Մատչելիության հղումներ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ձայնագրել էր նաև Գյումրիի 3 դպրոցի տնօրենների: Նրանցից մեկը՝ թիվ 3 ավագ դպրոցի տնօրեն Կարեն Դարբինյանը Դանիել Իոաննիսյանին դատի տված 30 տնօրենների թվում է:

Գյումրիի թիվ 37 դպրոցի տնօրենին առնչվող նյութերով քրեական գործ չի հարուցվի, նախապատրաստաված նյութերն ուսումնասիրելուց հետո դատախազությունը քրգործի հիմքեր չի գտել: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

«Հրապարակումը մեր կողմից ուսումնասիրվել է, ուղարկվել է ոստիկանության համապատասխան բաժին, նախապատրաստվել են նյութեր, որոնցում որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել կոնկրետ անձի արարքում հանցագործության հատկանիշների վերաբերյալ: Նյութերի հիման վրա մենք տվել ենք անհրաժեշտ իրավական գնահատական այն առումով, որ անձի արարքում բացակայում են հանցագործության հատկանիշները: Որոշում է կայացվել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին»,- ասաց դատախազը:

Գլխավոր դատախազությունը, հիշեցնենք, իշխող Հանրապետականի օգտին քվեարկելու պատրաստ քաղաքացիներին ցուցակագրած 114 տնօրեններից միայն Գյումրիի թիվ 37 դպրոցի տնօրենի դեպքում էր քրեական հանցագործության հատկանիշներ նկատել: 1700 հոգանոց ցուցակ ներկայացրած Աստղիկ Ավետիսյանը «Իրազեկ քաղաքացիների միավորման» հրապարակած ձայնագրությունում պատմել էր, թե ինչ սկզբունքով է հավաքագրել ընտրողներին: «Իրենց [ընտրողների] հետ աշխատում են արդեն մի ամիս, ամեն օր, ամենավերջի ձևով վախեցնելով»,- մասնավորապես, ասել էր տնօրենը:

Մինչդեռ, նախաքննության ընթացքում «պարզվել է», որ «ամենավերջին ձևով վախեցնելու» մասին խոստովանած տնօրենը ոչ թե սպառնացել է, այլ նեղացել: «Խոսքը գնում էր վախեցնելու մասին, բայց էդ վախեցնելու հանգամանքը նյութերի նախապատրաստման ընթացքում որևէ ձևով չի հիմնավորվել, անձամբ ես էլ եմ լսել էդ ձայնագրությունը, ուրեմն ասեմ՝ ինքը, կոնկրետ անձը մեկնաբանել է հետևյալ կերպ, որ վախեցնել ասելով, ի նկատի ունեմ, որ ասել եմ՝ կընտրեք, եթե չէ, ես ձեզանից կնեղանամ»,- պարզաբանեց դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Հարցին՝ 1700 ցուցակագրվածներից քանի՞սն են հարցաքննվել, դատախազն արձագանքեց․ «Բազմաթիվ անձինք, որոնք նույնպես հերքել են տնօրենի կողմից իրենց նկատմամբ որևէ սպառնալիք տալու կամ վախեցնելու հանգամանքը»:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ձայնագրել էր նաև Գյումրիի 3 դպրոցի տնօրենների: Նրանցից մեկը՝ թիվ 3 ավագ դպրոցի տնօրեն Կարեն Դարբինյանը Դանիել Իոաննիսյանին դատի տված 30 տնօրենների թվում է: Խորհրդարանական ընտրությունների օրը Շիրակի մարզի դատախազությունը շուրջ 30 ահազանգ է ուսումնասիրել: Մեկ դեպքով հարուցվել է քրեական գործ, կրկնաքվեարկության փաստով: Առաջիկայում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այդ գործը կքննվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG