Մատչելիության հղումներ

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն». «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նոր նախագիծը հետընթաց է


«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի ղեկավար Լիանա Դոյդոյան
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի ղեկավար Լիանա Դոյդոյան

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը հայտարարում է, որ 13 տարի շարունակ լավագույնս գործած «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նոր նախագիծը հետընթաց է և չի արտացոլում կառավարության հայտարարած բարեփոխումները։

Կազմակերպության ղեկավար Լիանա Դոյդոյանը պնդում է, որ օրենքի նախագծում կառավարության կատարած փոփոխությունները ներառվել են առանց քաղաքացիական հասարակության մասնակցության։

«Պետք է ստեղծվեր աշխատանքային խումբ լրագրողական կազմակերպություններից, այնպիսի հասարակական կազմակերպություններից, որոնք այս 13 տարիների ընթացքում ակտիվ կիրառել են և նրանք են տեղյակ խնդիրներից, ոչ թե ինչ-որ պատերի ներսում գործող պետական պաշտոնյաներ, որոնք նստել և մշակել են մի նախագիծ, որը չի բխում իրական շահերից», - ասաց Դոյդոյանը։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը, որը զբաղվում է տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանությամբ և այդ ոլորտում խախտումների բացահայտմամբ, հրապարակել է իր եզրակացությունը օրենքի նախագծի վերաբերյալ՝ պնդելով, որ այն կնվազեցնի Հայաստանի վարկանիշն այս ոլորտում։

«Միջազգայնորեն սկզբունքներ կան ընդունված և ընդհանուր Հայաստանի ռեյտինգային բնորոշումը միջազգային ոլորտում կիջնի, քանի որ մինչ օրս այն լավագույնն է համարվել։ Այս 13 տարիների ընթացքում երբևէ առիթ չի եղել, որ այս սահմանափակումը գործեր, որ օտարերկրյա քաղաքացիներն այնպիսի տեղեկություններ խնդրեն, որ կարիք լինի սահմանափակել», - ասաց կազմակերպության ղեկավարը։

Ըստ Դոյդոյանի նախագծում տեղ գտած առանցքային խնդիրներից է օտարերկրյա քաղաքացիների՝ տեղեկություններ ստանալու իրավունքի սահմանափակումը։ Նա, վկայակոչելով օրենքը, նշում է, որ գործող օրենքով տեղեկություն ստանալու իրավունք ունի յուրաքանչյուր ոք, իսկ նախագծով՝ միայն Հայաստանի քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները տեղեկություններից կարող են օգտվել միջազգային պայմանագրով սահմանված դեպքերում: «Սա խախտում է Հայաստանի վավերացրած միջազգային փաստաթղթերը», - ասում է Դոյդոյանը՝ հիշեցնելով, որ անցած տարիների ընթացքում օրենքի այս դրույթը գործել է առանց խնդիրների և իրենց համար անհասկանալի է, թե ինչու է կառավարությունը որոշել այն սահմանափակել։

Մյուս հարցը, ըստ տեղեկատվության ազատության ոլորտում առաջատար կազմակերպության, վերաբերում է տեղեկատվության ազատության հանձնակատար ունենալու խնդրին։

«Միջազգային պրակտիկայում այն անկախ մարմին է, մինչդեռ Հայաստանի կառավարությունը մտադիր է այն վերապահել մարդու իրավունքների պաշտպանին։ Սա էլ այն դեպքում, երբ օմբուդսմենը երբևէ իր զեկույցում այս ոլորտին չի անդրադարձել», - ասաց Դոյդոյանը։

Ըստ նրա, միջազգային պրակտիկայում հանձնակատարն անկախ և որոշում կայացնող մարմին է, և օմբուդսմենին վերապահելով նրա դերը, այն նպատակին չի ծառայի։

Դոյդոյանը նշում է, որ այս տեսքով օրենքը փոփոխելու կարիք չկա։ Եվ իրենց համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է կառավարությունը նման փոփոխություններ սահմանել։ Մինչդեռ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ օրենքի մշակման տարբեր փուլերում հանրության ներկայացուցիչները մասնակցություն ունեցել են, և որ առաջիկայում պատրաստվում են նոր քննարկումներ անցկացնել՝ ներգրավելով քաղհասարակության ներկայացուցիչներին ևս։ «Դեռևս վաղ է ասել, որ հետընթաց է, քանի որ վիճելի դրույթներ կան, որոնք հանվել են, և առաջիկայում ևս քննարկումներ կծավալենք խնդրահարույց դրույթների շուրջ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG