Մատչելիության հղումներ

Դավթաշենում ծառահատման համար մեղադրվողը մեղքը չի ընդունում


Դավթաշենում հատված ծառերը, Երևան, 10-ը ապրիլի, 2017թ․
Դավթաշենում հատված ծառերը, Երևան, 10-ը ապրիլի, 2017թ․

Դավթաշենում երկու տասնյակից ավելի ծառ հատելու մեջ մեղադրվող Ալեքսանդր Սամսոնյանի փաստաբանը հայտարարում է՝ երկու ամսով կալանավորելու մասին որոշումն անհիմն է, և իրենք այն բողոքարկելու են Վերաքննիչ դատարան։

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ է Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու մասին որոշում կայացրել։ «Ազատության» հետ զրույցում փաստաբան Արմեն Մելքոնյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը մեղքը չի ընդունում և հանցագործություն չի կատարել։ Նաև ասաց՝ ուռճացվել են ծառերի քանակն ու պատճառված վնասի չափը:

«Ինքը հենց բնապահպան է, 10 հազարից ավել ծառ ունի տնկած, որը հսկա անտառ է էսօր: Ծառերը ոչ միայն տնկել է՝ տարածքն ինքն է բարեկարգել, ասֆալտապատումը ինքն է արել, քարերը ինքն է տեղադրել: Հիմի վաղն էլ կասեն՝ էդ իրա արած ասֆալտի վրով քայլել է, կրունկը մի քիչ բան է եղել, վնասել է ասֆալտը՝ դրա մեղադրանքը առաջադրե՞լ», - ասաց Մելքոնյանը:

Փաստաբանը պնդում է, որ «Դելֆին» լողի մանկապատանեկան մարզադպրոցի տարածքին մոտ գտնվող ծառերը Սամսոնյանը սեփական ձեռքերով է տնկել, մշակել, և ինչպես նախորդ անգամ՝ այս անգամ էլ պարզապես խորը էտ է արել, փորձելով ազատել ծառերը միջատներից, ինչպես նաև տձև տեսքից։ Մելքոնյանը վստահեցրեց՝ այդ ծառերը մոտ ժամանակներս կծաղկեն։

«Հանցակազմը առաջանում է, երբ որ էդ ծառերի բնականոն ընթացքը արդեն դադարում է՝ աճը: Ես Ձեզ խոսք եմ տալիս, որ մի 20 օր հետո էդ ծառերը ճյուղ են տալու: Հիմի էդ մարդը խորը էտ է արել», - հայտարարեց Մելքոնյանը՝ շարունակելով․ - «Հիմա գնացե՛ք Երևանի հրապարակ, տեսե՛ք քանի հատ ծառ կա էդպես խորը էտ արված՝ նույն քաղաքապետարանի կողմից»:

Հարցին՝ եթե անգամ նա է տնկել այդ ծառերը, արդյոք իրավունք ունե՞ր սեփական նախաձեռնությամբ էտելու, փաստաբանը պատասխանեց․ - «Դա արդեն՝ խոսքը լավագույն դեպքում գնում է վարչական իրավախախտման մասին: Էստեղ նաև, տեսե՛ք, երկակի ստանդարտ են կիրառել: Երևանի քաղաքապետարանը հաջորդ օրը վարչական վարույթ է հարուցել և վարչական պատասխանատվության է ենթարկել իմ պաշտպանյալին, նույն արարքի համար իմ պաշտպանյալը համ հիմա քրեական պատասխանատվության է ենթարկվում»:

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, մինչդեռ, «Ազատությանը» փոխանցեց՝ այդ ծռերը տնկել է ոչ թե Սամսոնյանը, այլ 25 տարի առաջ շրջանի ղեկավարությունը։ Բաղդասարյանի խոսքով՝ վարչական շրջանն է պատասխանատու դրանց համար․ - «Դրանք վարչական շրջանի կանաչ գոտին է, մշակել է վարչական շրջանի կանաչապատման ՓԲԸ-ն»:

«Ազատության» հարցին՝ «ուղղակի ասում է, որ էլի է ինքը էտել դրանք, իսկապե՞ս ինքն է տնկել այդ ծառերը», վարչական շրջանի ղեկավարը արձագանքեց․ - «Իհարկե ոչ, ինքը կապ չունի: 25 տարվա ծառեր էին դրանք, ի՞նչ կապ ունեն իր հետ»: «Գուցե 25 տարի առաջ ի՞նքն է տնկել, եթե այդպես ասում է», - այս հարցին էլ Բաղդասարյանը հակադարձեց․ - «Ո՛չ, վարչական շրջանը»:

Դավթաշենի ծառերի հատումը նախագահ Սերժ Սարգսյանը բարբարոսություն էր որակել։ Խոսնակի կողմից նախագահի հայտարարությունը տարածելուց հետո իրավապահները քրեական գործ հարուցեցին։ Փաստաբան Արմեն Մելքոնյանը այդ առնչությամբ ասաց․ - «Ես նախագահին էլ չեմ մեղադրում, եթե գային ինձ էլ ասեին, որ ինչ-որ մեկը, ապօրինի, հսկա, երիտասարդ ծառերը հատել է, կասեի՝ տարե՛ք պատժեք օրենքով․ էս է ասել նախագահը: Ասել է՝ եթե արել է՝ բարբարոսություն է: Ուղղակի էն մարդիկ, ովքեր զեկուցել են, էդ նրա՛նք ունեն մեղքի մեծագույն բաժինը: Եթե ճիշտը զեկուցած լինեին, նախագահը իմ պաշտպանյալի հետ ի՞նչ ուներ, որ ասեր՝ տարե՛ք պատժեք: Խաբել, ասել են՝ հսկա ծառերը, չգիտեմ, հատել է, նա էլ ասել է՝ տարե՛ք պատժեք»:

Բնապահպան Լեւոն Գալստյանը, անդրադառնալով աղմուկ բարձրացրած այս ծառահատման դեպքին, որին արձագանքեց անգամ երկրի ղեկավարը, ասաց․ - «Էս դեպքում ուղղակի արձագանքը, գիտե՞ք ինչ կա, երևի ինչ-որ փիառ ինչ-որ բաների շրջանակներում էր, էլի, կամ կարող է առանց իրենց զգուշացնելու էին էս անգամ կտրում, դրա համար իրենք վրդովվել էին, որ իրենց գլխի վրայից էլ էին թռել, էլի, այսպես ասած, ենթադրում եմ»:

Գալստյանը ուշադրություն է հրավիրում ողջ Հայաստանով մեկ կատարվող ծառահատումներին՝ հատկապես անտառներում, ընդգծելով, որ դրանց քիչ մասի դեպքում են մեղավորները ենթարկվում պատասխանատվության․ - «Այսպես ասած՝ սվաղում, լղոզում են՝ գնում է էդ ամեն ինչը: Ինչ են անում հաճախ․ հաճախ իրենք գիտեն՝ իրենց շրջանակները ով են, ովքեր են թույլտվություն տվողները էդ հատումներ անելու, ովքեր են անողները, գրում են ինչ-որ տարբեր մարդկանց վրա, որ իբր թե իրենք էսքան անհատական հատում են կատարել, էս վճարումները, ասենք՝ էդ տուգանքները վճարում են, անցնում գնում է: Հազվադեպ դեպքերում նաև քրեական գործեր են հարուցում, որը որ էլի ձգվում է տարիներով էդ գործերը: Բայց հարցը էստեղ նրանում է, որ ոչ թե մենակ էդ կտրողի հարցն է էստեղ, այլ՝ բոլոր էն մարմինների, որոնք որ պետք է վերահսկողություն իրականացնեն, և նաև բոլոր էն մարմինների, որոնք որ պետք է հայտնաբերեն, թե ի վերջո ինչ ցանց է գործում էդ ծառահատումների ոլորտում»:

Ալեքսանդր Սամսոնյանի մեղքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG