Մատչելիության հղումներ

Հունիսից կշահագործվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին. Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին պատրաստվում է շահագործման, հունիսից այն կսկսի իր աշխատանքները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը՝ ընդգծելով, որ երկաթուղին թույլ կտա թուրք արտադրողների արտադրանքը հասցնել տարբեր երկրներ, կխնայի ոչ միայն ժամանակ, այլ նաև` ֆինանսական միջոցներ։

Նրա խոսքով՝ Կարսից դեպի Բաքու կգործի երկաթուղային մեկ գիծ, իսկ հետագայում երթուղին կշարունակվի մինչև Ղազախստան և Թուրքմենստան` հասնելով մինչև Չինաստան:

Երկաթուղու կառուցման շուրջ բանակցությունները, հիշեցնենք, սկսվել էին դեռևս 1993 թվականին՝ Անկարայում Թուրքիա-Վրաստան միջկառավարական նիստի ընթացքում։

Վերջին տարիների Հարավային Կովկասի թերևս ամենախոշոր այս նախագծի կառուցումը այսպիսով տևեց շուրջ տասը տարի։ Ի սկզբանե երկաթուղու բացումը պլանավորվում էր 2011 թվականին, սակայն ժամկետները մի քանի անգամ հետաձգվել են:

Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս 862 կիլոմետրանոց երկաթուղին համատեղ կառուցում են Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան: Դրա շահագործումից հետո այդ երկրների միջև փոխադարձ առևտուրը նշանակալիորեն կաճի, ընդհանուր ծավալը կգերազանցի տարեկան 10 միլիարդ դոլարը:

2008-ի վերջին նախագծի ընդհանուր արժեքն, ըստ տարբեր գնահատականների, հասնում էր 1 միլիարդ ամերիկյան դոլարի, մինչդեռ ավելի վաղը խոսվում էր մոտ 420 միլիոն դոլարի մասին։

Ծրագրի աջակիցների համոզմամբ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին տարածաշրջանում կարագացնի տնտեսական զարգացումը, կնպաստի խաղաղության ու կայունության ամրապնդմանը։

Պաշտոնական Երևանը դեմ էր արտահայտվել ծրագրին՝ առաջարկելով փոխարենն օգտագործել արդեն գոյություն ունեցող Կարս-Գյումրի երկաթգիծը, որը ղարաբաղյան զարգացումների կապակցությամբ Թուրքիայի կողմից արգելափակվել է։ Իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ նախագիծը դիտարկում են որպես Հայաստանին մեկուսացնելու նախաձեռնություն։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG