Մատչելիության հղումներ

Նալբանդյանի գյուղապետը համայնքի բյուջեն համեմատում է իր գրպանի պարունակության հետ


Նալբանդյանի գյուղապետ Գրիգոր Մկրտչյանը հրաժարվեց «Ազատության» հետ խոսել տեղական բյուջեի մասին։ Դա նույնն է, որ իմ տան մեջ հարցնեք իմ գրպանի պարունակության մասին, ասաց արդեն 10 տարի համայնքը ղեկավարող գյուղապետը։

«Ինձ որ սկսում են բյուջեից բան հարցնել, չեմ պատասխանում, որովհետև շատ վատ բան է, դրա հետևանքները ավելի վատ է», - մեկնաբանեց գյուղապետը: «Ազատության» դիտարկմանը, թե՝ չէ՞ որ դրանք հանրային գումարներ են, հարկեր, ինքը հարկ չի՞ համարում այդ մասին խոսել, Մկրտչյանը պատասխանեց․ - «Ընդհանրապես չեմ էլ ուզում որ խոսեմ այդ մասին, պետք չի, որ լրագրողը գնա՝ պուբլիկավատ անի»։

Համայնքի բյուջեն իր գրպանի պարունակության հետ համեմատող գյուղապետի ղեկավարած գյուղում ոչ մի տեղ բյուջեի կամ ավագանու որոշումների մասին տեղեկություն չկար։ Դրանց համար նախատեսված ցուցատախտակներում կա՛մ տներ վաճառելու, կա՛մ վարկերի առաջարկի մասին հայտարարություններ էին։ Գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Իշխան Պետրոսյանը, որ ավելի երկար տարիների աշխատանքային փորձ ունի, գիտեր, որ պարտավոր են հրապարակել բյուջեն ու ավագանու որոշումները։

«Դե՝ անընդհատ բերում բաներ են կպցնում, դրա համար մենք մի 15-20 օրվա ընթացքում հանում ենք: Մշտական չենք կարող թողնել», - նշեց Պետրոսյանը:

4400 բնակիչ ունեցող գյուղի ավագանին 2 ամիսը մեկ անգամ է նիստ անում։ Այս տարի դեռևս մեկ նիստ են գումարել, որտեղ հաստատել են գյուղի բյուջեն ու հաստիքացուցակը։ Թեև գյուղապետարանում պնդում են, թե իրենց որոշումների մասին գյուղացիները տեղյակ են, սակայն անգամ գյուղապետարանի հարակից տարածքներում մշտապես հավաքվող ու զրուցող բնակիչները չգիտեին գյուղապետարանի անցուդարձի մասին։

Գյուղապետարանի 16 աշխատող և ավագանու 9 անդամ ունեցող գյուղում շատերն անգամ կարծում էին, որ ծախսերի մասին իմանալու իրավունք չունեն։

2016 թվականին Նալբանդյան գյուղի գյուղապետարանը ծախսել է մոտ 84 միլիոն դրամ։ Դրա կեսը որպես աշխատավարձ է տրվել, մյուս կեսն ըստ բյուջեի ծախսվել է հիմնականում դրամական օգնությունների, ապրանքների ձեռք բերման ու էներգետիկ ծառայությունների վրա։

Գյուղի ծայրամասում աշխատող գազալցակայանը, կայանած տրակտորներն ու մեխանիզացիան գյուղապետ Գրիգոր Մկրտչյանի սեփականությունն են։

Ֆելիքս Գրիգորյանը 45 տարի ղեկավարել է գյուղի մշակույթի տունը։ Ասում է՝ 6 տարի առաջ, առանց նախապես տեղեկացվելու, ազատվել է աշխատանքից։ Նույն պաշտոնում գյուղապետն իր հորեղբոր որդուն է նշանակել։ Գյուղի նախկին պաշտոնյան, սակայն, չի համաձայնում մանրամասներն ասել տեսախցիկի առաջ։

Նալբանդյանում հարկատուների հաշվին ամսական մոտ 230 հազար դրամ աշխատավարձ ստացող գյուղապետից հնարավոր չեղավ լսել բոլոր այն հարցերի պատասխանը, որոնք վերաբերում էին բյուջեին, առավել ևս՝ իր ունեցվածքին։ - «Խի ո՞վ ասեց, կա տենց մարդ, որ ինձ զաստավիտ անի՞։ Խնդրում եմ՝ անջատեք գնացեք, չեմ կարում պատասխանեմ, հունից հանեցիք ինձի», - հայտարարեց Գրիգոր Մկրտչյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG