Մատչելիության հղումներ

France-Presse-ը՝ Հայաստանում կառուցվող եզդիների տաճարի մասին


Հայաստանում կառուցվող եզդիների՝ աշխարհում ամենամեծ տաճարը, արխիվ
Հայաստանում կառուցվող եզդիների՝ աշխարհում ամենամեծ տաճարը, արխիվ

Հայաստանում կառուցվում է եզդիների՝ աշխարհում ամենամեծ տաճարը, հաղորդում է France-Presse լրատվական գործակալությունը՝ նշելով, թե այս կրոնական փոքրամասնությունը հույս ունի, որ տաճարը ուժի խորհրդանիշ կդառնա՝ պահպանելու իր եզակի հավատքը:

Յոթ գմբեթներով ճերմակ տաճարը՝ գրանիտից ու մարմարից, կառուցվում է մայրաքաղաք Երևանից 35 կիլոմետր հեռու գտնվող՝ եզդիներով բնակեցված Ակնալիճ փոքրիկ գյուղում: 25 մետր բարձրություն ունեցող տաճարում մեծ աղոթասրահ է լինելու, կրոնական դպրոց և թանգարան: Յոթ գմբեթները խորհրդանշում են եզդիների հավատքի յոթ սրբերին. նրանք մեկ Աստծու են հավատում, ով ստեղծել է աշխարհը, և յոթ սրբերի:

Տաճարի կառուցումը ֆինանսավորում է Մոսկվայում բնակվող ազգությամբ եզդի գործարար Միրզա Սլոյանը, ով ծնվել է Հայաստանում:

Աշխարհի մեկուկես միլիոն եզդիների ամենամեծ համայնքը Իրաքում է, բայց այնտեղ նրանք երկար ժամանակ ենթարկվում են ճնշումների և բռնությունների: Դեռ Սադամ Հուսեյնի տիրապետության օրոք հազարավոր եզդիներ փախել են Իրաքից: Իսկ 2014 թվականի ամռանը «Իսլամական պետության» ջիհադիստները, Իրաքի հյուսիսում գրավելով եզդիների կենտրոն Սինջարը, բազմաթիվ մարդկանց սպանեցին և ենթարկեցին խոշտանգումների: ՄԱԿ-ը այդ վայրագությունները բնորոշել է ցեղասպանություն:

«Մենք ահավոր կորուստներ ունեցանք Սինջարում և շատ ընկճված էինք, բայց այս տաճարը մեզ վերածննդի հույս է տալիս», - France-Presse-ին ասել է Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Հասան Հասանյանը: «Եթե մենք կարողանում ենք այսպիսի հրաշալի տաճար կառուցել, նշանակում է՝ եզդիները դիմացել են, նրանք չեն հանձնվել», - շեշտել է նա:

France-Presse-ը նշում է, որ եզդիները Հայաստանի ազգային փոքրամասնություններից մեկն է, նրանք ինտեգրվել են հայկական հասարակությունում, կրոնական ազատություններ, իրենց լեզվով տպագրվող թերթ և դասագրքեր ունեն: Սակայն աղքատության մեծ չափերն ու գործազրկությունը նրանց ևս ստիպում են աշխատանք փնտրելու համար արտագաղթել Եվրոպա, Ռուսաստան կամ Միացյալ Նահանգներ:

«Ես հույս ունեմ, որ նոր տաճարը առիթ կդառնա Եվրոպայում ապրող երեխաներիս Ակնալիճ վերադարձի համար, հիշեցնելու նրանց, որ իրենք եզդի են», - ասել է Ակնալիճում բնակվող Միշա Դավրշյանը:

Շեշխ Հասան Հասանյանը նշել է, որ եզդիները պետականություն չունեն և եթե դադարեն պաշտպանել իրենց ավանդույթները, ապա ուծացումը, ինքնության կորուստը անխուսափելի կլինի: Նա հույս է հայտնել, որ Հայաստանում կառուցվող տաճարը աշխարհի բոլոր եզդիների ուխտագնացության վայր կդառնա:

«Եզդիական հին աղոթք կա, որտեղ մենք Աստծուն խնդրում ենք խաղաղություն և երջանկություն տալ աշխարհի մյուս ժողովուրդներին, իսկ հետո՝ մեր բազմաչարչար ժողովրդին: Սա այն է, ինչը մենք կաղոթենք նոր տաճարում», - France-Presse-ին ասել է Հասան Հասանյանը և հավելել՝ ակնկալում է, որ տաճարը կբացվի այս տարվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG