Մատչելիության հղումներ

Վարչական դատարանը մերժեց ՕՐՕ դաշինքի բողոքն ընդդեմ ԿԸՀ որոշման


Վարչական դատարանն այսօր մերժեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի բողոքն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման։

Դատավոր Աղասի Դարբինյանը վճռեց, որ դատարանը չի բավարարում դաշինքի պահանջը, որով վերջիններս պնդում էին, թե խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղամասերում հատուկ սարքերով ստացված մատնահետքերը պետք է միավորել մեկ ընդհանուր բազայում, այնուհետև՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելության և դաշինքի մասնագետների անմիջական մասնակցությամբ ստուգել՝ արդյո՞ք կան մատնահետքերի համընկնումներ:

Դատավորը խոսքն ավարտեց շեշտելով՝ վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, ընդգծեց նաև, որ այն բողոքարկման ենթակա չէ։

Նիստը փակվեց, իսկ ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչները շտապեցին հայտարարել՝ Վարչական դատարանի որոշումը դուրս է տրամաբանությունից։

«Եթե կա մարդ, որ իր տրամաբանությունը կհերիքի, որպեսզի մեկնաբանի այս որոշումը, ես ուրախ կլինեմ», - հայտարարեց ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Հրայր Ավանեսյանը:

Ավանեսյանն անհիմն որակեց նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի այն պնդումը, թե ընտրողների մատնահետքերի միասնական բազա ստեղծելու և դրանք իրար հետ համեմատելու համար տարիներ են պետք․ - «Ես պնդում եմ, որ նույնիսկ փորձ չի արվել: Ես պնդում եմ, որ ոչ ոք չի փորձել մեզ ապացուցել: Գիտեք՝ ապացուցողական բազան ընկնում է ԿԸՀ-ի վրա: Դուք զգում եք՝ միայն բանավոր խոսք կա: Մեզ ասում են՝ դուք ապացուցեք: Մենք չունենք այդ տվյալները մեր ձեռքի տակ, որ ցույց տանք»:

ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչների վստահ են՝ ԿԸՀ-ն ամեն կերպ փորձում է խուսափել մատնահետքերի բազան միավորելուց, քանի որ ջրի երես դուրս կգան կրկնաքվեարկության բազմաթիվ դեպքերն ու ընտրողների ուռճացված ցուցակները․ - «ԿԸՀ-ն, պայքարելով ամեն ձևով, որպեսզի չիրականացնի մատնահետքերի համադրումը, փաստացի ստվեր է նետում այս ամբողջ ընտրական ընթացակարգի վրա: Հարց՝ ո՞ւմ են պետք այդ մատնահետքերը, որ վերցնում են, ո՞ւմ էր պետք այդքան ծախսը: Ի՞նչ, «կնոպկի» տեղ է՞ր ծառայում այդ մատնահետքը: Ո՞ւմ աչքին ենք թոզ փչում»:

Թե ինչ քայլ է հետևելու այսօրվա որոշմանը, դաշինքի անդամները չհստակեցրեցին, միայն ասացին՝ դա դեռ պետք է քննարկվի։ Ու թեև դատավորն իր խոսքում նշեց, որ որոշումը բողոքարկման ենթական չէ, հայցվոր կողմը որպես պայքարի նոր հարթակ տեսնում է Սահմանադրական դատարանն ու նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG