Մատչելիության հղումներ

Աստղիկ Գևորգյան. Երևանի համար շատ բան կա անելու


«Միակ պատճառը, որ ես ցանկանում եմ լինել ավագանու անդամ, դա սերն է Երևանի նկատմամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ժուռնալիստների միության նախագահ, Երևանի գործող ավագանու անդամ Աստղիկ Գևորգյանը։

«Ազատություն». - Տիկին Գևորգյան, Դուք փաստորեն Հանրապետական կուսակցության ցուցակով չորրորդ համարն եք և կրկին ցանկանում եք դառնալ ավագանու անդամ, ինչո՞ւ։

Գևորգյան. - Սերը Երևանի նկատմամբ` միակ պատճառը, որ ես ցանկանում եմ լինել ավագանու անդամ, դա սերն է Երևանի նկատմամբ։ Երևանի համար շատ բան կա անելու։ Մտա ավագանի, որ տեսնեմ՝ էլ ինչ կարող եմ անել Երևանի համար, ինձ ուրիշ ոչինչ պետք չի՝ ոչ մի անձնական խնդիր չունեմ լուծելու, չեմ էլ կարող ունենալ, ոչ միայն ես, այլև ավագանու անդամները։ Այսօր մի ձայնագրություն լսեցի ակամա, մինչև եթեր դուրս գալը, մեկն ասաց, ով պատրաստվում է մասնակցել ավագանու ընտրություններին, թե՝ «մենք նախ պետք է գրավենք Երևանը»։ Այդ արտահայտությունն արվել է նաև մեկ ուրիշ քաղաքական ուժի կողմից՝ նախորդ ավագանու ընտրությունների ժամանակ, և ես ասացի՝ «հարց եմ տալիս՝ այդ ումի՞ց եք գրավում Երևանը՝ սելջուկների՞ց, թաթարների՞ց, թուրքերի՞ց, ումի՞ց, ումի՞ց եք գրավում Երևանը, որ «մենք պետք է գրավենք»: Աստված մի արասցե, որ գրավեն, երազում եմ ուղղակի տեսնել այն ժամանակը, երբ ընդդիմությունը սիրով է ամեն ինչն ասում, մտահոգ է ասում, սրտի ցավով է ասում։

«Ազատություն». - Կարծում եք՝ այդպես չէ՞։

Գևորգյան. - Այդպես չեն երանգները, որովհետև պետք է ավելի ճիշտ գնահատել։ Նայեք՝ Տարոն Մարգարյանի ընտրվելուց հետո և մինչ այդ էլ, անկեղծ ասած, թեկուզ քիչ մնացին նախորդ քաղաքապետերը, բայց անընդհատ լավ միտում կար, անընդհատ նորույթ կար, և ոչ մեկը չի հիշում դա՝ և՛ Կարեն Կարապետյանի ժամանակ, և՛ Գագիկ Բեգլարյանի ժամանակ։ Տարոն Մարգարյանի ժամանակ այնքան է եղել նորությունը, դրականը... նայե՛ք, Տարոն Մարգարյանը ինչ-որ բաներ է անում, որ ամենայն գովասանքի արժանի է, ոչ թե ես ուզում եմ հիմա նրա գովքի եթերը կառուցել, այլ ինձ համար շատ կարևոր են առաջնային և երկրորդային հարցերը։

«Ազատություն». - Տեսնո՞ւմ եք ընդդիմադիր երկու ուժերին քաղաքապետարանում՝ խոսքը «Ելք» դաշինքի և «Երկիր Ծիրանի» կուսակցության մասին է։

Գևորգյան. - Երկու ուժերին էլ ծանոթ եմ խորհրդարանից։ Նիկոլ Փաշինյանին նաև որպես լրագրող ես գիտեմ, ինքը գրագետ լրագրող է և սրամիտ լրագրող է, որևէ բան չունեմ ասելու։ Պետք է աշխատի, նոր իմանանք, որովհետև մարդը կարող է մեկ ուրիշ ոլորտում, մեկ ուրիշ տիրույթում փայլել, բայց քաղաքապետ աշխատելը շատ ծանր բան է, շա՛տ ծանր բան, որովհետև քուն ու դադար կորցրած՝ ո՛չ ժամացույցի են նայում, ո՛չ օրացույցի են նայում, որովհետև անսպառ են քաղաքի պրոբլեմները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG