Մատչելիության հղումներ

Վահան Շիրխանյանի փաստաբան. «Ահազանգում ենք, որպեսզի նրա կյանքը փրկվի»


Փաստաբան Հայկ Ալումյանը, արխիվ:
Փաստաբան Հայկ Ալումյանը, արխիվ:

Նորքի զինված խմբի գործով մեղադրյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանն «Ազատության» հետ զրույցում հայտնեց, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ 69-ամյա Շիրխանյանը մեկուսարանից տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց։

«Ես տեսնում եմ, որ իմ աչքի առաջ էդ մարդը ամիսներ շարունակ գնալով վատացել ու վատացել է: Մենք ահազանգում ենք արդեն ոչ թե նրա համար, որպեսզի իրա առողջությունը չքայքայվի, մենք իրականում ահազանգում ենք, որպեսզի նրա կյանքը փրկվի: Արդեն մենք էդ փուլին ենք հասել», - ասաց Ալումյանը։

Ըստ փաստաբանի, նախկին փոխնախարարի մոտ պաշտոնապես 9 հիվանդություն է ախտորոշվել: Ընդ որում, դրանցից մեկը առնչվում է անոթներին և, ըստ պաշտպանի, անհամատեղելի է բանտային պայմանների հետ։

Ալումյանը, ով օրեր առաջ է տեսակցել պաշտպանյալին, ասում է, որ մեկուկես տարի առաջ՝ մինչև կալանավորումը առողջական լուրջ խնդիրներ չունեցող Շիրխանյանն արդեն սայլակով է տեղաշարժվում։ Փաստաբանն ու հարազատները շարունակում են հայտարարել՝ նրա խափանման միջոցը պետք է փոխվի, որպեսզի կարողանա լիարժեք բուժում ստանալ․ - «Էնքան մեծ ուրախություն եմ ես ապրում, որ տեսնում եմ, որ գոնե սայլակ կա, որով իմ պաշտպանյալը կարող է գոնե մի փոքր տեղաշարժվել»:

Ալումյանն ահազանգում է նաև, որ չնայած քրեակատարողական վարչության նախաձեռնությամբ անցկացրած հետազոտության համաձայն, նշանակվել է բուժում՝ կինեզոթերապիա, և երկու տեսակի դեղորայք, սակայն ո՛չ բուժումն է իրականացվում, ո՛չ էլ դեղերն են տրամադրվում․ - «Ոչ մի բան չեն պատճառաբանում և չեն կատարում: Հենց իրենք էլ նշանակել են ու իրենք էլ չեն կատարում: Իրենք դեղեր են նշանակել, ընդ որում, էդ էն դեղերն են, որոնք որ ինքը կյանքի ցուցումով անգամ պիտի ընդունի: Եվ էդ դեղերը չեն տալիս»:

Համաձայն քրեակատարողական վարչության պաշտոնական գրության, Վահան Շիրխանյանին անհրաժեշտ դեղորայքը ներառված չէ պետական գնումների միասնական համակարգում, ուստիև դրանք ձեռք բերել չեն կարող, իսկ մյուս դեղահաբը ներառված է մյուս ամսվա համար ձեռք բերվող դեղերի ցանկում։

«Կան էնպիսի փաստեր, որ դիտավորյալ պարոն Շիրխանյանի առողջական վիճակը փորձել են վատթարացնել: Դա էն էր, որ «Էրեբունի» հիվանդանոցից հետո պարոն Շիրխանյանը տեղափոխվեց «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, և բանտապետի որոշմամբ ամենավատ խուցը տեղավորվեց: Այսինքն մի խցում, որտեղ առողջ մարդը կարող է մի քանի ամիս հետո հաշմանդամ դառնալ»:

Քրեակատարողական վարչությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Շիրխանյանը գտնվում է բժիշկների հսկողության ներքո և որ երեկվանից իրականացվում է կինեզոթերապեւտիկ բուժումը։

Պաշտպանության նախկին փոխնախարարի փաստաբանը, մինչդեռ, պնդում է՝օրեցօր նրա վիճակը վատանում է, անգամ դատապարտյալների հիվանդանոցում բարելավում չի արձանագրվում․ - «Ինքը ունի էնպիսի խնդիրներ, որի համար մասնագետներ էդ հիվանդանոցում չկան։ Ինքը ունի անոթային խնդիրներ, իսկ էդ հիվանդանոցում չկան անոթաբան բժիշկներ, անոթաբան վիրաբույժներ: Ինքը ունի ողնաշարի լուրջ խնդիրներ, և էդ հիվանդանոցում չկան համապատասխան պրոֆիլի բժիշկներ»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը քննադատելով իշխանության վերաբերմունքը ճաղերի հետեւում գտնվողների նկատմամբ՝ ասում է, որ անգամ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը դաս չեղավ նրանց համար․ - «Նրանց պետք չէ այդ դասը։ Նրանք Արթուրին նույնպես սպանեցին: Նրանք նույնպես արդարադատության համակարգը նրա նկատմամբ կիրառեցին, որպես պատժիչ համակարգ, որպես մի մամլիչ, որի միջով անցնելիս նա փաստորեն մահացավ: Նույնը արվում է այսօր Վահան Շիրխանյանի դեպքում: Եվ դաս չի լինում, որովհետև նրանք իրենց առջև դրված խնդիրը լուծում են: Նրանց Հաց բերողի մահից հետո իրենց պատժված չեն զգացել: Նրանք Հաց բերողի մահից հետո իրենց հաղթանակած են զգում: Եվ նրանք շարունակում են իրենց այդ հաղթարշավը»:

2015-ի նոյեմբերին ԱԱԾ-ի կողմից Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորման գործի շրջանակներում, հիշեցնենք, մեղադրանք էր առաջադրվել 33 անձի:

Հանցավոր համագործակցությանը մասնակցելու և դրա օգտին գործելու մեջ մեղադրվող Շիրխանյանը մեղքը չի ընդունում։

ԱԱԾ-ն ավելի վաղ նշել էր, որ հանցախմբի առանցքային դերակատար Արթուր Վարդանյանը 2015 թվականի մայիսից «ձեռնամուխ է եղել հանցավոր համագործակցությունը ձևավորելու, այդ գործում ՀՀ քաղաքացիների ներգրավելու, զենք-զինամթերք հայթայթելու և իշխանությունը զավթելուն ուղղված այլ գործողություններ իրականացնելուն»: Իսկ 2015 թվականի նոյեմբերի 25-ին «հանցավոր խումբը բացահայտվել և վնասազերծվել էր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG