Մատչելիության հղումներ

Գյումրիի թիվ 38 դպրոցի տնօրենի աթոռի համար կռվում գործը հասավ «դիվան բաշուն»


Քաղաքապետարանի շենքը Գյումրիում, արխիվ
Քաղաքապետարանի շենքը Գյումրիում, արխիվ

Գյումրիի թիվ 38 դպրոցի տնօրենի աթոռի շուրջ կռիվը շարունակվում է, և գործը հասել է «դիվան բաշուն»:

Դպրոցի նախկին տնօրեն Գոհար Շահբազյանը դիմել է դատախազություն՝ հայտարարելով, թե Շիրակի մարզպետի օգնական Արմեն Պետրոսյանը իրենից 6 միլիոն դրամ գումար է պահանջել տնօրենի պաշտոնում վերանշանակելու համար: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

«Անձը հաղորդում է տվել, որ իրեն տնօրենի պաշտոնում վերանշանակելու կապակցությամբ գումար է պահանջվել: Մենք դիմումը ուղարկել ենք ոստիկանության բաժին, որտեղ հրավիրվել է տվյալ անձը, և միաժամանակ նախազգուշացվելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին՝ նույնաբովանդակ հաղորդում տվել: Նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այսքանը կարող եմ ասել», - «Ազատության» հետ զրույցում փոխանցեց Գաբրիելյանը՝ վստահեցնելով․ - «Մենք համապատասխան ապացույցների առկայության դեպքում, համապատասխան ապացույցների զանգված ձեռք բերելու դեպքում կոնկրետ իրավական գնահատական կտանք անձանց արարքներում հանցագործության հատկանիշների առկայության կամ բացակայության մասին: Ապացույցը հենց էդ է նշանակում, որ այն փաստական տվյալներն են, որոնց հիման վրա վարույթն իրականացնող մարմինը որոշում է անձի արարքում հանցագործության առկայությունը կամ բացակայությունը»:

Հարցին՝ կաշառքի պահանջի կամ տալու հանգամանքի փաստացի ապացույց կա՞ արդյոք, Շիրակի մարզի դատախազն արձագանքեց․ - «Հիմա, ես ասացի՝ կկատարվեն անհրաժեշտ բոլոր քննչական և այլ դատավարական գործողությունները, որոնց արդյունքում ձեռք կբերվեն ապացույցներ, և մենք ապացույցները գնահատելով՝ անհրաժեշտ իրավական եզրահանգման կգանք»:

Կարեն Գաբրիելյանը, ելնելով նախաքննությունից, այլ մանրամասներ չներկայացրեց:

Դատախազություն հայտարարություն ներկայացրած նախկին տնօրեն Գոհար Շահբազյանը ևս ընթացող նախաքննությունը մատնացույց անելով՝ չցանկացավ այլ մանրամասներ ներկայացնել, ասելով, թե իր դիմումում ամեն ինչ հանգամանալից ներկայացված է։

Շիրակի մարզպետի օգնական Արմեն Պետրոսյանը, իր հերթին, դատախազություն ներկայացրած բողոքով Գոհար Շահբազյանին մեղադրել է սուտ մատնության համար:

Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, ով իրավասու է դպրոցի տնօրեն նշանակել կամ չնշանակելու հարցում, ասում է՝ հետամուտ են լինելու դատախազություն սուտ մատնության վերաբերյալ ներկայացված բողոքին: «Քանի որ մեղադրել է իմ օգնականին էս ամենի մեջ, իմ օգնականը իրոք դատախազություն դիմում է ներկայացրել սուտ մատնության հետ կապված, ու հաստատ վստահ եղեք, և էդ կինն էլ՝ թող ինքն էլ վստահ լինի, որ այս դիմումը, որը ներկայացված է իմ օգնականի կողմից դատախազություն, մինչև վերջ կգնա ու իրա պատասխանը կստանա: Ես ուղղակի հորդորում եմ իրեն՝ ինքը մնա իր չափի մեջ, մարդկանց անվան հետ չխաղա ու մի փոքրիկ տեղ թողնի՝ մի փոքրիկ տեղ, որ կին արարած լինելով՝ վաղը-մյուս օրը չգնա չնստի: Իսկ եթե ինքը շարունակի էս կարգով, էս ձևով, հաստատ, վստա՛հ եղեք, որ մինչև վերջ էս ամբողջը կբացահայտվի՝ սուտ մատնության համար ինքը պատիժ կկրի: Որովհետև չի կարելի էսօր մարդկանց անվան հետ խաղալ, մրոտել մարդկանց», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց մարզպետը:

Թե ինչու Գոհար Շահբազյանին չնշանակեց մրցույթին մասնակցելուց հետո, այլ նախընտրեց մեկ այլ թեկնածուի՝ Հովսեփ Սիմանյանն ասաց․ - «Իհարկե, ես մի գեղեցիկ օր նաև բացատրություն կտամ՝ ես ինչի չեմ նշանակել, պատճառները որոնք են: Ես էդ կնոջն ասում եմ՝ թող ինքը հանդարտվի, հաստատ, վստահ ասում եմ՝ ինքը, լավ չի ավարտվի, ինքը թող հանդարտվի: Իր նկատմամբ որևէ անարդարացի վերաբերմունք չի եղել, որևէ մեկը իր իրավասությունները չի վերազանցել, որևէ մեկը՝ իր նկատմամբ, ուղիղ եմ ասում, իսկ ո՞վ էր ասել, որ սեփականաշնորհված դպրոց կար, որ իրանից դուրս որևէ մեկը իրավունք չուներ լինելու, ո՞վ է ասում: Ինքը դիմել է, չգիտեմ, ինչքան գիտեմ՝ դատարան, որ իմ որոշումը բողոքարկել է, էդ ուրիշ խնդիր է, դա քաղաքացիա-իրավական խնդիր էր․․․»:

Նշենք, որ թիվ 38 դպրոցի ներկայիս տնօրեն Արփինե Նիկողոսյանը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում Դաշնակցության տարածքային թեկնածուներից էր, իսկ Գոհար Շահբազյանը Գյումրիի ավագանու ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածուներից էր: Շահբազյանին տնօրենի պաշտոնում չնշանակելու հարցում, այդուհանդերձ, Շիրակի մարզպետը հորդորեց քաղաքական ենթատեքստ չփնտրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG