Մատչելիության հղումներ

Վեհափառի համար անընկալելի է Շուշիի մզկիթի հարցով Ադրբեջանի հոգևոր առաջնորդի ընդվզումը


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը հաստատել է, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդությամբ ծրագրվում է եռակողմ հանդիպում Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ, հավելելով, որ հանդիպման ժամկետները դեռ հստակ չեն:

«Արմենպրես»-ի խնդրանքով անդրադառնալով ծրագրվող եռակողմ հանդիպման մասին Փաշազադեի ապրիլի 12-ի հայտարարությանը՝ Վեհափառը ասել է․ - «Գիտեք, որ ղարաբաղյան հակամարտության սկզբնավորման առաջին օրվանից Մեր երջանկահիշատակ նախորդները, ապա և Մենք, միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքների, պարբերաբար հանդիպումներ ենք ունեցել Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ` համատեղ ջանքերով նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մեր գահակալության շրջանում տեղի են ունեցել այդպիսի հինգ հանդիպումներ: Ներկայիս, միջնորդությամբ Կիրիլ Պատրիարքի, այո՛, ծրագրվում է նման եռակողմ հանդիպում: Հանդիպման ժամկետները դեռ հստակ չեն. հանդիպման թվականի և օրակարգի ձևավորման ուղղությամբ կողմերի միջև աշխատանքներ են տարվում»:

Փաշազադեն նաև անդրադարձել է հայկական կողմի ջանքերով Շուշիի մզկիթի վերականգնմանը՝ պնդելով, թե հայերը դա անում են սադրիչ նպատակներով, և տեղեկացնելով, որ հարցը բարձրացնելու է Մոսկվայում ԱՊՀ երկրների Միջկրոնական խորհրդի նիստին: Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այս մոտեցմանը Հայ եկեղեցին, Ամենայն Հայոց կաթողիկոսը պատասխանել է․ - «Անշուշտ, Ալլահշուքյուր Փաշազադեն ազատ է բարձրացնել ցանկացած խնդիր, ինչը և հաճախ անում է` տուրք տալով նաև ադրբեջանական քարոզչամեքենայի պահանջներին: Պատմական փաստ է, որ, ի տարբերություն ադրբեջանական կողմի, որ ոչնչացնում է հայկական հետք պարունակող ցանկացած հուշարձան և սրբավայր, ինչպիսին էր պարագան օրինակ` հայոց հավատքի վկա Ջուղայի հազարավոր խաչքարերի կործանման, Բաքվի հայկական եկեղեցու` գրապահոցի վերածման, Նախիջևանի մեր վանքերի և եկեղեցիների ավերման, Արցախի իշխանությունները պահպանում ու վերականգնում են Արցախի հողում գտնվող իրենց պատմական ժառանգությունը, նաև այլ կրոնների պատկանող սրբավայրեր և հուշարձաններ: Շուշիի մզկիթի վերականգնման վերաբերյալ գոհունակություն արտահայտելու փոխարեն Ադրբեջանի հոգևոր առաջնորդի կողմից դրսևորված ընդվզումը և դրա հիմնավորումը Մեզ համար անընկալելի է: Արդար և ազնիվ կլիներ այն արտահայտել սեփական երկրի տարածքում գտնվող հայկական սրբավայրերի և հուշարձանների նկատմամբ գործվող բարբարոսությունների առնչությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG