր, ստեղծվում են գրոհային խմբեր, վերատեղակայվում են ստորաբաժանումներն ու հրմանատարային կետերը:
Երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում նշված է, որ լայնածավալ զորավարժությունների նպատակն է՝ ստուգել զորքերի մարտական պատրաստվածությունը, կազմակերպել զինված ուժերի կառավարումն ու փոխգործակցությունը՝ գործողությունները մոտեցնելով մարտական իրավիճակի պայմաններին:
Ռուսական Russia Today հեռուստաընկերությունն օրերս հաղորդում է հեռարձակել ադրբեջանական բանակի մասին, նշելով որ Ադրբեջանի բանակը տարածաշրջանում «ամենահարուստն է»: 90-ականների համեմատ, Ադրբեջանի ռազմական բյուջեն 20 անգամ մեծացել է: 2003 թվականին Ադրբեջանի ռազմական բյուջեն 160 միլիոն դոլար էր, իսկ տասը տարի անց, 2013 թվականին, արդեն 3 միլիարդ 700 միլիոն դոլար:
Ադրբեջանը սպառազինություն է գնում Ռուսաստանից, Թուրքիայից, Իսրայելից, ինչպես նաև օգտագործված մարտական ինքնաթիռներ՝ Ղազախստանից և Ուկրաինայից: Կրեմլին մոտ կանգնած հեռուստաընկերության տվյալներով, Ադրբեջանի բանակն, այսօրվա դրությամբ, ունի 314 տանկ, 1600 զրահամեքենա, 550 հրետանային տարբեր համակարգեր, 70 հազար զինծառայող և 300 հազար պահեստայիններ:
Աշխարհի երկրների զինված ուժերի ուսումնասիրությամբ զբաղվող Global Firepower կայքի 2016 թվականի զեկույցում աշխարհի 126 երկրների շարքում Ադրբեջանը 60-րդ տեղում է, 34 կետով հետ թողնելով Հայաստանին: Հայաստանն իր բանակի հզորության ցուցանիշով այդ զեկույցում զբաղեցնում է 94-րդ հորիզոնականը