Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամկետ ազատելու պահանջով դիմումը


Նրա աջակիցների խոսքով, դատարանն այդ վճռով ապացուցեց՝ Հայաստանում դատարանից բարձր ատյան կա:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց խարդախության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու պահանջով դիմումը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմանը հետևեց ներկաների դժգոհությունը, հնչեցին «ամոթ» վանկարկումներ:

2013-ի սեպտեմբերին կալանավորված, 2014-ի ամռանը 6 տարվա ազատազրկման դատապարտված Ավետիսյանը, ըստ նրա փաստաբան Արաքս Մելքոնյանի, վերջին համաներման արդյունքում կարող է ազատ արձակվել մեկ ամսից։ Բայց, Ավետիսյանի՝ օր առաջ ազատության մեջ լինելու ցանկությունն էր նրան դրդել՝ դիմել դատարան։

Մելքոնյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ անկախ այն հանգամանքից, որ մեկ ամսից պահեստազորի գնդապետն ազատ կարձակվի, իրենք անպայման կբողոքարկեն այս որոշումը վերաքննիչ դատարանում։ «Դատարանն ի սկզբանե նիստին եկել էր էն տրամադրավածությամբ․․․ դրական ակնկալիք չկար, որովհետև նախագահող դատավորն ի սկզբանե հայտարարեց՝ ինքը իրավասություն չունի: Ես ստիպված էի իրեն համոզել, որ ինքն ունի նման իրավասություն»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ իրենց համար այս որոշումը սպասելի էր, քանի որ այն կարող էր նախադեպ դառնալ այն բանտարկյալների համար, որոնք վաղաժամկետ ազատ արձակվելու պահանջով կցանկանային դիմել դատարան՝ «Կլիներ առաջինը, եթե դատարանը բավարարեր, նախադեպ կստեղծեր ու բավականին դրական նախադեպ: Բայց չեմ կարծում, որ դատավորը դուրս կգար, այսպես ասած՝ քաղաքական կուրսից»:

Խարդախության և խարդախության փորձի համար դատապարտված Ավետիսյանի որդիները հույս ունեին, որ իրենց հայրն այսօր ազատ կարձակվի։ Հիասթափված էին․ «Ի՞նչ ասես»: Ղարաբաղյան պատերազմի վետերան Վոլոդյա Ավետիսյանին սատարելու եկած նրա ընկերներն էլ զայրացած էին։ Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը պնդեց՝ հրահանգը վերևից էր տրված:

«Փաստորեն այսօրվա վճռով դատարանն ապացուցեց, որ դատարանից բարձր ատյան կա Հայաստանում, դա տվյալ դեպքում էդ, այսպես կոչված, [անկախ] հանձնաժողովն է: Դա ընդամենը խորհրդակցական մի մարմին է, հիմնական փաստաթուղթը դա կալանավայրի ադմինիստրացիայի որոշումն է, երբ այնտեղ հստակ գրվում է, որ մարդը վերադաստիարակման կարիք չունի, կալանովորին կարելի է ազատել»,- ասաց Սարուխանյանը:

Վոլոդյա Ավետիսյանը մի քանի տարի առաջ ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավման պահանջով հանրահավաքային պայքար ծավալելուց հետո խարդախության մեղադրանքով կալանավորվել, ապա դատապարտվել էր։ Նրա խոսքով, այդպիսով իշխանությունները «շինծու քրեական գործ սարքելով» փորձեցին մեկուսացնել իրեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG