Մատչելիության հղումներ

Հին մզկիթը քանդելու դեմ բողոքի ցույցեր Բաքվում


Ադրբեջան - Ցուցարարները Հաջի Ջավադ մզկիթի մոտ, Բաքու, 12-ը ապրիլի, 2017թ.

Անցած դարասկզբին կառուցված մզկիթը քանդելու Բաքվի իշխանությունների որոշումը հանգեցրել է բողոքի ցույցերի։ Ակտիվիստներն ու հավատացյալները նախօրեին փորձում էին խանգարել քաղաքի կենտրոնում գտնվող հոգևոր շինությունը ապամոնտաժելու՝ իշխանությունների պլանները։

«Ազատության» ադրբեջանական ծառայության փոխանցմամբ, բողոքի ակցիան վերածվել է ոստիկանների և ցուցարարների միջև բախումների։

Բաքվի Յասամալի շրջանի Սովետսկի թաղամասում հավաքվածները նախ մզկիթի ներսում են սկսել նամազ անել՝ այդպիսով թույլ չտալով գործի դնել շինտեխնիկան։

Բողոքի ակցիան այնուհետև շարունակվել է մզկիթի պատերից դուրս, ինչը հանգեցրել է ցուցարարների և ոստիկանների միջև բախումների: Ավելի քան տասը ակտիվիստ բերման է ենթարկվել։

Հավաքվածները պնդում էին, որ եկել են մզկիթի մոտ այն բանից հետո, երբ պատահաբար իմացել են դրա հնարավոր քանդման մասին։ Ակտիվիստները հիշում են մերձակայքում գտնվող «Հաջի Աբդուռռահիմբեկ Գլուբեկով» մզկիթի ճակատագրի մասին․ այն ապամոնտաժվեց մեկ գիշերվա ընթացքում, և այժմ մտավախություն ունեն, որ նույնը կարող է կրկնվել Հաջի Ջավադ մզկիթի դեպքում։

1912 թվականին կառուցված մզկիթը, որը ներառված է Ադրբեջանի մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության ցուցակում, ըստ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի, պետական գրանցում չունի։

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն, մեկնաբանելով մզկիթի շուրջ վերջին զարգացումները, հայտարարել է, թե Հաջի Ջավադը վարչությունում գրանցված չէ, և անգամ ինքը չգիտե, թե որտեղ է այն գտնվում։

Հաջի Ջավադը Բաքվի Սովետսկի թաղամասում գտնվող պատմական շինություններից մեկն է։ Այստեղ, ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են նշում, մի քանի տասնյակ հարյուրամյա շինություններ կան կամ արդեն կային՝ մզկիթ, բաղնիք, թանգարան, անվանի մարդկանց տներ, որոնցից շատերը վերջին տարիներին հողին են հավասարեցվել՝ այստեղ նոր թաղամաս կառուցելու պատճառաբանությամբ։

Սովետսկիի օտարված շենքերի բնակիչները պարբերաբար բողոքի ցույցեր էին կազմակերպում՝ պնդելով, որ կառավարության տրամադրած փոխհատուցումը բավարար չէ նոր տուն գնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG