Մատչելիության հղումներ

ԵՏՄ անդամ երկրների ղեկավարներն այսօր կհանդիպեն Բիշքեկում


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանում է Բիշքեկ՝ մասնակցելու ԵՏՄ և ՀԱՊԿ գագաթնաժողովներին, 13-ը ապրիլի, 2017թ․
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանում է Բիշքեկ՝ մասնակցելու ԵՏՄ և ՀԱՊԿ գագաթնաժողովներին, 13-ը ապրիլի, 2017թ․

Հանդիպման օրակարգում ընդգրկված է նաև Եվրասիական տնտեսական միությունում Մոլդովային դիտորդի կարգավիճակ տալու հարցը:

Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրների ղեկավարներն այսօր հանդիպելու են Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում: Այս հանդիպմանը մասնակցելու է նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։ Ակնկալվում է, որ Մոլդովան այս կառույցում դիտորդի կարգավիճակ կստանա:

Վերջերս Քիշնևում Իգոր Դոդոնը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը համագործակցության հուշագիր են ստորագրել, որը, սակայն, Մոլդովայի իշխող քաղաքական ուժը իրավական փաստաթուղթ չի համարում: Թե՛ երկրի վարչապետը, թե՛ խորհրդարանի նախագահն ասել են, որ ստորագրված հուշագիրը ոչ մի ուժ չունի։

Այնուամենայնիվ, Մոլդովայի նախագահը նախօրեին Ֆեյսբուքի իր էջում գրել է. - «Հաճույքով ընդունեցի Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի հրավերը՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության անդամ հինգ երկրների նախագահների հանդիպմանը: Այս հրավերը համաձայնեցված է բոլոր հինգ երկրների առաջնորդների հետ: Հանդիպման օրակարգում ընդգրկված է Եվրասիական տնտեսական միությունում Մոլդովային դիտորդի կարգավիճակ տալու հարցը»:

Ռուսամետ Դոդոնը Մոլդովայի նախագահի պաշտոնը ստանձնել է 2016-ի դեկտեմբերին:

Երեկ երեկոյան Բիշքեկ է մեկնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե նիստի օրակարգում է նաև Մոլդովային դիտորդի կարգավիճակ տալու հարցը: Պեսկովի խոսքով՝ նման խնդրանքով Իգոր Դոդոնը դիմել է ԵՏՄ-ն նախագահող Ղրղըզստանին։

Մոլդովային դիտորդի կարգավիճակ տալը Կրեմլը կարևոր իրադարձություն է համարում:

Եվրասիական տնտեսական միության մեջ հինգ երկիր են մտնում՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Հայաստանը:

Քանի որ այս կառույցի անդամ երկրների մեծ մասը նաև Հավաքական անվտանգության կազմակերպության (ՀԱՊԿ) պայմանագրի երկրներ են, Բիշքեկում անցկացվելու է նաև ՀԱՊԿ-ի երկրների նախագահների ոչ-պաշտոնական հանդիպում: Այդ հանդիպմանը միանալու է նաև ՀԱՊԿ-ի անդամ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:

«ՀԱՊԿ-ի բանակցությունները անցկացվելու են նեղ շրջանով, առանց օրակարգի ֆիքսված հարցերի», - հայտնել է Պեսկովը:

Բիշքեկյան հանդիպումներին մասնակցելու նպատակով երեկ Ղրղըզստան է մեկնել նաև Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG