Մատչելիության հղումներ

Հրայր Թովմասյանը՝ նոր խորհրդարանի առաջին նիստի մասին


Հրայր Թովմասյան, արխիվ
Հրայր Թովմասյան, արխիվ

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ներկայացրել է նոր խորհրդարանի գործունեության մեկնարկի կարգը։

Թովմասյանը, վկայակոչելով 2005 թվականի սահմանադրական փոփոխությունների 68-րդ հոդվածը, հայտնեց, որ Ազգային ժողովի առաջին նիստը գումարվում է պատգամավորների երկու երրորդի ընտրվելուց հետո երրորդ հինգշաբթի օրը։

«Այդ օրը պետք է համարել ապրիլի 9-ը։ Եթե հաշվենք երրորդ հինգշաբթի օրը, ապա դա մեզ մոտ ստացվում էր ապրիլի 27-ը, բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանն իրավասու է, ըստ էության, ընդունելու բոլոր այն որոշումները, որոնք ընդունելու իրավունք ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ապա այդ ժամկետների հաշվարկը պետք է սկսել Սահմանադրական դատարանի որոշումից հետո, այլ ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից հետո։ Տեսական վերջնաժամկետները հետևյալն են՝ Սահմանադրական դատարան դիմելու հստակ ժամկետ կա, դա ընտրության արդյունքներն ամփոփելուց հետո հինգերորդ օրը մինչև 18։00-ն են, այսինքն՝ մինչև ապրիլի 14-ը ժամը 18։00-ն այդ դիմումները պետք է ներկայացվեն», - ասաց Թովմասյանը։

Ըստ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Սահմանադրական դատարանն այդ դիմումները պետք է քննի առավելագույնը 15 օրում։

«Սահմանադրական դատարանը մասին օրենքով, նախատեսված է այս դիմումների քննության առավելագույն ժամկետը, դա 15 օրն է։ Եթե հաշվենք ամսի 14-ից 15-ը, ապա վերջին օրը, երբ Սահմանադրական դատարանը այդ հարցով պետք է որոշում կայացնի դա ապրիլի 29-ն է, և եթե այս դեպքում հիմք ընդունենք ապրիլի 29-ը որպես Ազգային ժողովի երկու երրորդի ձևավորման ժամկետ, ապա դրանից սկսած պետք է հաշվարկել, թե երրորդ հինգշաբթի օրը որն է, եթե 29-ը կլինի, ապա այդ ժամկետը մայիսի 18-ն է մեզ մոտ լինում, բայց Սահմանադրական դատարանը կարող է ավելի կարճ ժամկետում ընդունի, հետևաբար, երբ ընդունվեց, այդ ժամկետները որոշակիորեն առաջ կգան՝ կարող է լինել ամսի 11-ը կամ 18-ը», - ասաց Թովմասյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG