Մատչելիության հղումներ

ՏԿՏՏՆ-ն հորդորում է քաղաքացիներին օգտվել միայն կանոնավոր ուղևորափոխադրողների ծառայություններից


Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հորդորում է քաղաքացիներին օգտվել միայն կանոնավոր ուղևորափոխադրողների ծառայություններից։

Ըստ հաղորդագրության, տրանսպորտի ոլորտի օրենսդրական բարեփոխումներից հետո նախարարությունն այս տարվա հունվարին նախաձեռնեց դեպի Ռուսաստան կանոնավոր նոր երթուղիների կազմակերպում: Հայտարարվեց մրցույթ 12 երթուղիների համար: Մասնակցության հայտ ներկայացրեցին 20 ուղևորափոխադրող կազմակերպություններ, 1 երթուղու համար հայտեր չեղան:

Նախարարի առաջին տեղակալ Արամ Արսենյանը հայտնել է, որ մրցույթների արդյունքներն արդեն ամփոփվել են, ընտրվել են լավագույն 11 ընկերությունները, որոնք ներկայացրել են մեծ տեղատարողությամբ, հարմարավետ և ուղևորափոխադրման չափանիշներին համապատասխանող ավտոբուսներ և փորձառու վարորդներ:

Դեպի Ռուսաստան միջազգային ուղևորափոխադրումներն այսուհետ կիրականացվեն բացառապես ավտոկայարաններից:

«Կոչ ենք անում ուղետոմսեր գնել միայն ավտոկայարաններից ու օգտվել կանոնավոր ուղևորափոխադրողների ծառայություններից, քանի որ այդ փոխադրումները որակապես շա՛տ ավելի բարձր են և, որ ամենակարևորն է, անվտանգ: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել «Հայավտոկայարան» ընկերության բոլոր մասնաճյուղերից ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մարզերում», - ասել է նախարարի տեղակալը:

Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողները պետք է փոխադրեն միայն զբոսաշրջային խմբեր։ Նրանք այլևս հնարավորություն չեն ունենա իրականացնել կանոնավոր փոխադրումներ ոչ կանոնավորի անվան տակ:

Տրանսպորտային տեսչության աշխատակիցներն արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ սահմանային անցակետերում վերահսկողական միջոցառումներ են իրականացնում և, Արսենյանի խոսքով, դա կրելու է պարբերական բնույթ: «Այն ընկերություններին, որոնք մինչև այժմ գործել են օրենքի շրջանակներից դուրս, առաջարկում ենք իրենց գործունեությունը համապատասխանեցնել գործող կարգին, հակառակ դեպքում նրանց հանդեպ կկիրառվի վարչական պատասխանատվություն», - նշել է նախարարի տեղակալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG