Մատչելիության հղումներ

Փարպիում ԱԺ ընտրություններն անվավեր են ճանաչվել, հարուցվել է քրգործ


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը Երևանում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը Երևանում

Թիվ 17 տարածքային ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել Արագածոտնի մարզի Փարպի գյուղում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ ԿԸՀ-ն արձանագրել է, որ նշված տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու փաստը չի կարող ազդել ընտրության արդյունքների վրա, այդ իսկ պատճառով վերաքվեարկություն չի նշանակվել։

«Ազատություն». - Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել Արագածոտնի մարզի Փարպի գյուղում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչո՞ւ։

Հարությունյան. - Նշեմ, որ ապրիլի 2-ին ԿԸՀ-ում ստացվել է մեկ դիմում Դաշնակցության կողմից, դիմումը վերահասցեագրվել է համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովին՝ թիվ 17 տարածքային ընտրական հանձնաժողովին, որն էլ դիմումի քննության արդյունքում ապրիլի 7-ին կայացրել է որոշում Փարպի համայնքի թիվ 17/21 ընտրատեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին։ Այսինք՝ ոչ թե ԿԸՀ-ն է ներկայացրել նման որոշում, այլ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովը։ Երեկ ԿԸՀ-ն ամփոփեց Ազգային ժողովի ընտրության արդյունքները և որոշմամբ ԿԸՀ-ն նաև արձանագրեց, որ նշված տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու փաստը չի կարող ազդել ընտրության արդյունքների վրա և վերաքվեարկություն չի նշանակվել։

«Ազատություն». - Այսինքն՝ այնտեղ նորից ընտրություններ չե՞ն լինելու՝ Փարպի գյուղում առանձին։

Հարությունյան. - Ո՛չ, կրկնեմ, որ ԿԸՀ-ն գտնում է, որ չէր կարող անվավեր ճանաչելով տվյալ տեղամասում քվեարկության արդյունքները չէր կարող ազդել ընտրության արդյունքների վրա, և այդ պատճառով վերաքվեարկություն չի նշանակվել տվյալ ընտրական տեղամասում։

«Ազատություն». - Իսկ հիմնական խախտումները որո՞նք են եղել, որոնց հիման վրա էլ, տարածքային հանձնաժողովն անվավեր է ճանաչել ընտրությունների արդյունքները կոնկրետ այդ համայնքում։

Հարությունյան.- Քանի որ նշված տարածքային ընտրական հանձնաժողովն է իրականացրել դիմումի քննությունը, այս պահին ես մանրամասներին չեմ տիրապետում, ևս մեկ անգամ կրկնեմ, որ տարածքային ընտրական հանձնաժողովն է այդ որոշումը կայացրել։

Դատախազությունը տեղեկացնում է, որ Փարպիում կայացած քվեարկության գաղտնիությունը խախտելու փաստի առթիվ դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ։

Ըստ հաղորդագրության, Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, նույն կուսակցության նախընտրական շտաբի պատասխանատու Աղվան Վարդանյանը ապրիլի 2-ին Գլխավոր դատախազին հասցեագրված գրությամբ հայտնել է, որ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում տեղակայված 17/21 ընտրատեղամասում քվեարկությունը կատարվում է ուղղորդված և բաց, քվեախցիկ են մտնում մեկից ավելի անձինք և վերահսկվում է ընտրողի կողմից կատարված քվեարկությունը:

«Նույն օրը հիշյալ գրությունն ուղարկվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն’ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ: Ապրիլի 4-ին Արագածոտնի մարզի դատախազություն է ստացվել թիվ 17 տարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 6-Ա որոշումն՝ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի թիվ 17/21 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, որի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ հանձնաժողովը, ուսումնասիրելով հիշյալ ընտրական տեղամասում քվեարկության ընթացքի վերաբերյալ տեսանկարահանող սարքերի արխիվային նյութերը, արձանագրել է, որ թիվ 17/21 ընտրատեղամասում առկա են բազմաթիվ ընտրողներ, բաց քվեարկություններ և ընտրողների կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողություն և հետևության է հանգել, որ տեղի է ունեցել Ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի պահանջների խախտում», - ասված է հաղորդագրությունում:

Դատախազությունը նշում է, որ փաստի առթիվ նախապատրաստված նյութերով ապրիլի 6-ին կայացված որոշումը Արագածոտնի մարզի դատախազի տեղակալի կողմից ապրիլի 7-ին վերացվել է և Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով /քվեարկության գաղտնիությունը խախտելը/ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG