Երեկ Դավթաշենում արձանագրված դեպքն ուղղակի վանդալիզմ է, այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն՝ անդրադառնալով նախորդ օրը Դավթաշեն վարչական շրջանում կատարված ապօրինի ծառահատման դեպքին:
«Բոլորիդ է հայտնի ապօրինի ծառահատումների հետ կապված իմ դիրքորոշումը. ցանկացած նման դեպք պետք է օրենքով սահմանված կարգով պատժվի: Իսկ ա՛յս դեպքում ծառահատում իրականացնողները պետք է անպայման հայտնաբերվեն ու ենթարկվեն օրենքով սահմանված ամենախիստ պատժին», - ասել է քաղաքապետը՝ նշելով, որ վարչական տույժի կիրառումն այս դեպքում բավարար չէ, և օրենքն էլ թույլ է տալիս նման դեպքերում քրեական պատասխանատվության ենթարկել օրինախախտներին:
«Ըստ այդմ հանձնարարում եմ աշխատակազմի բնապահպանության վարչությանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին Երևան քաղաքի ոստիկանութան հետ համագործակցված հայտնաբերել մեղավորներին և նյութերը փոխանցել Երևան քաղաքի դատախազությանը՝ համապատասխան ընթացք տալու համար: Բոլորը պետք է իմանան, որ ցանկացած ապօրինի ծառահատում մեր կողմից երբեք չի արդարացվելու», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Մանրամասները քիչ անց