Մատչելիության հղումներ

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները աջակցություն են հայտնում Իոաննիսյանին


Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները իրենց աջակցությունն են հայտնում Դանիել Իոաննիսյանին և կոշտ հակահարված խոստանում իշխող Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ)։

Դպրոցների և մանկապարտեզների 30 տնօրեններ դիմել են դատարան ընդդեմ Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության, պահանջելով կազմակերպության անունից ներողություն հայցել և իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար որպես փոխհատուցում յուրաքանչյուր տնօրենի 2-ական միլիոն դրամ վճարել։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ իրենց կուսակցությունն աջակցում է 30 տնօրենների նախաձեռնությանը:

Հիշեցնենք՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը հայտարարել էր, թե հարյուրից ավելի դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ խոստովանել են, որ Հանրապետականի համար ընտրողների ցուցակներ են կազմել՝ դրանք հանձնելով մարզպետարան, թաղապետարան կամ ընտրական շտաբ: Կազմակերպությունը հրապարակել էր տնօրենների հետ զրույցների ձայնագրությունները։

Իրավապաշտպաններ Արթուր Սաքունցն ու Լևոն Բարսեղյանը հորդորում են տնօրեններին իրենց հայցերը ետ վերցնել և հրաժարական տալ։ Երկու իրավապաշտպանները հյուրընկալվել էին «Ազատության» տաղավարում․

Սաքունց․ - Սա աչքի է ընկնում իր բացարձակ հրապարակային ցինիզմով, որովհետև, ըստ էության, մարդիկ մինչ ընտրությունների օրը, մինչ քվեարկությունը հայտարարություններով իրենց վերաբերմունքը չէին արտահայտում, այլ ուղղակի հայտարարում էին, որ պետք է կատարեն գործողություններ, և այնքան քաջություն չունեցան, որ այդ գործողությունները կատարեին այն ժամանակ, երբ որ այդ արդեն հրապարակվել էր:

«Ազատություն»․ - Դե սպասեցին, որպեսզի ընտրություններն ավարտվեն․․․

Սաքունց․ - Չէ, սա խոսում է այն մասին, որ իրապես սա ծրագրավորված է՝ սրա մասին է խոսքը:

Հաջորդը, որ ուղղակի հրապարակավ Հանրապետական կուսակցության փոխնախագահը, նախկին կրթության նախարարը՝ Արմեն Աշոտյանը հայտնում է իր ոչ միայն աջակցության մասին, այլ չի էլ թաքցնում, որ դա ծրագրավորված է եղել: Ըստ էության, այն, որ ինքը աջակցում է, դա խոսում է այն մասին, որ դա հենց Հանրապետական կուսակցության շտաբի կողմից է եղել այդ վարչական ռեսուրսների հրապարակավ և կազմակերպված և զանգվածային չարաշահումը:

Եվ, ի վերջո, սա, իհարկե, քիչ է կամ բավարար չէ զուտ իրավական դաշտում դիտարկելը՝ գնահատելով որպես հետապնդում, կամ ես ավելի ճիշտ կանվանեի պատժիչ գործողություն հանցագործությունը բացահայտած անձի նկատմամբ, սա ուղղակի ի ցույց դնել մյուսներին, որ ընդհանրապես Հանրապետական կուսակցության իշխանության կողմից ցանկացած հանցագործության բացահայտմանն ուղղված գործողություն պատժելի է:

Բարսեղյան․ - Հատկանշական է, որ իրենք երևի մտածեցին, թե կարող են սրանով վախեցնել կամ ահաբեկել Դանիելին և իր կազմակերպությանը: Սխալ են գնահատել ուժերը, իսկապես մոլորության մեջ են, թող մտապահեն, որ մենք տեղյակ ենք՝ ինչ է լինում և ինչ է լինելու, թող չմտածեն, թե Դանիելը մենակ, միայնակ է և հանրությունը չի աջակցում իրեն այս բացահայտումների մասով: Անպայման աջակցում է, առաջին անգամ աննախադեպ այս ծավալի բացահայտում է տեղի ունեցել, որը ուղղակի ապացուցում է, որ պետությունը, պետական իշխանությունը իր ձեռքում եղած հանրային ռեսուրսը, մեր միջոցները օգտագործում է իշխանության վերարտադրման համար: Մենք բազմիցս սա ասել ենք, ուղղակի ստացվեց լրացուցիչ մի ապացույց:

«Ազատություն»․ - Հնարավորություն ունի՞ այսօր քաղաքացիական հասարակությունը իր ներկայացուցչի իրավունքները պաշտպանելու համար, որպեսզի նրա վրա ճնշումներ չբանեցվեն և որպեսզի դա ահազանգ չլինի մյուս ներկայացուցիչներին, որ՝ «նայե՛ք, եթե նմանօրինակ հետաքննություններ լինեն, ապա ձեզ նույնպես սպառնում է այսպիսի գործողություն»: Ինչպե՞ս եք դուք պատկերացնում ձեր կողմից պաշտպանությունը:

Բարսեղյան․ - Հիմա սա հենց այդպիսի նպատակ է հետապնդում, որպեսզի ահաբեկեն այն հնարավոր կազմակերպություններին և հասարակական, գուցե նաև քաղաքական գործիչներին՝ այլևս չխցկվել այն տիրույթը, երբ իշխանությունը գործողություններ է կատարում վերարտադրման համար: Սա մի սրբազան առաքելություն է, որ պետության զավթող իշխանությունը, որ երկրում էլ լինի, հավատարմորեն կատարում է միշտ: Բոլորը պիտի հասկանան, հատկապես՝ այս տնօրենների հրահանգիչները, որ այն պահին, երբ որևէ կազմակերպության իրենց ճնշումներով հանկարծ ստիպեն դադարեցնել գործունեությունը, բազմաթիվ դիմադրության ակցիաներ են լինելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG