Մատչելիության հղումներ

«ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից սիրիական իշխանություններին դատապարտող բանաձևին չենք աջակցելու». Լավրով


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանը չի աջակցի Սիրիայի իշխանություններին դատապարտող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին, քանի դեռ չի հետաքննվել սիրիական Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքում տեղի ունեցած հարձակումը։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք երեկ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ մանրակրկիտ քննարկել են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ջանքերն ուժեղացնելու անհրաժեշտությունը՝ միջազգային հանրությանն ահաբեկչության դեմ պայքարում մոբիլիզացնելու համար։ Հիշեցրել ենք նաև, որ ԱՄՆ-ի ապրիլի 7-ի գործողությունները Սիրիայում հակասում են այդ գործընթացին։ Մենք պահանջում ենք միջադեպի անկախ և մանրակրկիտ հետաքննություն», - ասել է Լավրովը՝ հավելելով. - «Գաղտագողի, առանց հետաքննության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից սիրիական իշխանություններին դատապարտող բանաձևի ընդունմանը մենք չենք կարող աջակցել և չենք աջակցելու»։

Հիշեցնենք, ապրիլի 4-ին Խան Շեյխուն քաղաքում օդային հարձակումներից խաղաղ բնակիչներ զոհվեցին: Իրավապաշտպանները կասկածներ հայտնեցին, որ զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող այդ տարածքի վրա հարձակման ժամանակ սիրիական բանակը կամ ռուսական օդուժը օգտագործել են քիմիական զենք:

Սիրիական զինուժն, իր հերթին, հայտարարեց, որ առնչություն չունի հնարավոր քիմիական հարձակման հետ, ռուսաստանցի զինվորականների պնդմամբ՝ սիրիական օդուժը հարվածներ է հասցրել ահաբեկիչների խոշոր զինապահեստների վրա, որտեղ քիմիական զենք էր պահվում:

Միացյալ Նահանգներն ու Եվրամիության անդամ երկրները մեղադրեցին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին քիմիական հարձակմանը ներգրավված լինելու մեջ։ Ապրիլի 7-ին Միացյալ Նահանգները տասնյակ հեռակառավարվող հրթիռներով հարվածեց Ասադի ավիաբազաներից մեկին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG