Մատչելիության հղումներ

«Ակնկալիք չկա, որ խորհրդարանի ընտրության ժամանակ լրագրողներին բռնության ենթարկողների նկատմամբ արդար դատավարություն կիրականացվի»,- կարծում է խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Փորձագետը հիշում է 2015-ի հունիսի 23-ի «Էլեկտրիկ Երևանի», 2016-ի հուլիսին Խորենացու ու Սարի թաղի դեպքերը, երբ ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառմամբ ցրեց ցույցն ու բռնություն գործադրեց լրագրողների նկատմամբ։ «Էլեկտրիկ Երևանի» դեպքում մեղադրանք առաջադրվեց ընդամենը 4 ոստիկանի, Սարի թաղի ու Խորենացու դեպքերով դատարանի առջև կանգնեց 7 քաղաքացիական անձ և ոչ մի ոստիկան։

«Այդ փաստը միայն մեզ արդեն հիմք է տալիս ասելու, որ ձեռնարկված քայլերը համարժեք չեն այդ բռնությունների մասշտաբներին», - ասում է Մելիքյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2016 թվականի տարեկան զեկույցի համաձայն, հուլիսյան իրադարձությունների ընթացքում ոստիկանական գործողություններից տուժել է 27 լրագրող և օպերատոր, որոնցից 19-ը ենթարկվել է ֆիզիկական բռնության, ստանալով մարմնական վնասվածքներ, 8-ը բախվել է տարատեսակ այլ ճնշումների ու հետապնդումների։

«Ազատությունը» փորձեց ճշտել ՀՔԾ-ից ճշտել, թե 2015-ի հունիսից մինչ այժմ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերով քանի քրեական գործ է հարուցվել և քանիսն են ուղարկվել դատարան։ Գրավոր հարցմանն ի պատասխան ծառայությունից հորդորեցին տեղեկությունը ինքնուրույն փնտրել Հատուկ քննչականի կայքում՝ ուսումնասիրելով վերջին երկու տարիների հաղորդագրությունները։

«Էլեկտրիկ Երևանի» ցույցը ջրցաններով ցրելու օրը բռնության ենթարկված լրագրող Թեհմինե Ենոքյանը համոզված է՝ իրավապահ մարմինները շահագրգիռ չեն գործը բացահայտել։ Չսպառելով արդարադատության ատյանները երկրում՝ Ենոքյանը դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Գործն ընդունվել է վարույթ։

«Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն ունի այդպիսի ընթացակարգ՝ այստեղի դատական ատյանները չսպառած մարդը կարող է դիմել այնտեղ և փորձել արդարություն գտնել, և այդ առումով պետք է մշտապես ցույց տալ, որ այստեղի քննչական մարմինները, իրավապահ մարմինները որևէ տիպի գործունեություն չեն ծավալում», - ասում է լրագրողը:

Տուժող ճանաչված Ենոքյանի կարծիքով, քննությունը դրանից հետո տեղից շարժվեց․ բռնություն գործադրած ոստիկանի հետ առերեսում տեղի ունեցավ: Թեհմինեն, սակայն, համոզված է՝ դա ձևական գործողություն է՝ եվրոպական կառույցին աչքին անգործունյա չերևալու համար:

«Հատուկ քննչական ծառայության գործելաոճում առկա է գործը դանդաղեցնելու և ըստ էության չենթարկելու միտում», - վստահ է Ենոքյանը:

Քննության ընթացքից է կախված ՄԻԵԴ դիմելու իրենց որոշումը, ասում են ապրիլի 2-ին խորհրդարանի ընտրության ժամանակ խոչընդոտների հանդիպած լրագրողներ Շողիկ Գալստյանն ու Տիրայր Մուրադյանը։ Այս և «Ազատության» լրագրող Սիսակ Գաբրիելյանի վրա հարձակման դեպքով դատախազությունը հարուցել է քրեական գործ, նախաքննությունը հանձնարարվել է Հատուկ քննչական ծառայությանը:

Երեք լրագրողի աշխատանքին էլ խոչընդոտել էին Կոնդում՝ հանրապետական Հակոբ Բեգլարյանի համակիրները։

«Ես ամեն կերպ փորձելու եմ հասնել նրան, որ անձամբ Հակոբ Բեգլարյանը գա և բացատրություն տա այս գործի շրջանակներում, թե արդյոք ինքը չի հրահանգավորել այդ կանանց», - ասում է Մուրադյանը:

ԽԱՊԿ տվյալով ապրիլի 2-ին արձանագրվել է լրագրողի նկատմամբ 2 ֆիզիկական բռնության և աշխատանքի տարատեսակ խոչընդոտման 8 դեպք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG