Ուզբեկստանի 39-ամյա քաղաքացի Ռախմատ Ակիլովն ընդունել է ահաբեկչական հարձակում կատարելու մեղադրանքը:
«Ակիլովը խոստովանական ցուցմունք է տվել, ասել է, որ միտումնավոր է բեռնատարն ուղղել մարդկանց վրա, ընդունել է ահաբեկչության մեղադրանքը», - ասել է ձերբակալվածի փաստաբան Յոհան Էրիքսոնը:
Դատարանը վճռել է, որ ամբաստանյալը մինչև մայիսի 11-ը պետք է պահվի նախնական կալանքի վայրում: Դատարանն անհրաժեշտության դեպքում կարող է բավարարել քննիչների հայտը և երկարաձգել նախնական կալանքի ժամկետը:
Շվեդիայի գլխավոր դատախազի տեղակալ Հանս Իհրմանն ասել է, որ Ակիլովին ներկայացվել է ահաբեկչական գրոհ իրականացնելու մեղադրանք: Ապրիլի 7-ին Ակիլովը առևանգված փոքր բեռնատարով հասել է Ստոկհոլմի մարդաշատ կենտրոն՝ Drottninggatan փողոց, որն անվանում են նաև «Թագուհու փողոց», և մեքենայով մխրճվել է ամբոխի մեջ:
Զոհվել է 4 և վիրավորվել է 15 մարդ: Զոհերից երկուսը շվեդ են, մեկը բրիտանացի տղամարդ և մի կին Բելգիայից: Դա երեկ ասել է Շվեդիայի ոստիկանապետ Դան Էլիասոնը:
«Օտարերկրացի զոհերի համապատասխան դեսպանատները տեղեկացված են: Մենք զոհերի անունները չենք հայտնում, ելնելով այդ ընտանիքների շահերից», ասել է ոստիկանապետը:
Կա ևս մեկ բերման ենթարկված, ով պետք է հարցաքննվի, սակայն նրան որևէ ծանր արարք չի մեղսագրվում: Ապա ոստիկանապետը հավաստիացրել է, որ Շվեդիայի մայրաքաղաքում հանգիստ վիճակ է:
«Ստոկհոլմը շատ ապահով է հիմա, մենք տեղեկություն չունենք նոր սպառնալիքների մասին, սակայն ոստիկանությունը Ստոկհոլմում և մնացած քաղաքներում այս և առաջիկա օրերին ուժեղացված հսկողություն է իրականացնելու», - ասել է Էլիասոնը:
Ըստ Շվեդիայից ստացված տեղեկությունների, Ակիլովին ձերբակալել են Ստոկհոլմի հյուսիսային արվարձաններից մեկում ահաբեկչական գրոհից մի քանի ժամ անց:
Նա բանվոր է, աշխատել է շինարարական ընկերությունում, ժամանակին փորձել է Շվեդիայում ստանալ մշտական բնակության իրավունք, սակայն դիմումը մերժվել է: Նա ենթակա էր արտաքսման: Հարձակման օրը միգրացիայի ծառայությունը նրան որոնել է երկրից վտարելու համար:
Գրոհից երկու օր անց ձերբակալված երկրորդ անձը, որի մասին ասել է ոստիկանապետը, չի կասկածվում Ակիլովի հետ կապ ունենալու մեջ: Նա, հավանաբար, ապօրինի միգրանտ է, ով առաջիկայում կարտաքսվի: Ոստիկանությունը նրա ինքնությունը չի հրապարակում, միայն նշում է, որ այդ անձը տղամարդ է:
Ակիլովը, ըստ Շվեդիայի պատկան ծառայությունների, համակրանքով է խոսել ծայրահեղական շարժումների, այդ թվում «Իսլամական պետության» մասին: