Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կարող է կանխարգելիչ հարված հասցնել Հյուսիսային Կորեային․ NBC


Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է փորձարկում, արխիվ
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է փորձարկում, արխիվ

Միացյալ Նահանգները կարող է կանխարգելիչ հարված հասցնել Հյուսիսային Կորեային՝ կանխելու համար միջուկային զենքի հերթական փորձարկումը: Այդ մասին հաղորդում է NBC-ն՝ վկայակոչելով աղբյուրները ամերիկյան հետախուզությունում:

Ըստ NBC-ի, ամերիկյան հատուկ ծառայություններին հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին Փհենյանը պատրաստվում է միջուկային զենքի փորձարկում անցկացնել: Հյուսիսային Կորեան ապրիլի 15-ին պետական մակարդակով նշում է նախկին առաջնորդ, երկրի հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան հերթական տարեդարձը:

Օրերս Կորեական թերակղզու մոտ ամերիկյան նավատորմը երկու ավիակիր է տեղակայել: Օդուժից բացի՝ ավիակիրները սպառազինված են նաև Tomahawk տիպի հեռակառավարվող հրթիռներով:

Այսօր Չինաստանի արտգործնախարարն ասել է, թե ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ռազմական առճակատման դեպքում հաղթողներ չեն լինի: Նա առաջարկել է պաշտոնական Պեկինի աջակցությունը երկու կողմերի միջև երկխոսությանը:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ եթե Չինաստանը չօգնի զսպելու Հյուսիսային Կորեային, ապա ԱՄՆ-ը դա միայնակ կանի:

Ապրիլի 16-ին ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը մեկնում է Սեուլ՝ Հարավային Կորեայի ղեկավարների հետ քննարկելու Կորեական թերակղզու իրավիճակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG