Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն Դանիել Իոաննիսյանից վրեժ լուծելու որոշում չունի. Արմեն Աշոտյան


«Հանրապետական կուսակցությունը Դանիել Իոաննիսյանից և «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունից վրեժ լուծելու կամ պատժելու որոշում չունի», - «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց իշխող կուսակցության փոխնախագահը: Արմեն Աշոտյանը վստահեցնում է, որ նման պնդումները իրենց զարմացնում են։

«Եթե իրավապաշտպանները սատարում են իրենց կոլեգիային, բնական է, որ կուսակցությունը նաև սատարում է իր կուսակիցներին, որոնք կարծում են, որ իրենց իրավունքները ոտնահարված են: Բայց այդ սատարումը բարոյահոգեբանական է, բացարձակ քաղաքական գործողությունների կամ ապօրինի միջամտությունների տիրույթ չի մտնելու և չի էլ նախատեսվել այդպիսի բան: Մարդիկ իրենք են որոշել», - նշեց Աշոտյանը:

Խորհրդարանական ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և Իոաննիսյանը դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ հեռախոսազրույցների ձայնագրություններ էին հրապարակել և հայտարարել, որ նրանք հանրապետականի համար ընտրողների ցուցակներ են կազմել։ Նախօրեին հայտնի դարձավ, որ 30 տնօրեններ դատարան են դիմել, պահանջելով Իոաննիսյանից և կազմակերպությունից հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունը և 2-ական միլիոն կամ ընդհանուր առմամբ 60 միլիոն դրամ փոխհատուցում վճարել:

Դանիել Իոաննիսյանը և քաղհասարակության որոշ ներկայացուցիչները տնօրենների քայլը Հանրապետականի կողմից կազմակերպված ճնշում են որակում, մինչդեռ Աշոտյանի խոսքով՝ սա հրաշալի օրինակ է, երբ քաղաքացիները փորձում են պաշտպանել իրենց իրավունքները․ - «Ինչի՞ համար վրեժ լուծել, եթե Դանիելը ճիշտ է, և ինչու մտածել, որ վրեժ են լուծում, եթե Դանիելը սխալ է: Ճի՞շտ է, թե՞ սխալ է այն տեղեկատվական ագրեսիան, որ կատարվեց այդ կանանց հանդեպ՝ կորոշի դատարանը»:

«Ազատության» դիտարկմանը, թե՝ շատերը չեն հավատում, որ դատարաններում արդարադատություն կիրականացվի, Հանրապետականի փոխնախագահը պատասխանեց․ - «Այս գաղափարով առաջնորդվելու պարագայում պետք է ընդհանրապես խաչ դնել պետություն ունենալու մեր երազանքի վրա: Եթե որպես քաղաքացիներ մենք այդպես պետք է մտածենք, ապա նման ձևով կարող ենք մտածել ցանկացած հարցում և երբևէ օրենքների և իրավունքների երկիր չունենալ: Դատական իշխանությունը նույնպես տրանսֆորմացիայի և փոփոխությունների մեջ է»:

Աշոտյանի խոսքով սա նաև շատ լավ նախադեպ կլինի, քանի որ նման խնդրի հանրությունը առաջին անգամ է բախվում․ - «Բոլորիս է հետաքրքիր՝ որտեղ է անձի իրավունքների, ազատությունների սահմանը, որտեղ է անձերի պարտականությունների մեկնարկը, որտեղ է քաղաքացիական հասարակության ինստիտուտների հանրային հսկողության տիրույթը, որտեղ է այն վերածվում արդեն որոշակի տեղեկատվական ահաբեկչության, որտեղ է նա իրականում ապահովում թափանցիկություն և օրինապաշտություն: Այս ամենը կերևա դատական նիստերի ժամանակ»:

Մայիսին տեղի են ունենալու Երևանի ավագանու ընտրություններ։ Հանրապետականը որպես քաղաքապետի թեկնածու կրկին Տարոն Մարգարյանին է առաջադրել։ Աշոտյանը արված գործը տեսնելու համար առաջարկում է համեմատել ներկա Երևանը նախկինի հետ։

«Մենք շատ բարձր ենք գնահատում մեր թիմի շանսերը, որովհետև կա կատարված աշխատանք, կա լավ թիմ՝ պրոֆեսիոնալ կառավարիչներ։ Կան չլուծված խնդիրներ, որոնց կապակցությամբ նոր ծրագրային առաջարկություններ և լուծումներ են նախապատրաստվում», - հավելեց նա:

Հանրապետականի փոխնախագահը կարծում է, որ ընտրությունները մրցակցային կլինեն, քաղաքապետի մյուս թեկնածուներ Նիկոլ Փաշինյանը և Զարուհի Փոստանջյանը, Աշոտյանի խոսքով, Հանրապետականի համար ընդդիմություն են․ - «Ես անձամբ շնորհակալ եմ, որ իրենք հայտ տվեցին մասնակցելու, որովհետև Երևանի ընտրություններին մի շարք քաղաքական ուժերի հրաժարվեցին մասնակցել և իրենց ներկայություն այս քաղաքական վերադասավորման մեջ լրացուցիչ հետաքրքրություն, մրցակցություն, էներգետիկա կտա Երևանի գարնանային կյանքին»:

Անցած խորհրդարանական ընտրություններին անդրադառնալով՝ Աշոտյանը շեշտում է, որ դրա արդյունքում կարևոր բան եղավ՝ ընդդիմությունը փոխվեց, ինչը, ըստ նրա, քաղաքական մշակույթի ձևավորման և զարգացման հնարավորություն ստեղծեց․ - «Ունենք այնպիսի արդյունքներ, որոնց մասին մենք մտածում ենք որպես՝ լավագույն տարբերակ: Իհարկե, իմ անձնական տեսակետով՝ իմ քաղաքացիական երկրպագությամբ՝ ես կուզենայի ևս մեկ-երկու ուժ տեսնել խորհրդարանում»:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում գործադիր և օրենսդիր մարմնում փոփոխություններ կլինեն։ Թե ով ինչ պաշտոն կզբաղեցնի, կլինի արդյոք կոալիցիա, թե ոչ՝ դեռ վաղ է խոսել ըստ Աշոտյանի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG