Մատչելիության հղումներ

5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունն այլևս չի ուզում աշխատել՝ խորհրդարանի այսօրվա նիստը տապալվեց քվորումի բացակայության պատճառով։ 131 պատգամավորներից առնվազն 66-ի ներկայությունն էր անհրժեշտ, այնինչ կեսօրին 16-ն էին եկել։

«Եթե վաղուց չեք խոսացել, խոսելու ցանկություն ունեք, համեցեք։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ սպասենք երեք ժամ», - հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։

Երեք ժամվա ռեժիմն էլ չօգնեց՝ առնվազն 66 պատգամավորներն այդպես էլ չհավաքվեցին։ «Տեղեկացնեմ ձեզ, որ 3-ժամյա գրանցման արդյունքում քվորում չի ապահովվել, հարգելի տիկնայք և պարոնայք, սիրելի հեռուստադիտողներ, նիստն այսօր չի կայանա, կհանդիպենք վաղը՝ ժամը 12։00-ին», - ասաց խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Անցած ողջ քառօրյայի ընթացքում հատուկենտ պատգամավորներ էին հիշում օրենսդիր աշխատանքի մասին: Ազգային Ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նախորդ նիստերի տապալումը պայմանավորում էր քարոզարշավով: Այսօր էլ հայտարարեց, թե «նման պրակտիկա կա՝ ընտրություններից հետո հին գումարման Ազգային ժողովի նիստերը չեն կայանում»:

«Մի մասն արդեն Հայաստանում չէ, մի մասը Հայաստանում է, բայց հանգստանում է, մի մասը այլ գործի է անցել: Մենք որ եկել ենք», - ասաց Շարմազանովը։

Խորհրդարանում արդեն ճամպրուկային տրամադրություններ են. հաջորդ խորհրդարան չանցած պատգամավորներն իրենց անձնական իրերն են հավաքում: Բեռնվում են կաշվեպատ բազմոցներ, սեղան-աթոռներ, անգամ՝ սառնարան: Անցած հինգ տարիների ամենաակտիվ պատգամավորներից մեկը՝ ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանը, որը հաջորդ խորհրդարանում ներկայացված չի լինի, իր հետ ուզում է վերցնել Հայաստանի դրոշը:

Այսօր նա խորհրդարանի դեռևս գործող նախագահ Գալուստ Սահակյանին խնդրեց «Ժառանգություն» խմբակցության եռագույնը նվիրել իր նորաստեղծ կուսակցությանը: Նիստերի դահլիճում Փոստանջյանի տասնյակ խնդրանքներ մերժած Գալուստ Սահակյանն այսօր ընդառաջեց։

Հանրապետականը դեռ չի հայտարարել, թե նոր խորհրդարանում ով կլինի Ազգային ժողովի նախագահի իր թեկնածուն, բայց Գալուստ Սահակյանն արդեն այսօր լրագրողներին հիասթափեցրեց. - «Ինձ մի տեսեք այդ պաշտոնում, ինձ տեսեք որպես Գալուստ Սահակյան»:

Ընտրությունների արդյունքներով՝ հաջորդ խորհրդարանում չեն լինի Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), «Ժառանգություն»-ն ու «Օրինաց երկիր»-ը (ՕԵԿ):

Լևոն Զուրաբյանը վստահեցրեց՝ Կոնգրեսը շարունակելու է քաղաքական պայքարը: «Ոչ ոք, սենց ասեմ, թող չարխայնանա, շատ ծանր վիճակ է գալիս։ Ի՞նչ հարց են լուծել, իշխանության պահպանման հարցը լուծել են, ընդդիմության վերացման հարցը պառլամենտում լուծել են, որովհետև այսուհետև կլինի միայն իրենց կողմից վերահսկվող ընդդիմություն, բայց Հայաստանն ի՞նչ գին է վճարել... անգամ այդ փայլուն դեմքերով հաղթանակած այս մեծամասնությունը, իբր մեծամասնությունը, շատ մեծ կորուստներ է ունենալու, բայց դրա մասին իրենք դեռ չգիտեն, իրենք դեռ երջանիկ են, իրենք դեռ կարծում են, որ լափամանը կարողացել են պաշտպանել, պահել իրենց ձեռքում և անպատիժ հարստանալ», - ասաց Զուրաբյանը։

ՀԱԿ խմբակցության կազմում հինգ տարի պատգամավոր աշխատած Լյուդմիլա Սարգսյանը 6-րդ գումարման Ազգային ժողովում չի լինի: Նրա ղեկավարած Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը «Ծառուկյան» դաշինքի հետ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում ուներ, այդ որոշումն այդպես էլ մնաց թղթի վրա։

Հարցին, թե իրենց քաղաքական ծրագրերը սխա՞լ հաշվարկեցին, Սարգսյանը պատասխանեց. - «Ես չեմ կարծում, որ սխալ ենք հաշվարկել, միշտ չի, որ ամեն ինչ այնպես է ստացվում, ինչպես դու պլանավորում ես։ Դե, լինում են նման բաներ, բայց դա չի նշանակում, որ իմ համակրանքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ նվազել է»։

Մեկ այլ հարցի, թե կմոռացվի՞ որպես քաղաքական գործիչ, Սարգսյանը պատասխանեց. - «Հույս ունեմ, որ ոչ։ Ես շատ դժվարությունների միջով եմ անցել, դրա համար հիմա կարող եմ նույնիսկ ժպիտով վերաբերվել այն փաստին, որ ես այլևս խորհրդարանում չեմ լինելու, համենայն դեպս այս գումարման»։։

Իշխող Հանրապետական խմբակցության կազմում հաջորդ խորհրդարանում չի լինի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը ղեկավարող Հովհաննես Սահակյանը:

Թե ինչով է զբաղվե՞լու, Սահակյանն ասաց, որ փակագծերը չի բացի, բայց հայտարարեց, որ ամեն ինչ ավելի լավ է լինելու։ «Ի սկզբանե պետք է հասկանաս և ընդունես, որ թիմային աշխատանքը ենթադրում է թիմի կանոններ, և թիմի մեջ քո ցանկությունները դա երկրորդվում է ընդհանուր թիմի մոտեցումներին, պատկերացումներին և շահերին», - ասաց Սահակյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG