Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր գյուղապետը կառավարությունից ակնկալիք չունի և «կռիշի» կարիք էլ չունի


Նոր կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանը
Նոր կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանը

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ գյուղապետը վստահ է՝ ցանկության դեպքում համայնքի բյուջեում կարելի է միջոցներ գտնել՝ գյուղի խնդիրների լուծման համար:

Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի 29-ամյա գյուղապետ Գարիկ Սարգսյանը, ով 6 ամիս առաջ հաղթել էր 17 տարվա հանրապետական գյուղապետին, «Ազատության» հետ զրույցում ասաց՝ առաջին հերթին փորձում է կրճատել անօգուտ հաստիքներն ու «տենդերներն օրինական դաշտ բերել»։ Ընդդիմադիր «Ելք» դաշինքի անդամ գյուղապետը նշում է, որ իր պաշտոնավարումից մեկ տարի առաջ 13 հազար դոլարով ձեռք բերված ծառայողական մեքենան շքեղություն է փոքր գյուղի համար։

«Կարելի էր այդ գումարով ուղղակի լուսավորություն անցկացնել կամ մի ուրիշ երևացող գործ անել, քան ձեռք բերել ծառայողական մեքենա, որը համայնքին, կարելի է ասել՝ զրո օգուտ է բերում»,- ասում է նորընտիր գյուղապետը: Նա փորձել է աճուրդի հանել մեքենան, սակայն, չի վաճառվել։ Այժմ նախատեսում է ավագանու հետ քննարկել ծառայողական մեքենայի ճակատագիրը։

Ընդ որում, թանկարժեք մեքենան վարելու համար գյուղապետարանում վարորդ է աշխատել, որն ամսական 130 հազար դրամ աշխատավարձ է ստացել։ Նոր գյուղապետը որոշել է վարորդի հաստիքն օգտագործել ոչ թե իր, այլ ուսանողական ավտոբուսի համար։ Բարերարների միջոցներով ձեռք բերված միկրոավտոբուսով գյուղի ուսանողներն ամեն օր անվճար մեկնում են Երևան ու հետ գալիս՝ «Եթե մի քիչ ցանկություն ունենաս աշխատելու, դու բյուջեում այդ գումարները կգտնես»:

Մասնագիտությամբ միջազգայնագետ-եվրոպագետ գյուղապետն ասում է, որ աչքի տակ ունի ևս մի քանի «անօգուտ հաստիքներ»։ Մտադիր է պահակների ու հարկահավաքների հաստիքների հաշվին տարեկան մի քանի միլիոն դրամ խնայել: Հարկահավաքը յուրաքանչյուր եռամսյակ ծխախոտի և ալկոհոլի վաճառքի համար նախատեսված տուրքերն է հավաքագրել գյուղում գործող 6 խանութներից։ «Դրա համար պահել մի ամբողջական հաստիք և վարձատրել, ես դրա իմաստը չեմ տեսնում: Ես էլ կարող եմ եռամսյակը մեկ տնից աշխատանքի գալիս անցնել էդ խանութներով ու էդ գումարները բերել մուտքագրել։ Անիմաստ է դրա համար մարդ պահել ու վարձատրել»,- ասում է Գարիկ Սարգսյանը։

Գյուղապետի խոսքով, ընդամենը 60 միլիոն դրամանոց բյուջեում մեծ գումարներ է տնտեսել նաև մրցույթների (տենդեր) հաշվին։ Գյուղի 2 կիլոմետրանոց գլխավոր փողոցը լուսավորելիս շինարարության համար նախատեսված ավելի քան 7 միլիոն դրամի փոխարեն 4 միլիոն է ծախսել։

Վստահեցնում է՝ գումար գրպանելու հնարավորությունից չի օգտվել․ «Եթե ես ինչ-որ մեկի հետ համագործակցության գնացած լինեի, ինչը շատ տարածված է․․․ և էդպես անում են, ինձ մոտ էլ են եկել առաջարկով՝ բեր մենք քեզ 18-20 տոկոսի «ակատը» թոնենք, մենք անենք էդ շինարարությունը: Այսիքն՝ մյուս շինարարներին, ովքեր մասնակցելու էին շինարարությանը, պետք է խնդրեի կամ ասեի՝ ուզում եմ իմ գյուղում այսինչ շինարարը գործ անի: Էդպիսի բան չկա: Ես էդ առաջարկողին սիրուն ճանապարհ դրեցի և ասեցի՝ ով ամենացածր ու որակյալ գործը կանի, նա էլ կշահի: Էդպես էլ եղավ»:

Ընդդիմադիր հայացքներ ունեցող գյուղապետն ասում է՝ դժվար չէ աշխատել իշխանությունների հետ, եթե նրանցից մեծ ակնկալիքներ չունես։ Նոր Կյանքին նոր կյանք բերելու համար հույսն իր ու համագյուղացիների վրա է դնում։ Նաև վստահ է, որ պետական բյուջեի հաշվին իրականացվող ծրագրերն իրենց գյուղ չեն հասնի։ «Ես հույս չեմ կապում էսօրվա կառավարության հետ, որ մեզ մոտ ինչ-որ խոշոր ծրագիր են բերելու, հիմնականում կտանեն էն գյուղերը, որտեղ իրենց մարդիկ են, և թիկունքի, մեջքի, «կռիշի» ոչ մի խնդիր չունեմ»:

Նոր Կյանքում դրական փոփոխությունների հասնելու՝ երիտասարդ գյուղապետի ջանքերը գյուղում գնահատում են, սակայն, նաև նշում, որ գյուղացուն գյուղում պահելու համար դրանք բավարար չեն։ Առաջին հայացքից գյուղը հարուստ է թվում։ Ամեն քայլափոխի նորակառույց, մեծ ու շքեղ տներ են, սակայն, դրանք ոչ թե գյուղատնտեսության, այլ «խոպանի» հաշվին են կառուցվել։ Մոտ 3000 բնակիչ ունեցող գյուղը, հատկապես արտագնա աշխատանքների սեզոնին, կիսով չափ դատարկվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG