Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ վերջին կես տարում զգալիորեն բարելավվել է․ հարցում


Ռուսաստան - Պատվո պահակախմբի զինվորը ողջունում է Կրեմլ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, Մոսկվա, 10-ը մարտի, 2017թ․
Ռուսաստան - Պատվո պահակախմբի զինվորը ողջունում է Կրեմլ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, Մոսկվա, 10-ը մարտի, 2017թ․

Վերջին կես տարում ռուսաստանցիների տրամադրվածությունը Թուրքիայի հանդեպ զգալիորեն բարելավվել է, պնդում են մոսկվացի սոցիոլոգները:

«Լևադա» սոցիոլոգիական ծառայության` շաբաթասկզբին հրապարակած տվյալների համաձայն, 2016 թվականի սեպտեմբերից Թուրքիայի հանդեպ դրական վերաբերմունք որդեգրած ռուսաստանցիների քանակն աճել է 16 տոկոսով: Եթե անցած տարվա սեպտեմբերին Թուրքիայի` որպես պետության մասին դրական կարծիք ուներ Ռուսաստանի բնակիչների միայն 31 տոկոսը, ապա այժմ այդ ցուցանիշը հասել է 47 տոկոսի:

Թուրքիային բացասաբար վերաբերվող ռուսաստանցիների քանակը անցած վեց ամիսներին նվազել է 12 կետով` հասնելով 28 տոկոսի:

Ակնհայտ է, որ ռուսաստանցիների` Թուրքիայի հանդեպ վերաբերմունքի կտրուկ փոփոխությունը համընկել է Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերությունների կարգավորմանը և ռուսաստանյան լրատվամիջոցներում Թուրքիայի դեմ ուղղված քարոզչության դադարեցմանը: Ընդամենը 10 ամիս առաջ` 2016-ի հուլիսին ռուսաստանցիների զգալի մասը միանգամայն այլ մոտեցում ուներ Թուրքիայի հանդեպ: Նույն «Լևադա» կենտրոնի անցկացրած հարցման համաձայն, անցած տարվա ամռանը ռուսաստանցիների 64 տոկոսը պնդում էր, թե Թուրքիայի հանդեպ բացասական վերաբերմունք ունի:

«Լևադա»-ի փորձագետները նշում են, որ Թուրքիայի հանդեպ տրամադրությունների փոփոխության ֆոնին ռուսաստանցիների շրջանում գերակշռում է բացասական վերաբերմունքը հատկապես Արևմուտքի և Ուկրաինայի հանդեպ: Այսպես, ըստ մոսկվացի սոցիոլոգների, Միացյալ Նահանգների հանդեպ բացասաբար է տրամադրված Ռուսաստանի բնակիչների 51 տոկոսը: Ռուսաստանցիների 53 տոկոսը նշել է, որ որևէ դրական զգացում չունի Եվրամիության հանդեպ: Շարքային ռուսաստանցիների կեսից ավելին` 56 տոկոսը, բացասաբար է տրամադրված նաև Ուկրաինայի հանդեպ:

Ուշագրավ է, որ մինչև Ղրիմի բռնակցումն ու Արևելյան Ուկրաինայում ծավալված իրադարձությունները ռուսաստանյան հանրության շրջանում Ուկրաինայի հանդեպ միանգամայն այլ տրամադրություններ էին գերակշռում: Այսպես, 2014-ի հունվարին` Վիկտոր Յանուկովիչի տապալումից ընդամենը մեկ ամիս առաջ, ռուսաստանցիների 65 տոկոսը նշում էր, որ Ուկրաինայի հանդեպ միանշանակ դրական վերաբերմունք ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG