Ադրբեջանական գազը պետք է ընդգրկվի եվրոպական էներգետիկ համակարգում, չորեքշաբթի օրն այս մասին Վարշավայում հայտարարեց Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն՝ Հունգարիան, Չեխիան, Սլովակիան և Լեհաստանը միավորող Վիշեհրադյան քառյակի և Եվրամիության Արևելյան գործընկերության պետությունների արտաքին գործերի նախարարների համատեղ հավաքի ժամանակ:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի ադրբեջանական գազն ընդգրկվի Կենտրոնական Եվրոպայի էներգետիկ համակարգում», - ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասել է Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Նրա խոսքով՝ պաշտոնական Բուդապեշտն Ադրբեջանի և Եվրամիության միջև նման համաձայնագրի շուտափույթ կնքման կողմնակիցն է: «Հունգարիան այս տարի ստանձնելու է Վիշեհրադյան խմբի նախագահությունը` շարունակելով ջանքեր գործադրել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի էներգետիկ և ենթակառուցվածքային ցանցերի ինտեգրման ուղղությամբ», - նշել է Սիյարտոն:
Բացի այդ, Հունգարիայի արտաքին գործերի նախարարը կոչ է արել Եվրամիության ղեկավարներին՝ ճնշում գործադրել այն պետությունների վրա, որոնք «արհեստականորեն արգելափակում են գազային հոսքերը»:
Վարշավայի գագաթնաժողովի ընթացքում նախարարներն ակտիվորեն քննարկել են նաև Արևելյան գործընկերության ծրագրի հետագա ճակատագիրը:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի Արևելյան գործընկերության ծրագիրը շարունակի զարգանալ: Ծրագրի անդամ այն երկրները, որոնք մյուսներից ավելի լավ ինտեգրացիոն ցուցանիշներ կունենան, պետք է նաև ավելի լավ հեռանկարների արժանանան», - նշել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը:
Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկու համոզմամբ՝ «Արևելյան գործընկերության ծրագիրը պետք է զարգանա ենթակառույցների միավորման, տնտեսության և մարդկանց միջև կապերի ամրապնդման գաղափարների շուրջ»:
Վիշեհրադյան քառյակի արտգործնախարարները նաև հույս ունեն, որ տարեվերջին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովը նոր լիցք կհաղորդի ծրագրի զարգացմանը:
«Արևելյան գործընկերությունը կայունության հաստատման և արևելքում գտնվող մեր գործընկերների զարգացումը խթանող հրաշալի գործիք է», - Վարշավայում կայացած համաժողովի ընթացքում հայտարարել է Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկը: