Մատչելիության հղումներ

Թուրքիայում կիրակի կայանալիք պատմական հանրաքվեն կարող է երկարաձգել Էրդողանի իշխանությունը ևս 12 տարով


Չնայած իշխանության ակտիվ քարոզարշավին՝ հանրաքվեից ժամեր առաջ դեռ հստակ չէ՝ արդյո՞ք «այո»-ն կհաղթի: Սոցիոլոգիական վերջին հարցումներով, դեմ և կողմ ձայներն այս պահին գրեթե հավասարաչափ են բաշխվում:

Թուրքիայում քարոզարշավի վերջին ժամերն են՝ կիրակի կայանալիք պատմական հանրաքվեից առաջ, որը կարող է արմատապես փոխել երկրի կառավարման համակարգը, իշխանությունը կենտրոնացնելով մեկ մարդու՝ նախագահի ձեռքում:

Ընդ որում, քչերն են կասկածում, որ այդ խիստ ընդարձակ լիազորություններ ունեցող պաշտոնին հավակնելու է գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով էլ հենց նախաձեռնել է սահմանադրական այդ հանրաքվեն: Հաջողության հասնելու դեպքում, նա կարող է այլևս միանձնյա նախարարներ ու երկրի բարձրագույն դատական ատյանի անդամներ նշանակել, լուծարել խորհդարանն ու ընդունել օրենքի ուժ ունեցող որոշումներ:

Փոփոխություններով առաջարկվում է ոչ միայն խորհրդարանականից անցնել նախագահական կառավարման, այլև երկարաձգել նախագահի պաշտոնավարման ժամկետը: Ըստ այդմ, փորձագետների հաշվարկներով, եթե նախագիծն ընդունվի, Էրդողանը կարող է իշխանության ղեկին մնալ ևս 12 տարի՝ մինչև 2029 թվականը:

«Չի կարելի 80 միլիոնանոց երկիրը վստահել մեկ մարդու»,- շաբաթներ շարունակ հայտարարում էր երկրի խոշորագույն ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն: Վերջինս նաև ասում է․ «Մեկ մարդ է որոշելու՝ քանի նախարար է լինելու մեր կառավարությունում, մեկ մարդ է որոշելու՝ ինչով են նրանք զբաղվելու, մեկ մարդ է որոշելու՝ քանիսն են նախագահի տեղակալ աշխատելու և ինչ պարտականություններ են նրանք ունենալու: Խորհդարանը լիովին շրջանցվում է»:

Քարոզչության շրջանում «ոչ»-ի արշավին էր միացել նաև «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը», որի մի շարք առաջնորդներ այժմ կալանքի տակ են՝ քուրդ անջատողականներին ու ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքով: «Այս փոփոխություններով Էրդողանը միայն իր դերը կամրապնդի»,- դիմելով հազարավոր աջակիցներին՝ օրեր առաջ հայտարարում էր կուսակցության պատգամավոր Սիրրի Սուրեյա Օնդերը:

«Դուք արդեն տեսնում եք, թե ինչպես են նրանք կառավարելու, երբ ընդարձակ լիազորություններ ստանան: Էրդողանը կասի՝ սա արգելված է, և կարգելվի, կասի՝ թույլատրվում է, և օրինական կլինի: Կարծես՝ նա Աստծո ստվերն է երկրի վրա, և ինչ անցնի մտքով, պետք է կատարվի անպայման»,- ասել է Սիրրի Սուրեյա Օնդերը:

2003 թվականից սկսած, արդեն շուրջ 14 տարի իշխանության ղեկին գտնվող էրդողանը, մինչդեռ, կտրականապես հերքում է մեղադրանքները, թե հանրաքվեի իրական նպատակն է՝ երկարաձգել ու էլ ավելի ամրապնդել իր կառավարումը: Փոփոխությունները քարոզելու համար նա անցած շաբաթներին եղավ Թուրքիայի գրեթե բոլոր մեծ ու փոքր քաղաքներում, պնդելով՝ դրանք կայունություն ու զարգացում կբերեն քաղաքական ճնգնաժամերով ու զինված հեղաշրջումներով անցած երկրում: «Մենք ոչ թե մեկ-երկու, այլ միգուցե 22 անգամ կանգնել ենք խնդրի առաջ հենց այդ՝ կառավարման համակարգում առկա սողանցքների պատճառով: Գործող համակարգը պահպանելու որևէ իմաստ չկա»,- ասել է Էրդողանը:

ԵԱՀԿ դիտորդները, որոնք առաջիկա կիրակի հետևելու են քվեարկության ընթացքին, արդեն քննադատել են քարոզարշավը, փաստելով, որ այն անցել է արտակարգ դրության պայմաններում, երբ «քաղաքացիների հիմնարար ազատությունները սահմանափակված են, ընդդիմության հազարավոր ներկայացուցիչներ ու ակտիվիստներ՝ ազատազրկված»: Դիտորդների նախնական զեկույցը նշում է նաև, որ էրդողանի աջակիցներն անարգել ու ակտիվորեն օգտագործել են իրենց լծակները՝ փոփոխությունները քարոզելու համար, մինչդեռ, ընդդիմախոսները շարունակ կանգնել են խոչընդոտների առաջ, ենթարկվել ոստիկանական միջամտությունների ու բռնությունների:

Չնայած իշխանության ակտիվ քարոզարշավին՝ հանրաքվեից ժամեր առաջ դեռ հստակ չէ՝ արդյո՞ք «այո»-ն կհաղթի, սոցիոլոգիական վերջին հարցումներով, դեմ և կողմ ձայներն այս պահին գրեթե հավասարաչափ են բաշխվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG