Մատչելիության հղումներ

«Այսօր ունենք կայացած և ամուր պետական կառույց». նախագահը շնորհավորել է Ոստիկանության օրը


Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ։

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, ուղերձում մասնավորապես ասված է. - «Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ և վետերաններ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Ձեզ է վստահված Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգության և իրավունքների պաշտպանության, երկրում հասարակական կարգի և օրինապահության ամրապնդման կարևորագույն ոլորտը, և դուք արժանապատվորեն եք իրականացնում ձեր առաքելությունը»։

Նախագահը նշել է, որ ոստիկանության գործունեության բնագավառում իրականացվող արմատական բարեփոխումները, տեխնիկական վերազինումը, ոստիկանության ծառայողների սոցիալական պայմանների բարելավումը, ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդումը տվել են սպասված արդյունքները:

«Այսօր ունենք կայացած և ամուր պետական կառույց, որը հուսալի գործընկեր է օտարերկրյա իրավապահ մարմինների համար և կարող է կատարել իր առջև դրված ամենաբարդ խնդիրները, և որին վստահությամբ է վերաբերվում մեր քաղաքացին: Այս ամենի վկայությունն էին ոստիկանության գործողությունները անցյալ տարվա դրամատիկ իրադարձությունների ընթացքում, երբ ոստիկանները, անգամ ինքնազոհության գնով, լիարժեքորեն կատարեցին իրենց ծառայողական պարտականությունները: Վկայությունն էր նաև ոստիկանության աշխատանքը Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի և բուն քվեարկության օրվա ընթացքում: Ծառայողական գործունեության այս մակարդակը վկայում է ոստիկանության ոչ միայն մասնագիտական ու գործառնական, այլև բարոյահոգեբանական բարձր պատրաստվածության մասին», - ասել է նախագահը՝ շարունակելով. - «Միաժամանակ, ոստիկանությունը շարունակելու է մնալ հանրության մշտարթուն ուշադրության կենտրոնում, իսկ ցանկացած թերացում, վրիպում, առավել ևս՝ օրինախախտում, կարող է ի չիք դարձնել ոստիկանության արդիականացմանն ուղղված ջանքերի արդյունքները: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն առաջին հերթին ինքն է անհանդուրժող լինելու ցանկացած նման երևույթի հանդեպ, ինչպես որ հետևողական է բարեփոխումների գործընթացը ցանկալի ավարտին հասցնելու գործում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG