Մատչելիության հղումներ

«Մեր փոքր ՈՒԱԶ-ը մեծ պատմություն դարձավ»


Հաղարծինցիները տաքանում են արևի տակ, արխիվ

Հաղարծին համայնքի ներկայացուցիչ Գևորգ Թամրազյանի խոսքով` պատգամավորի պարտված թեկնածու Հակոբ Հակոբյանը ընտրություններից առաջ նվիրված ՈՒԱԶ մեքենան հետ է վերցրել։

Տավուշում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Հակոբ Հակոբյանը 8,000 ձայն էր հավաքել, սակայն կուսակից Գրիգոր Ավալյանից հետ էր մնացել շուրջ 9000 քվեով։ Հաղարծին խոշորացված համայնքի ներկայացուցչի խոսքով՝ Հակոբյանը մեքենան ընտրություններից առաջ էր նվիրել՝ ասելով, թե փաստաթղթային ձևակերպումներով ավելի ուշ կզբաղվեն։

«Չանցավ, չընտրվեց․․․ երևի մարդ ա՝ վիրավորվել ա, ուղարկել ա՝ հետ են տարել։ Փաստաթղթով էլ չի ձևակերպվել։ Ինքն անձամբ ինձ չի զանգել, չի խոսել։ Իրա աշխատողներն են եկել, իմացել են որտեղ ա կանգնում, որովհետև իրենք են իրանց ձեռքով մեքենան բերել կանգնեցրել, նույն տեղից եկել են տարել հետ։ Ասենք՝ մենք դրանից վիրավորված չենք էլի, ինքը՝ իր մեքենան», - ասաց Գևորգ Թամրազյանը:

Խոշորացված համայնքի ներկայացուցչի խոսքով տրանսպորտային միջոցն օգտագործվել է խմելու ջրի ներքին ցանցն ու կոյուղագծերը սպասարկելու համար։ Դիլիջանին միացած ու դրա թաղամաս համարվող համայնքի ներկայացուցիչը դեռ չգիտի, թե խնդիրն ինչպես են լուծելու։

«Իսկ համայնքների միավորումից հետո չէ՞ որ տեխնիկայով պետք է ապահովվեր համայնքը», - «Ազատության» այս հարցին ի պատասխան Թամրազյանը նշեց․ - «Էքսկավատոր ա, մանր մեքենաներ են, մեծ մեքենաներ են, ասենք՝ էս գործի համար դա չի աշխատի էլի, ՈՒԱԶ-ը կամ մինի-տրակտորը հարմար են: Դե՝ հիմա որ չկա, մի բան պիտի մտածենք, չգիտեմ»:

Հակոբ Հակոբյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե ՈՒԱԶ մակնիշի ոչ մի մեքենայից տեղյակ չէ, սակայն Տավուշի համայնքներին օգնել ու օգնելու է։ Սակայն լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նա նախորդ շաբաթ ասել էր, թե պատգամավոր եղած ժամանակ շատ է աջակցել տավուշցիներին, միան 150 միլիոն դրամի ուսման վարձ վճարել, այլևս նման բան չի պատրաստվում անել, ում ընտրել են՝ թող նրանք էլ օգնեն:

Իր այս հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին Հակոբյանը արձագանքեց․ - «Ո՞նց չեմ օգնելու: Եթե ապրում եմ Հայաստանում, ո՞նց կարող է ես հային չօգնեմ, եթե մարդ 60 տարի օգնել ա, ո՞նց եք կարծում, նա չի՞ շարունակելու օգնել»:

Ճշտող հարցին, թե՝ նման բան չի՞ ասել, լրագրողնեը սխա՞լ են գրել, Հակոբյանը պատասխանեց․ - «Սխալ չեն գրել, էդ ժամանակ հարցն ուրիշ ձևի ա եղել, ես ուրիշ ձևի եմ պատասխանել: Գրվել ա տենց, հա, բան չունեմ ասելու»:

Հակոբյանն ասաց, թե բավականաչափ ձայներ է ստացել, իսկ խորհրդարան չի անցել, քանի որ ընտրատարածքին միայն մեկ մանդատ է բաժին հասել․ - «Հանրապետական կուսակցության անդամ եմ, բնականաբար ես ամեն ինչ արել եմ կուսակցության համար, այնպես որ ճիշտ եմ արել, ինչ որ արել եմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG