Մատչելիության հղումներ

Մեծ յոթնյակը քննարկում է Սիրիայի թեման


Մեծ յոթնյակի պետությունների դրոշները, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ժամանել է Իտալիա, որտեղ մեկնարկում է աշխարհի առավել զարգացած արդյունաբերություն ունեցող երկրների՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հավաքը: Քննարկումներին կմիանան նաև Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Քաթարի արտգործնախարարները:

Նախկինում Մեծ յոթնյակը Մեծ ութնյակ էր, բայց Ռուսաստանը ղրիմյան ագրեսիայի կապակցությամբ արտաքսվել է խմբից:

Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն ասել է, որ Մեծ յոթնյակը որոշել է շտապ քննարկել Սիրիայի հարցը՝ նպատակ ունենալով կանխել վեց տարի շարունակվող հակամարտության սրընթաց շիկացման վտանգը: Ժողով գումարելու անհրաժեշտությունն ի հայտ է եկել այն բանից հետո, երբ ամերիկացիները ապրիլի 7-ին Tomahawk տեսակի թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել «Շայրաթ» օդակայանին և ոչնչացրել այնտեղ բետոնե հաստ ծածկերի տակ գտնվող սիրիական մոտ երկու տասնյակ ռազմական օդանավեր: Պենտագոնն այդ հարվածը հասցրել է ի պատասխան Իդլիբում քիմիական զենքի կիրառման, ինչի հետևանքով սպանվել է ավելի քան ութ տասնյակ խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

Երեկ Թիլերսոնը CBS հեռուստակայանի հետ զրույցում քննադատել է ռուսներին: «Ռուսաստանը՝ որպես Սիրիայի քիմիական զենքի պաշարների ոչնչացման հարցով ՄԱԿ-ի 2013 թվականի բանաձևի կատարման երաշխավորող, հստակ պարտավորություններ է ստանձնել: Ռուսաստանը չի կատարել պարտավորությունները, և դրա արդյունքում սպանվել են մեծ թվով անմեղ մարդիկ, երեխաներ», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Վեց նախարարները Թիլերսոնից կպահանջեն ներկայացնել Վաշինգտոնի հստակ քաղաքականությունը Սիրիայի հարցում, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական ամիսներին հավատացնում էր, որ հաղթանակի դեպքում չի դիմի հարձակողական քայլերի և ի տարբերություն նախորդների՝ մարդու իրավունքների պաշտպանությունն իր արտաքին դիրքորոշման առանցքը չի դարձնի:

Միացյալ Նահանգների դաշնակիցները ողջունում են «Շայրաթ» օդակայանին հարված հասնելու որոշումը և միաժամանակ ցանկանում են հասկանալ դրա էությունը՝ ի՞նչ էր հարվածը՝ միանվագ գործողությո՞ւն, թե՞ արտաքին քաղաքականության ասպարեզում լուրջ տեղաշարժ և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հեռացնելու պահանջ:

Ըստ Լոնդոնում լույս տեսնող The Sunday Times-ի, Մեծ Բրիտանիան կառաջարկի Ռուսաստանի նկատմամբ սահմանել նոր պատժամիջոցներ այն դեպքում, եթե Կրեմլը հրաժարվի խզել կապերն Ասադի հետ:

The Times-ը նշում է, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը գործընկերներին կհորդորի ընդունել Ռուսաստանին հասցեագրված համատեղ հայտարարություն, որով կպահանջվի դադարեցնել աջակցությունն Ասադին և դուրս բերել ռուսական զորամիավորումները Սիրիայից, ինչը, ըստ Ջոնսոնի, կընձեռի պատերազմի հետևանքով ավերված երկիր ավտոշարասյուներով մարդասիրական օգնություն հասցնելու հնարավորություն: Եթե ռուսներն այդ պահանջը մերժեն, ըստ Լոնդոնի, պետք է սահմանել նոր՝ շատ ավելի կոշտ պատժամիջոցներ:

Լուկկա ավանում կայանալիք ժողովից հետո Թիլերսոնը վաղը կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսված է Սիրիայի հարցով քննարկում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ռուսաստանը և Իրանը սատարում են Ասադին, մինչդեռ Ամերիկան և Թուրքիան աջակցում են հակակառավարական ընդդիմությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG