Մատչելիության հղումներ

Քարանձավագետներին մտահոգել է մշակույթի նախարարության հայտարարությունը


Հայաստան, Վայոց ձորի մարզ - Արենիի քարանձավի մուտքը, արխիվ
Հայաստան, Վայոց ձորի մարզ - Արենիի քարանձավի մուտքը, արխիվ

Քարանձավագետների միության նախագահ, երկրաբան, ֆիզիկոս Սամվել Շահինյանի խոսքով` Հայաստանում 1200-ից ավելի քարանձավ կա, որոնցից 68-ն արդեն իսկ ոչնչացվել են հինավուրց լեգենդներին հավատացող, գանձ փնտրող անձանց կողմից, որոնց համար ոչ մի նշանակություն չունեն բնության կողմից մեզ ընձեռված հրաշքները, տվյալ դեպքում՝ քարանձավները, որտեղ մարդիկ անհիշելի ժամանակներից են բնակվել և որոնք պատմական, մարդաբանական, կենսաբանական մեծ արժեք են ներկայացնում:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի քարանձավների պահպանության հետ կապված՝ Շահինյանը նաև իր մտահոգությունները ներկայացրեց վերջերս մշակույթի նախարարության այն հայտարարության մասին, որով հնարավորություն է ստեղծվում զբոսաշրջության նպատակով շահագործման հանձնել քարանձավներն ու դրանց շրջակա տարածքը, որը կարող է ենթակառույցների համար հարմար միջավայր լինել: Ասաց, որ բնավ նպատակ չունի մշակույթի նախարարության գործունեության գնահատականը տալու, բայց չի կարող չասել, որ նախևառաջ պետության պարտականությունն է «պատմական և բնական հուշարձանները պահպանել ոչնչացումից»:

«Ուղիղ 9 տարի է՝ մենք պայքարում ենք հասարակ մի բանի համար, որ պետությունը թույլ չտա, այսինքն՝ իրավասու, կառավարման մարմինները թույլ չտան այն ավերածությունները, որը այսօր առկա է և տեսնում ենք: 68 քարանձավներ, որոնք վերջին 20 տարում պարզապես բոլորը ոչնչացան», - նշեց նա:

Սամվել Շահինյանը շեշտում է , որ Հայաստանում հազարամյակների պատմություն ունեցող եզակի քարանձավներ կան, որոնցից չես գտնի ողջ աշխարհում և «որոնք հավաքելով, հատիկ-հատիկ ուսումնասիրելով՝ մենք կարողանում ենք պատկերացում կազմել, թե ինչպիսին ենք եղել 100 հազար, 40 հազար, 20 հազար տարի առաջ»:

«Ամբողջ խնդիրը այն է, որ քարանձավների հետ է կապված եղել նաև մեր լեռնային շրջանների ամբողջ մշակույթը, ամբողջ Զանգեզուրը ապրել է քարանձավներում, Ախուրյանի ամբողջ ձորը քարանձավային բնակավայրեր են եղել, նույն Անի քաղաքի ներքևում 15-հազարանոց քարանձավային քաղաք է, Խնձորեսկը, որը այսօր գնում նայում եք, 15 հազար մարդ է ապրել 30-ական թվականներին մեր՝ 20-րդ դարի․ այնտեղից վերջին քարանձավի բնակիչը դուրս է եկել՝ Խորհրդային Միության հատուկ հրահանգով, պահանջով, 64 թվականին», - ասաց Քարանձավագետների միության նախագահը:

Մեր օրերում, հատկապես վերջին տարիներին ամենաշատը հայտնի դարձան Արենիի քարանձավները, որտեղ հայտնաբերվեցին մարդկության պատմության մեջ ստեղծված հնագույն կոշիկն ու գինեգործական կենցաղային իրեր: Հիմա հենց այդ քարանձավներն ու տարածքները պետությունը նպատակ ունի շահագործման հանձնել անհատ մարդկանց, բայց Սամվել Շահինյանի համոզմամբ՝ դրանք պետք է օգտագործել զբոսաշրջության նպատակով միայն, բայց ոչ՝ շահագործել:

«Հիմա, ինչն է մեր մտահոգությունը: Այս ավերածություններից փրկելու համար մենք դիմեցինք կառավարությանը, նրանք ասեցին՝ «դե, դո՛ւք վերցրեք պահեք», է, մենք ի՞նչ վերցնեինք՝ գիտնականներ ենք, մենք կարող ենք ամեն ինչ վերականգնել, բայց դա բիզնես միջավայր է գնում արդեն: Կազմեցին հանձնաժողով, որը պիտի զբաղվեր դրանով, հանձնաժողովում նաև ընդգրկեցին ինձ և Հնագիտության ինստիտուտից Բորիս Գասպարյանին: Ամբողջ ժամանակ մենք բացատրում էինք, որ սա հուշարձան է, և մոտեցումը այլ պիտի լինի: Զարմանալի բան, որ մշակույթի նախարարությունում անընդհատ պիտի բացատրեինք այդ հանգամանքը», - ասաց Շահինյանը:

Մշակույթի նախարարությունը, նրա խոսքով, «այստեղ ներկայացրել է՝ այս հայտով ներկայացրել է ծրագրի պահանջ, որի նախագիծը պիտի լինի ոչ թե քարանձավների օգտագործում, այլ ստացվելու է շահագործում»: «Տարածքները, որտեղ գտնվում են քարանձավները, բավականին մարդաշատ են՝ այցելուներ շատ կան, դրանք տուրիստական կենտրոններ են, և այսօր շատ ու շատ մարդիկ կան, որոնք այնտեղ ուզում են հանգրվան սարքել, սարքել ռեստորան: Շատ լավ առիթ է՝ կգան քարանձավի էս մրցույթին կմասնակցեն, կասեն, որ բոլոր պայմանները կատարելու են, ինքը կսկսի կառուցել ռեստորանը ամեն ինչ, իսկ քարանձավին ձեռք չի տա՝ պնդելով, որ բնապահպանական խնդիրներ կան, դրանք դեռ պիտի լուծվեն, «մենք բանակցությունների մեջ ենք բնապահպանների հետ», - ընդգծեց գիտնականը:

Մշակույթի նախարարության կազմած փաստաթուղթը քարանձավների օգտագործման վերաբերյալ լուրջ մտահոգությունների տեղիք է տվել, և այս կապակցությամբ Սամվել Շահինյանը նամակ է հղել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին՝ կետ առ կետ ներկայացնելով իր բոլոր մտահոգություններն ու առարկությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG