Մատչելիության հղումներ

Գերմանացի իրավապահները ձերբակալել են «Բորուսիայի» դեմ հարձակման մեջ կասկածվող իսլամիստին


Դորտմունդի «Բորուսիայի» դեմ հարձակման հեղինակների շրջանակն արդեն իսկ ուրվագծվել է, պնդում են գերմանացի իրավապահները: Դաշնային դատախազության ներկայացուցիչ Ֆրեկե Կոլերի խոսքով, վերջին մի քանի ժամերին գերմանական ոստիկանությունը մի շարք խուզարկություններ է կատարել, կան բերման ենթարկվածներ:

«Հետաքննության ընթացքում իրավապհների ուշադրության կենտրոնում են հայտնվել իսլամական շրջանակների երկու ներկայացուցիչներ: Նրանց բնակարաններում խուզարկություններ են կատարվել, կասկածյալներից մեկն այս պահին ձերբակալված է: Հետաքննությունը շարունակվում է, և առաջիկայում պարզ կդառնա՝ արդյո՞ք դատախազությունը ձերբակալված անձին կալանավորելու հայց կներկայացնի, թե ոչ»:

Գերմանիայի ամենահայտնի ֆուտբոլային ակումբներից մեկը հարձակման թիրախ դարձավ երեկ երեկոյան՝ Չեմպիոնների լիգայի «Բորուսիա»-«Մոնակո» քառորդ եզրափակիչ հանդիպման մեկնարկից քիչ առաջ: Դորտմունդի ոստիկանության տվյալներով, «Բորուսիայի» ավտոբուսի հարևանությամբ երեք պայթյուն էր արձանագրվել: Առավել ծանր վնասվածքներ էր ստացել «Բորուսիայի» պաշտպան Մարկ Բարտրան, նա աջ դաստակի կոտրվածք ունի: Բացի այդ, վիրավորվել է ավտոբուսն ուղեկցող ոստիկանության մոտոցիկլիստներից մեկը: Գերմանական դատախազության ներկայացուցիչների պնդմամբ, սակայն, միայն երջանիկ պատահականության շնորհիվ է, որ հնարավոր է եղել խուսափել ողբերգական հետևանքներից:

«Պայթուցիկ սարքերը լիցքավորված էին երկաթյա մանր դետալներով: Այդ դետալներից մեկը քրեագետները հայտնաբերել են ավտոբուսի նստարաններից մեկի վերին հատվածում: Այն, որ հնարավոր է եղել շատ ավելի վատ հետևանքներից խուսափել, իրոք մեծ հաջողություն է: Նշենք, որ պայթուցիկ սարքերի գործողության շառավիղը 100 մետրից ավելին էր»,- ասել է դատախազության ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG