Մատչելիության հղումներ

Վերջին քառօրյայի 14 ներկաները, հրաժեշտի լուսանկար՝ ԱԺ ամբիոնի մոտ


ԱԺ նիստերի դահլիճ, 13-ը ապրիլի, 2017 թ․

Խորհրդարանի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գնահատմամբ, 5-րդ գումարման ԱԺ-ն իր ներդրումն է ունեցել «մեր երկրի զարգացման գործում, երկրի կյանքում»:

5-րդ գումարման Ազգային ժողովի քառօրյայի վերջին նիստը կրկին տապալվեց: 131 պատգամավորներից ներկա էին ընդամենը 14-ը: Նշելով, որ օրը «խորհուրդ ունի», նիստը նախագահող՝ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը դատարակ դահլիճում փորձեց ամփոփել 5-րդ գումարման ԱԺ-ի գործունեության անցած 5 տարիները, ասելով, թե «բոլորի ջանքերով» փորձել են ամրապնդել պետականությունը և զարգացնել երկիրը:

«Այս դահլիճում մենք բավական բանավեճեր ենք ունեցել, սկզբունքների, կարծիքների բախումներ ենք ունեցել, օրենքներ ենք ընդունել, և կարծում եմ, որ կարող ենք ասել՝ 5-րդ գումարման խորհրդարանն իսկապես իր ներդրումն ունեցել է մեր երկրի զարգացման գործում, երկրի կյանքում: Շնորհակալություն բոլոր պատգամավորներին, անկախ խմբակցություններից, թե որ քաղաքական ուժն են ներկայացնում, շնորհակալություն համագործակցության համար»,- ամբիոնից հայտարարեց Հերմինե Նաղդալյանը:

Շնորհակալական խոսքերից հետո նա առաջարկեց «պատգամավորի պարտականությունները հարգող» 14 պատգամավորներով լուսանկարվել՝ ի հիշատակ վերջին նիստի: Խորհրդարանի ամբիոնի մոտ հավաքավեցին ԱԺ փոխխոսնակներ Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Ալեքսանդր Արզումանյանը, էլինար Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Վահե Էնֆիաջյանը, Հայկ Բաբուխանյանը, Ռուբեն Հակոբյանը, Ստեփան Մարգարյանը, Վահրամ Մկրտչյանը, Վահագն Մախսուդյանն ու Մկրտիչ Մինասյանը: Նրանք ժպիտները դեմքին վերջին համատեղ լուսանկարով հրաժեշետ տվեցին 5-րդ գումարման Ազգային ժողովին:

«Թեկուզ մենք սակավաթիվ ենք, բայց կազմակերպենք համատեղ լուսանկար դահլիճոիմ, ներկա պատգամավորներով, ո՞նց եք վերաբերվում: Էդքան էլ վինետկա չի, բայց, համենայն դեպս, մեր վերջին նիստն է»,- Հերմինե Նաղդալյանի այս առաջարկին Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Սիրով, սիրով, տիկին Նաղդալյան»: Ապա հավելեց․ «Вперед и спесней, ուրա՛խ, լրագրողներ ջան, դուք էլ եկեք»:

«Ազգային ժողով, մոնիտորինգ» ծրագիր․ 5-րդ գումարման ԱԺ-ն իր գործառույթները զիջել էր կառավարությանը

Անցած 5 տարիների ընթացքում «Ազգային ժողով, մոնիտորինգ» ծրագրի շրջանակում խորհրդարանի գործունեությունը դիտարկած փորձագետները հետաքրքիր փաստեր են ի հայտ բերել: Մասնավորապես, նրանց պնդմամբ, 5-րդ գումարման Ազգային ժողովը, կարելի է ասել, իր օրենսդրական գործառույթները զիջել էր կառավարությանը: Այսպես․ խորհրդարանն ընդունել է 1078 օրենք, որոնցից 995-ի նախագծերի հեղինակը կառավարությունն է: Այսինքն, 10 օրինագծերից 9-ը կառավարությունն է հեղինակել: Ընդ որում, այդ օրենքների ուղիղ կեսն ընդունվել է արտահերթ նիստ-նստաշրջանների ընթացքում, ինչը նշանակում է, որ պատգամավորներն օրինագծերին լիարժեքորեն ծանոթանալու ժամանակ էլ չեն ունեցել:

«Ազգային ժողով, մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանն արձանագրում է՝ որևէ գումարման խորհրդարան նման ցուցանիշներ չէր գրանցել․ «Ակնհայտորեն օրենսդրական աշխատանքի՝ էս կարևոր գործառույթի հանձնում կառավարությանը՝ գործադիրին»: «Ազգային ժողով, մոնիտորինգ» ծրագրի ղեկավարի փոխանցմամբ, 5-րդ գումարման ԱԺ-ն աչքի է ընկել նաև «լուռ պատգամավորներով»․ 131 պատգամվորների մոտ կեսը 5 տարիների ընթացքում երբևէ չի խոսել:

«Մենք էս գումարման խորհրդարանում ունենք 55 պատգամավոր, որոնք 5 տարվա ընթացքում որևէ հարց չեն տվել, որևէ ելույթ չեն ունեցել, հիմնականում Հանրապետականից և «Բարգավաճ Հայաստանից» են: Մի քանի անուններ՝ Առաքել Մովսիսյան, Գագիկ Ծառուկյան, Սամվել Ալեքսանյան, մականուններով հայտնի պատգամավորներ․․․մենք նրանց էդպես ենք կոչում՝ «լուռ պատգամավորներ»»:

Դիտարկմանը, որ նրանցից ոմանք ներկայացված են լինելու նաև հաջորդ գումարման խորհրդարանում, Վասիլյանն արձագանքեց․ «Սա էլի մեր հերթական պարադոքսալ արդյունքներից մեկն է: Այսինքն՝ էս մոնիտորինգի նպատակը նաև այն էր, որ մենք ընտրություններից առաջ ինչ-որ այլընտրանքային հաշվետվություն ներկայացնենք՝ ով ինչպես աշխատեց, ով ինչ արեց, ու միամտորեն կարծում էինք, որ այս տվյալներն առնվազն հուշելու են, որ ամենապասիվ պատգամավորներն այլևս անելիք չունեն խորհրդարանում: Բայց, կարծես թե նրանցից կեսը, կամ առնվազն 20-ը, նորից խորհրդարանում են լինելու»:

Բացակաների թվով 5-րդ գումարման Ազգային ժողովի ռեկորդակիրը «Ծառուկյան դաշինիքի» ղեկավար Գագիկ Ծառուկյանն է, ով ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքերով՝ հաջորդ խորհրդարանում նույնպես ներկայացված կլինի։ «Ընդ որում, նա ռեկորդներ է գրանցել՝ 10 նստաշրջանի ընթացքում մասնակցել է ընդամենը մեկ նստաշրջանի 4 նիստի: Եվ զրոյական ներկայություն է գրանցել ամբողջ նստաշրջանի ընթացքում: Ակնհայտորեն, Ազգային Ժողովի կանոնակարգը չունի էն մեխանիզմները, որոնցով կարողանա լուծում տալ անընդմեջ բացակայող պատգամավորների հարցին»,- ասաց «Ազգային ժողով, մոնիտորինգ» ծրագրի ղեկավարը:

Հարցին՝ ձեր դիտարկմամբ, անցած 5 տարիների ընթացքում ո՞րն էր Ազգային Ժողովի ամենատպավորիչ նիստը կամ գրանցված միջադեպը, Լուսինե Վասիլյանն արձագանքեց․ «Չէի ասի, թե շատ հետաքրքիր խորհրդարան էր, ու շատ էին հետաքրքիր քննարկումները: Բայց եղել են դրվագներ, որ գոնե լրագրողները լավ հիշում են: Ասենք, երբ հենց վերջին նիստերից մեկի ժամանակ Արտակ Սարգսյանը փորձեց հակադարձել, առաջին անգամ խոսել, բայց խոսափողը չաշխատեց: Եվ իհարկե, այս խորհրդարանի ամենամեծ հմայքը ԱԺ նախագահի և նրա արտահայտած մտքերի հետ են կապված: Մեր ամփոփումներից մեկը մենք որոշեցինք հատուկ նվիրել Գալուստ Սահակյանի այն մտքերին, որոնցով նա հիշվեց որպես խորհրդարանի ղեկավար»:

Գալուստ Սահակյանը մի անգամ, մասնավորապես, ասել էր․ «Գողությունը գողանալ բառը չէ, այսինքն՝ այն երևույթը, որը կառավարության անդամները ներքևից մինչև վերև պիտի օգտագործեն, երբեմն-երբեմն չի կատարվում դա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG