Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր գործիչ Զարուհի Փոստանջյանի համար առայժմ անհասկանալի է, թե ինչ ուժ է «Ելք» դաշինքը։ Նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդը այդ անորոշությամբ է պայմանավորում Երևանի ավագանու ընտրություններին միայնակ մասնակցելու որոշումը։

«Մենք չգիտենք, թե դեռ իրենից ինչ է ներկայացնում «Ելք»-ը, որովհետև «Ելք»-ը դեռ քննությունը չի հանձնել, մենք իր քաղաքական վարքագծին դեռ ծանոթ չենք: Այսինքն, մի խումբ ղեկավարելը, ում որպես քաղաքական միավոր չես փորձարկել, չգիտես ինչ է իրենից ներկայացնում, դա շատ կոպիտ սխալ կլիներ», - «Ազատության» հետ հարցազրույցում ասաց Փոստանջյանը:

Մայիսի 14-ին կայանալիք ընտրություններին կմասնակցի երեք ուժ․ իշխող հանրապետականի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ կմրցեն Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Ելք» դաշինքն ու Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանին»։

Օրերս «Ազատության» հետ զրույցում Նիկոլ Փաշինանը հայտարարել էր, որ ինքը Փոստանջյանին միասին մասնակցելու երեք առաջարկ է արել, այդ թվում՝ ցուցակի առաջին հորիզոնականը, սակայն Փոսջանջյանը հրաժարվել է: Վերջինս, սակայն, այսօր հայտարարում է, որ «Ելք»-ից պաշտոնական առաջարկ չի ստացել․ - «Պարոն Փաշինյանը խախտել է էթիկայի կանոնները, որովհետև ես իրենց հետ ուղղակի գործընկերային զրույց եմ ունեցել սրճարանում, որը պաշտոնական զրույց չէր, և կարիք չկար դա հրապարակել։ Որովհետև նա իրավասու չէր ինձ պաշտոնական առաջարկներ ներկայացնելու»:

Նիկոլ Փաշինյանը հակադարձում է՝ պնդելով, որ թ՛ե ինքը և թե՛ դաշինքի մյուս առաջնորդները Փոստանջյանի հետ հանդիպել են պաշտոնական ձևաչափով․ - «Այդ բոլոր խոսակցությունները եղել են պաշտոնական, այդ բոլոր առաջարկները արվել են պաշտոնապես։ Այսինքն, եթե դաշինքի ղեկավարներն են առաջարկությունը անում, կարծում եմ, մենք չպետք է նոտարից տեղեկանք բերեինք, որ մենք իրոք ներկայացնում ենք «Ելք» դաշինքը և իրավունք ունենք այդպիսի առաջարկ անելու»:

Ըստ պատգամավորի, առավել քան հայտնի է, թե ինչ ուժ է «Ելք» դաշինքը․ - «Ցավում եմ այդպիսի հայտարարությունների համար: Կարծում եմ, եթե որևէ մեկը չի կողմնորոշվում, թե «Ելք» դաշինքը ինչ ուժ է, նա հնարավորություն ունի տեղեկատվություն ստանալ «Ելք» դաշինքի 122 հազար 49 ընտրողներից»:

Թե՛ Փաշինյանը և թե՛ Փոստանջյանը հայտարարում են, որ ընտրությունների գնում են միմիայն հաղթելու համար։

Նորաստեղծ «Երկիր ծիրանին» մայրաքաղաքի ավագանու ընտրություններին մասնակցում է 51 հոգանոց ցուցակով։ Կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի խոսքով, բոլորն էլ հայտնի մարդիկ են. ֊ «Մտադիր ենք հաղթել, մտադիր ենք գրավել քաղաքապետարանը: Եվ իհարկե նաև փոխել քաղաքական ամբողջ մթնոլորտը, որը տիրում է Հայաստանի Հանրապետությունում»:

Ընտրության արդյունքում Երևանը կշարունակի ունենալ ավագանու 65 անդամ: Եթե կուսակցություններից որևէ մեկը չստանա մանդատների մեծամասնությունը, ապա հրավիրված առաջին նիստում ավագանու անդամները գաղտնի քվեարկությամբ կընտրեն քաղաքապետին։

Ի դեպ, անկախ ընտրության արդյունքներից, բոլոր երեք կուսակցություններն էլ կստանան ավագանու մանդատներ, քանի որ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ Երևանի քաղաքային իշխանությունը պետք է կազմված լինի առնվազն երեք կուսակցությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG