Մատչելիության հղումներ

Մկրտչյան․ Եթե խախտումները խոչընդոտ լինեին, ՀՀԿ-ի հետ կոալիցիոն բանակցությունները կավարտվեին


Լևոն Մկրտչյան, Երևան, 14-ը մարտի, 2017 թ․
Լևոն Մկրտչյան, Երևան, 14-ը մարտի, 2017 թ․

Դաշնակցական նախարարն այսօր նաև հայտարարեց, որ նոր խորհրդարանում ունենալով մեծամասնություն, ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, չի կարող «ցանկացած որոշում անցկացնել», քանի որ դրա համար անըհրաժեշտ է «սահմանադրական մեծամասնություն»:

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղ գտած ընտրախախտումները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ Հանրապետականի հետ կոալիցիա կազմելուն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Կրթության և գիտության նախարար, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Լևոն Մկրտչյանը:

«Նախ, կոալիցիոն կառավարության ձևավորումը դեռ գործընթացի մեջ է, երկրորդը՝ հստակ հարցի պատասխանն արդեն տրված է, այսինքն, իմ պատասխանը որևէ ձևով չի կարող տարբերվել կուսակցության պաշտոնական դիրքորոշումից: Ե՛վ խախտումների վերաբերյալ ենք արձանագրություն արել, և՛ շարունակում ենք բանակցությունները կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ: Եթե ընտրախախտումները խոչընդոտ լինեին, բանակցությունները կընդհատվեին»,- պատասխանելով «Ազատության» հարցին, ասաց Մկրտչյանը:

Իշխող Հանրապետականի կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը հենց ընտրությունների օրը հանդես էր եկել հայտարարությամբ, ազդարարելով, թե մտահոգված է Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում արձանագրված խախտումներով: ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, ով Դաշնակցության նախընտրական շտաբի ղեկավարն էր, խոսել էր Ճամբարակում և Փարպիում տեղ գտած «ուղղորդված» քվեարկությունների, տարբեր քաղաքական ուժերի վստահված անձանց՝ ընտրատեղամասերից դուրս հրավիրելու փաստերի մասին:

««Ես Ճամբարակը հատուկ եմ ընդգծում, որովհետև ես կարծում եմ՝ համապատասխան մարմինները տեղյակ են, թե այնտեղ ովքեր են հիմանական թեկնածուները, որ քաղաքական ուժերից: Շատ կարևոր է նաև, որ այն աշխատանքը, որ պետք է տեղում՝ տեղամասերում ու տեղամասերի շուրջ անի ոստիկանությունը, անում են իրականում լրագրողները»,- ասել էր Վարդանյանը:

Այնուամենայնիվ, ընտրությունների հաջորդ օրը ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հայտարարեց «ընտրություններում արձանագրած նկատելի առաջընթացի» մասին՝ միաժամանակ, սակայն, ընդգծելով՝ «Հատուկ քննության կարիք ունի ընտրողների անսպասելի բարձր մասնակցությունը, ինչը մի կողմից քաղաքացիական ակտիվության գնահատելի դրսևորում էր, մյուս կողմից՝ ֆինանսական ու վարչական ռեսուրսի օգտագործման արատավոր երևույթի հետևանք»։

Այսօր Լևոն Մկրտչյանին նաև հարցրեցինք՝ որքանո՞վ է նպատակահարմար կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, որն առանց այդ էլ վերահսկելու է նոր խորհրդարանի կեսից ավելին: Քաղաքական մեկնաբան Թաթուլ Հակոբյանը, օրինակ, «քաղաքական նոնսենս և պառլամենտարիզմի վարկաբեկում» է որակել նման կոալիցիան, որտեղ մեկ ուժը վերահսկում է խորհրդարանի կեսից ավելին։

Լևոն Մկրտչյանն ասօր ասաց, որ նոր խորհրդարանում ՀՀԿ-ն ցանկացած որոշում «չի կարող անցկացնել»: «Հենց դա է խնդիրը, նոր Սահմանադրությունը թույլ չի տալիս, որպեսզի իրենք, ունենալով ձայների այդ թվաքանակը, անցկացնեն ցանկացած որոշում: Կա որոշումների մի ծավալ, որի համար այլ թվաքանակ է պետք՝ սահմանադրական մեծամասնություն: Իսկ երկրորդ բլոկով մեզ համար կարևորը մեր բավանդակային համագործակցությունն է»,- շարունակեց Լևոն Մկրտչյանը:

Դաշնակցական նախարարն այսօր անդրադարձավ նաև դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ կապված հայտնի սկանդալին: Ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը հայտարարել էր, որ հարյուրից ավելի դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ խոստովանել են, որ ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակներ են կազմել՝ դրանք հանձնելով մարզպետարան, թաղապետարան կամ ընտրական շտաբ: Կազմակերպությունը ներկայացրել էր նաև տնօրենների հետ զրույցների ձայնագրությունները։

Արդեն ընտրություններից հետո հայտնի դարձավ, որ դպրոցների և մանկապարտեզների 30 տնօրեններ դիմել են դատարան՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության, պահանջելով կազմակերպության անունից ներողություն խնդրել, նաև իրենց «պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար» որպես փոխհատուցում՝ յուրաքանչյուր տնօրենի 2-ական միլիոն դրամ վճարել։

Լևոն Մկրտչյանն այս առնչությամբ, ասաց․ «Մենք շրջաբերական ուղարկեցինք, խնդրել ենք որպեսզի այդ նույն գործընթացն անեն մարզպետները, քաղաքապետերը, որովհետև և՛ մանկապարտեզների մեծ մասը, և՛ դպրոցների մեծ մասը մեր ենթակայության ներքո չեն: Բայց կան ընգրկված ավագ դպրոցներ: Ավագ դպրոցների բոլոր տնօրեններն էստեղ մի անգամ հրավիրվել են, բացատրություն են գրել: Այդ բացատրությունից հետո մենք հիմա կխնդրենք, որ մեր տեսչությունը համապատասխան ձևով իրավիճակը հստակեցնի, որից հետո ձեզ կտեղեկացնենք»:

Լրագրողներից մեկի հարցին՝ այդ տնօրենները կարո՞ղ են կրթության լավ կազմակերպիչներ լինել, Մկրտչյանը պատասխանեց․ «Դուք ինձ անընդհատ էդ հարցին եք բերում, բայց տեսեք՝ մինչև մենք արդյունք չունենանք, գնահատականը չլինի, ցանկացած «այո» կա «ոչ»-ը սուբյեկտիվ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG