Մատչելիության հղումներ

Շահում Դավթյանը հերքում է լուրերը, թե Սյունիքում պատգամավորի տարածքային թեկնածու Առուշանյանի թիմակիցները ծեծել են իր կնոջը


Գորիս, արխիվ
Գորիս, արխիվ

Գորիս քաղաքի բնակիչ Շահում Դավթյանը հերքում է մամուլում տարածված այն լուրերը, համաձայն որի, Սյունիքի մարզում պատգամավորի տարածքային թեկնածուԱռուշ Առուշանյանի թիմակիցները մտել են իր տուն և փայտով հարվածել կնոջը: «Ազատության» հետ զրույցում Շահում Դավթյանը պատմեց, որ տունը նոր է գնել և հենց այդ օրն են տեղափոխվել՝ վերանորգման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

«Ես տանը քնած եմ եղել, երեկոյան մի խմած երիտասարդ է եկել դուռը ծեծել և քանի որ վերանորոգման մեջ ենք, ու առաջին հարկում լույս չի եղել, կինս վախեցել է ներս թողնել: Եթե որևէ վտանգավոր բան լիներ, ինձ կարթնացներ: Դա առաջին օրն է եղել մեր տեղափոխման, ես վստահ եմ, որ անգամ մեր դուռը ծեծողը տեղյակ չի եղել, որ այս տունը գնել եմ ու ես եմ ապրում էստեղ»:

Շահում Դավթյանը Գորիսում հայտնի է որպես նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիմակից: Նրա անվան հետ մի քանի աղմկահարույց պատմություններ են կապված: Նա և նախկին մարզպետի հարազատներն ու թիմակիցները ներգրավված էին նաև Գորիսի «Սդղի գյոլի» տարածքում տեղի ունեցած հայտնի ծեծկռոտւքի գործում:

Հարցին՝ ի՞նչպես է ստացվում, որ մամուլը գրում է հարձակման մասին և ինչու է հենց պատգամավորի թեկնածուի անունը շրջանառվում, Դավթյանը պատասխանեց․ «Ես ի՞նչ իմանամ՝ ում է ձեռնտու նման սուտ լուրեր տարածելը, հիմա դուք եկել եք, ես իրականությունը ներկայացնում եմ, ինձ որևէ լրագրող չի հարցրել, առանց ինձանից հարցում անելու նյութեր են գրում: Թող մեկը գա, ես հարցնեմ, տեսնեմ՝ էտ լուրերը ո՞վ է թույլ տվել, որ էդպես տարածում են: Առուշ Առուշանյանի հետ ես խնդիր չունեմ, չեմ թաքցնում, որ ընտրություններին Աշոտ Արսենյանին եմ ընտրել, բայց ես հարազատներ ունեմ, որ իրեն են ձայն տվել, ի՞նչ խնդիր պիտի ունենամ, ի՞նչի մասին է խոսքը»:

ԱԺ ընտրությունների ժամանակ Սուրիկ Խաչատրյանը սատարում էր Սյունիքի և Վայոց Ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարքում ռեյտինգային ցուցակով առաջադրված ՀՀԿ թեկնածու Աշոտ Արսենյանին: Առուշ Առուշանյանը ևս պնդեց, որ այդ պատմության հետ որևէ առնչություն չունի: Այդ օրն ինքը հիմնականում իրեն պատկանող ընկերությունում է եղել, հետո մարզասրահ է այցելել, ապա՝ տուն է գնացել:

«Ես որևէ խնջույքի չեմ մասնակցել, ինչպես նշում են տարբեր հրապարակումներում, այդ մասին վկայող տեսագրություններն առկա են և փաստում են այն մասին, որ չէի էլ կարող մասնակցություն ունենալ որևէ միջադեպի: Ամբողջ նախընտրական շրջանում իմ և մեր ամբողջ թիմի պայքարը եղել անիմաստ միջադեպերից խուսափելը, այդպես էլ եղել է և՛ նախըտրական շրջանում, և՛ ընտրության օրը, Գորիսում ամեն ինչ հարթ և առանց ավելորդ ինտրիգների է եղել: Հիմա ի՞նչի մասին է խոսքը, երբ ես ստացել եմ գորիսեցիների վստահության քվեների զգալի մասը: Կամ ի՞նչ է նշանակում՝ կնոջ վրա ձեռք են բարձրացրել: Սա տրամաբանությունից դուրս և անհիմն տեղեկատվություն է, որի պատվիրատուն դեռ կբացահայտվի»,- ասաց Առուշանյանը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից փոխանցեցին, որ այս պահին հետաքննություն է կատարվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG