Մատչելիության հղումներ

Ռուսաստանը 1 միլիարդ դոլարի հերթական վարկը կտրամադրի Բելառուսին


Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկո, արխիվ
Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկո, արխիվ

Ռուսաստանը 1 միլիարդ դոլարի հերթական վարկը կտրամադրի Բելառուսին, և սա ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգում այդ երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունների հիմնական արդյունքն է, որի մասին երեկ հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն:

«Լավ պայմաններով հավելյալ վարկի մասին համապատասխան հանձնարարականներ էին տրվել երկու նախագահների վերջերս կայացած հանդիպմանը», - ասել է փոխվարչապետը:

Սեմաշկոյի խոսքով՝ Ռուսաստանը կաջակցի, որպեսզի Բելառուսը Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից ստանա երրորդ և չորրորդ տրանշերը՝ յուրաքանչյուրը 300 միլիոն դոլարի: 2016-ին Բելառուսն արդեն ստացել էր այդ հիմնադրամի երկու փոխանցումները, որոնք կազմել էին 800 միլիոն դոլար։

Փորձագետները նկատում են, որ ռուս-բելառուսական տնտեսական հարցերի շուրջ կոշտ հակամարտությունից հետո երկու նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում արդյունավետ էր հատկապես բելառուսական կողմի համար։ Լուկաշենկոյին հաջողվել է պայմանավորվել՝ և՛ ռուսական պարտքի, և՛ գազի գնի շուրջ, որը նվազելու է 2018-ին և 2019-ին։ Բացի այդ, Մոսկվան պարտավորվել է Բելառուսին տրամադրել էներգակիրները նախկին ծավալով, ինչը, Լուկաշենկոյի խոսքով, կփոխհատուցի ռուսական գազի բարձր գինը։

Բելառուսին «Գազպրոմ»-ը, հիշեցնենք, գազը 1000 խորանարդ մետրը 130 դոլարով է վաճառում:

Հենց գազի, Մինսկի կարծիքով, բարձր գինն է, որ դարձել է ռուս-բելառուսական հակամարտության պատճառ։ Երկրի նախագահը պարբերաբար կոշտ հայտարարություններ է անում Մոսկվայի հասցեին։ Երկու ամիս առաջ, մասնավորապես, Լուկաշենկոն հայտարարել էր, որ երկրին ռուսական նավթի մատակարարումների կրճատումը պետք է լրացվի այլընտրանքային տարբերակներով։ Ավելին՝ Բելառուսի նախագահն անգամ սպառնացել էր դուրս գալ ՀԱՊԿ-ից։

Քաղաքացիական տեխնոլոգիաների կենտրոնի փոխնախագահ Ալեքսեյ Մակարկինի կարծիքով՝ Մոսկվան ստիպված է հաշվի նստել Բելառուսի նախագահի իրարամերժ հայտարարությունների հետ, քանի որ այսօր չի կարող հրաժարվել ևս մեկ դաշնակցից՝ ի դեմս Բելառուսի:

«Մոսկվան այսօր քիչ դաշնակիցներ ունի, և հենց այդ պատճառով էլ չի ցանկանում կորցնել Մինսկին՝ որպես քաղաքական և տնտեսական համախոհ», - «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին ասել է քաղաքական մեկնաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG