Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն դատարանում էլ հրաժարվեց կատարել Օհանյանի ղեկավարած դաշինքի պահանջը


Մատնահետքերի արձանագրման սարքը, որը Հայաստանում առաջին անգամ կիրառվեց ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում
Մատնահետքերի արձանագրման սարքը, որը Հայաստանում առաջին անգամ կիրառվեց ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում

Հանձնաժողովի պնդմամբ, նույն բազայում բոլոր քվեարկածների մատնահետքերի միավորումը «ֆիզիկապես» և «տեխնիկապես» անհնար է, մինչդեռ, դաշինքի ներկայացուցիչները համարում են, որ ԿԸՀ-ի «համառությունը» ընտրակեղծիքները թաքցնելու նպատակ ունի:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր նաև դատարանում հրաժարվեց կատարել Սեյրան Օհանյանի գլխավորած դաշինքի պահանջը՝ նույն բազայում միավորել ընտրությունների մասնակիցների մատնահետքերն ու ստուգել՝ արդյո՞ք եղել են դեպքեր, երբ նույն մարդը քվեարկել է տարբեր տեղամասերում: Հանձնաժողովի անդամ Գեորգի Մարտիրոսյանը վարչական դատարանում հայտարարեց, թե մատնահետքերի միավորումը երկարաժամկետ գործընթաց է:

«Մասնագետներն ասել են՝ մի քանի ամիս կամ մի քանի տարի․․․ դիմումատու կողմը չներկայացրեց որևէ ապացույց առ այն, որ դա շատ հեշտ գործընթաց է: Ինձ համար մի քիչ զարմանալի է՝ հետո ի՞նչ, թող մի 6 ամիս տևեր, կան ժամկետներ ընտրությունների»,- ասաց ԿԸՀ անդամը:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի փաստաբան Լևոն Օհանյանը դատարանին փորձում էր բացատրել՝ մատնահետքերը կիրառվել են հենց կրկնաքվեարկությունները կանխելու համար, այնինչ հիմա «Տիգրան Մուկուչյանի հանձնաժողովը» հրաժարվում է կասկածները ցրելուն ուղղված քայլ անել: «Որքան միջոցներ են պետբյուջեից տրամադրվել սարքեր ձեռք բերելու համար, որոնք, փաստորեն, ըստ էության, չեն ծառայել ընտրությունների նորմալ կամ, այսպես ասած՝ օբյեկտիվ իրականացմանը»,- դատարանում ասաց Լևոն Օհանյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը նիստից հետո պնդեց՝ ընտրությունները չեն ստվերվի, եթե իրենք ընդդիմադիրների այս պահանջը չկատարեն․ «Ես ձեզ ասեմ՝ գլխավոր երաշխիքներից մեկը, որ միշտ խոսում են կրկնաքվեարկությունների մասին, ընտրողների ցուցակներն են եղել ստորագրված, դրանք հրապարակվել են, բոլորը տեսել են և մինչ այս պահը մեկ դիմում է եղել ընդամենը 1 մլն 500 հազարից ավելի ընտրողների պարագայում»:

Հարցին՝ իսկ ինչու՞ չեք բավարարում դաշինքի պահանջը, Գեորգի Մարտիրոսյանը պատասխանեց․ «Դա ֆիզիկապես, տեխնիկապես անհնարին է՝ մատնահետքերը ստուգելը դա շատ, բավականին բարդ է, տենց հեշտ չի, որ ասում են՝ իրար հետ համընկավ, վերջ»:

Սեյրան Օհանյանի գլխավորած դաշինքի անդամները, մինչդեռ, կասկածի տակ են դնում ընտրությունների մասնակիցների թիվը: Մատնահետքերի համադրությամբ, ընդդիմադիր Գեղամ Նազարյանի կարծիքով, շատ բան «ջրի երես դուրս կգա»: «Որտեղի՞ց ԿԸՀ-ի այսքան համառությունը՝ չհամադրել մատնահետքերը: Եթե իրոք Հայաստանում այդքան շատ մարդ կա, եթե իրոք Հայաստանում այդքան նոր հասցե է հայտնվել, թող մեզ ապացուցեն, որ ամեն ինչ օրինական է, և մենք ուղղակի մղձավանջի մեջ ենք»,- ասաց Նազարյանը:

Պաշտոնական տվյալներով, մոտ 2 տոկոս քվե ստացած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում համոզված են՝ ընտրակաշառքը չի եղել որոշիչը․ «Չտրվել այն պնդումներին, թե մեր ժողովուրդը ազգովի ծախվել է և գնացել քվեարկել է, ասենք, Հանրապետական կուսակցության օգտին»,- շարունակեց Գեղամ Նազարյանը:

Դատավարությունն ավարտվեց, դատավորը որոշումը կհրապարակի ուրբաթ օրը՝ պարտադրե՞լ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ նույն բազայում միավորել ընտրողների մատնահետքերը, թե ոչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG