Մատչելիության հղումներ

Սարիթաղցիների նստացույցը կարող է վերածվել հացադուլի


Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 9 ամիս ազատազրկման մեջ գտնվող սարիթաղցիների հարազատներն արդեն երկրորդ շաբաթն են նստացույցի դուրս եկել Գլխավոր դատախազության շենքի առջև:

Թեև նախորդ շաբաթ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել էր նրանցից մի քանիսին, սակայն ցուցարարները դժգոհ են նրա պատասխանից:

«Ազատության» հետ զրույցում Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանն ասաց, որ գլխավոր դատախազն իրենց հետևյալ առաջարկն է արել․ - «Պայմանական չեն կիրառի, եթե դատարանում իրանք ընդունեն իրանց մեղադրանքը և ասեն, որ զղջում են: Հաջորդ օրն ասացին, որ նաև էդ երեքի մեջ մտնում է իմ ամուսինը»:

Բերնեցյանը հավելեց, որ իր ամուսինը, սակայն, պատրաստ չէ դրան․ - «Քանի որ նա 316-ի երկրորդ մասով ոչ մի հանցագործություն չի գործել»:

Նստացույցի մասնակիցները պնդում են, թե իրենց հարազատները ՊՊԾ գնդի գրավման օրերին բացառապես սոցիալական խնդրիների լուծման պահանջով էին փողոց դուրս եկել՝ հիշեցնելով, որ Սարի թաղը երեք օր հոսանքազրկված ու ջրազրկված է եղել, նաև երթևեկությունն է արգելված եղել:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն «Ազատության» հետ զրույցներից մեկում, անդրադառնալով ամբաստանյալների հարազատներին դատախազի արած առաջարկին՝ նշել էր, որ Արթուր Դավթյանն այդպիսով ուղղորդել է դատարանին:

«Խոսքը արդարադատության մասին չէ», - ասել էր իրավապաշտպանը: - «Այս սա ցույց է տալիս՝ գլխավոր դատախազի այս մոտեցումը․․․ Ինչո՞ւ պետք է ընդունի մեղքը, եթե ինքը ներքին վստահ է, որ ինքը չունի էդ մեղքը: Ի՞նչ են ուզում, ստրկությո՞ւն են ուզում մարդկանց: Եթե մենք ուզում ենք պատժենք, ուրեմն դուք պետք է պատժվեք, պետք է կամավոր հայտարարեք, որ դուք ուզում եք, որ մենք ձեզ պատժենք: Քաղաքական ենթատեքստը մենք տեսնում ենք իշխանության վարքագծի մեջ․․․ Եթե գլխավոր դատախազը ասում է՝ ընդունեք ձեր մեղքը, ինքը ուղղորդում է ուղղակի դատարաններին: Եթե մեղքը չընդունես, դու կազատազրկվես այնքան, ինչքան իրանք կորոշեն»:

Թե՛ իրավապաշտպանը և թե՛ ամբաստանյալների հարազատները պնդում են, որ զուտ սոցիալական պահանջով փողոց դուրս եկած տասը սարիթաղցիներին անազատության մեջ պահելով՝ իշխանությունը պատժում է նրանց ընդվզելու համար:

Ի դեպ, եթե դատարանը հաստատի ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքը, ապա նրանք կազատազրկվեն 5-10 տարի:

Ցուցարարները տարակուսած են, թե գլխավոր դատախազն ինչո՞ւ է կանխակալ վերաբերմունք դրսևորում, երբ դեռ ամբաստանյալներից մի քանիսի մասով դատական գործերը անգամ չեն սկսվել:

Նարինե Ղազարյանն ասաց, որ իր ամուինը՝ Հրաչ Բոյաջյանը, նույնպես չի ընդունելու առաջադրված մեղադրանքը․ - «Չի ընդունում նրա համար, որովհետև ինքը ունի ընդամենը մի հատ քար օգտագործված, դա տեսանյութում հստակ երևում է, որ երկու ոստիկան իր կողքը կանգնած, ինքը քարը վերցնում ա, կրակելուց հետո, վախի մթնոլորտ ստեղծվելուց հետո, ինքը քարով հարբածում ա մեքենային ուղղությամբ: Դա ես չեմ ժխտում: Եղել ա երկկողմանի վիճաբանություն, մենք չեն ժխտում, մենք չենք արդարացնում, որ մեր տղաները լիարժեք, հարյուրտոկոսանոց [անմեղ] են, բայց իրանք ինն ամիս դրա համար պատասխան են տվել»:

Սարիթաղիցների հարազատներն պնդում են, որ դատարանում որևէ ոստիկան չի կարողացել ապացուցել, որ այդ տասը մեղադրյալներից որևէ մեկն իրենց հարվածել է:

Կալանավորված Հարություն Թորոսյանի եղբայրը՝ Թորոս Թորոսյանը, ասում է, որ ընդհանրական մեղադրանք է ներկայացված՝ հավելելով, որ գլխավոր դատախազին ներկայացրած հարցին հստակ պատասխան չեն ստացել․ - «Պարոն Դավթյանի ուշադրությունը հրավիրեցի մոտ տասը հատ լուրջ խախտումների վրա, որոնք տեղի են ունենում դատարանում և ակնհայտ են: Տասը հատն էլ տենց օդից կախված մնացին, որովհետև չկար դրանց պատասխանը: Դրանից հետո ինքը շեշտեց երեք հոգու ազգանուն, ովքեր եթե իրենց մեղքը ընդունեն․․․ Բայց ախր մեղքը ո՞րն ա, մի հատ մեղքը ցույց տվեք, հետո խոսանք․․․ Մենք մեղավոր չենք, դուք հըլը ապացուցեք»:

Մինչդեռ Գխավոր դատախազությունից «Ազատությանը» տրված գրավոր պատասխանում ասված է․ - «Գլխավոր դատախազի կողմից նրանց պարզաբանվել է մեղադրող դատախազի պատժի միջնորդության հիմքերը, և նշվել, որ դա կապ չունի դատարանի կողմից կայացվելիք վճռի հետ: Ինչ վերաբերում է առաջարկին, ապա ներկայացվել են անհատական տվյալները, մեղմացնող-ծանրացնող հանգամանքը ինչպիսի պատիժներ կարող է միջնորդվել: Իսկ վերջնական պատիժը նշանակում է դատարանը»:

Նստացույցի մասնակիցների կարծիքով, դատախազն իրենց «գործարքի նմանվող» առաջարկ է ներկայացրել։

Նրանք «Ազատությանը» փոխանցեցին, որ եթե ազատ չարձակվեն իրենց հարազատները, ապա նստացույցը կվերածեն հացադուլի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG